HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

86 գործ, որոնցով դատավոր Իշխան Բարսեղյանը հրապարակային վճիռ է կայացրել, վերաբաշխվել են այլ դատավորների

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը մինչև  անազատության մեջ հայտնվելն ու լիազորությունների կասեցումը 86 գործով վճիռ է կայացրել, որոնք սակայն, կողմերին չեն տրամադրվել:  Խնդիրն այն է, որ վճիռները գրավոր տեսքով կազմված չեն եղել կամ չեն եղել Իշխան Բարսեղյանի կողմից կնքված և/ կամ ստորագրված:

Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո մեկուկես տարի  այս խնդիրը չի լուծվել, և վերջերս դատական համակարգը «գտել է լուծում»` գործերը վերաբաշխելով այն դատավորների:

Այս հանգամանքը, ինչպես և ենթադրվում է, դժգոհությունների առիթ է դարձել:

Փաստաբան  Հայկ Եգանյանը նմանատիպ գործերից մեկով իրականացրել է քաղաքացիներ Մարգարիտ և Զարուհի Նաջարյանների շահերը:

Բնակարանի սեփականության իրավունքի հարցով առաջացած վեճը դատավոր Իշխան Բարսեղյանը լուծել է Նաջարյանների օգտնին: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հրապարակային դատական նիստին բավարարել է Նաջարյանների հայցն ու ճանաչել վերջիններիս սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ, ապա հոկտեմբերի 27-ին դատավորը ձերբակալվել է՝ ըստ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության`կաշառք ստանալու պահին:

Նշենք, որ Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործը դեռևս դատարանում է, վերջինիս լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ Բարսեղյանը շարունակում է համարվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ աշխատում էր Իշխան Բարսեղյանը, դարձել է քրեական գործերով դատարան: Ուստի Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ՝ Շենգավիթի քաղաքացիական գործերով դատավոր Իշխան Բարսեղյանը տեղափոխվել է Քանաքեռի քաղաքացիական դատարան:

Հայկ Եգանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Իշխան Բարսեղյանի կողմից  կայացված վճիռը տևական ժամանակ չստանալուց հետո բազմաթիվ դիմումներ են հասցեագրվել  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

«Մեր դիմումներին ի պատասխան հայտնել են, որ  ստեղծվել է հանձնաժողով՝ Իշխան Բարսեղյանի վարույթում գտնվող գործերը  հաշվառելու և դրանք այլ դատարանի վարույթ վերաբաշխելու համար: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 21-ին Ռոզա Մարգարյանը՝ Նաջարյանի լիազորված անձն  է դիմել Շենգավիթի դատարանի նախագահին, դարձյալ պատասխան է ստացվել, որ հրապարակային դատական ակտը ստորագրված և կնքված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Եգանյանը:

Վերջինս նշեց, որ խնդրի առնչությամբ դիմել են նաև Փաստաբանների պալատ, և պալատից ևս դիմում է հասցեագրվել դատարան:  Ի պատասխան ՓՊ նախագահի կողմից դատարան ուղարկված գրության էլ հայտնել են, որ վճիռը գրված չէ:

Այսպիսով`կողմերը զրկվել են իրենց վերաբերյալ կայացված դատական ակտին ծանոթանալու, իրենց իրավունքներն իրացնելու, այն բողոքարկելու հնարավորությունից:

Ի վերջո, փաստորեն, խնդիրը լուծվել է  գործերն այլ դատավորների վերաբաշխելով: Այսինքն՝ ստացվում է, որ  թեև գործով առկա է հրապարակային դատական ակտ, մեկ այլ դատարան պետք է նորից քննի գործն ու կայացնի վճիռ:

Հայկ Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման որոշում կայացնելու իրավական հիմնավորում չկա: Փաստաբանը կարծում է, որ այստեղ իրավական առումով բաց կա. օրենսդիրը մարդկային ֆակտորը հաշվի չի առել:

«Հաշվի չի առնվել հանգամանքը, որ դատավորը կարող է, օրինակ վճիռ կայացնել, և մահանալ՝ չհասցնելով այն գրել, ստորագրել և կնքել, բայց   ենթադրվում է, որ վճիռ կայացնելով ու այն հրապարակելով՝ վճիռն արդեն պատրաստ է»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Եգանյանը:

Իրավական բացը, սակայն, ի վնաս քաղաքացու չի կարող  մեկնաբանվել:

Փաստաբան Եգանյանը գտնում է, որ, որ անկախ հանգամանքներից`Իշխան Բարսեղյանի կողմից փաստացի կայացված վճիռը պետք է կողմերին տրամադրվի:

«Այն օրը, երբ վճիռը հրապարակվել է, Իշխան Բարսեղյանը եղե՞լ է դատավոր. եղել է: Ինքը չէր կարող որևէ փաստաթուղթ կնքել և ստորագրել  այն պահից, երբ լիազորություննները դադարեցված կլինեին»,- ասում է Հայկ Եգանյանն ու հիշեցնում, որ Բարսեղյանի լիազորությունները դադարեցված չեն:

Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ առ այսօր որևէ իրավասու մարմնից պարզաբանում չի ստացել, թե ինչ հիմքով է իր վստահորդների գործը վերաբաշխվել այլ դատավորի:

«Ես պահանջում եմ  հրապարակված վճիռը՝ թղթային տեսքով:  Իսկ ի՞նչ է լինելու այն դեպքում, եթե, ենթադրենք` գործով նոր  դատավորը կայացնի այլ վճիռ, քան կայացրել է Իշխան Բրասեղյանը»,- հարց է բարձրանում Հայկ Եգայանը:

Նշենք, որ խնդրի վերաբերյալ հարցում էինք ուղարկել Դատական դեպարտամենտ, և ի պատասխան մեր հարցման հայտնել են, թե Իշխան Բարսեղյանի վարույթում գտնվող գործերը վերաբաշխվել են դատվորի լիազորությունները կասեցված լինելու հիմքով:

Դատավոր Իշխան Բարսեղյանի վարույթում ձերբակալման պահին եղել է 1301 գործ, և,  ըստ էության, ստացվում է, որ այս բոլոր գործերը նույն սկզբունքով են վերաբաշխվել՝ անկախ նրանից, որ դատավորը դրանցից 86-ով արդեն իսկ կայացրած է եղել հրապարակային վճիռ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter