ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Աշտարակի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել ավագանու անդամի ընկերության հետ



Աշտարակի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել Աշտարակի ավագանու անդամ Հայկ Վարդանյանի ընկերության հետ։ Քաղաքապետարանը ավագանու անդամի «Էփրան» ընկերության հետ պայմանագրեր սկսել է կնքել դրա հիմնադրումից մեկ ամիս անց։

«Էփրան» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա փետրվարի 8-ին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության միակ սեփականատերը Հայկ Վարդանյանն է։

Ընկերությունը գրանցված է Վարդանյանի բնակության հասցեում՝ Աշտարակի քաղաքի Արցախի փողոցի տներից մեկում։ Հայկ Վարդանյանը հանդիսանում է նաև ընկերության տնօրենը, այդ է վկայում ընկերության հետ կնքված պայմանագրում որպես տնօրեն նրա անվանման առակայությունը։

Ընկերությունը քաղաքապետարանի հետ վերջին պայմանագիրը կնքել է մայիսին։  Այդ պայմանագրով քաղաքապետարանը ավագանու անդամի ընկերությունից 1,9 միլիոն դրամով կամ մոտ 4 հազար դոլարով մեկ սահարան է գնել։

Պայմանագրի փոխանցմամբ՝ չինական արտադրության այդ սահարանը բազմաֆունկցիոնալ դիզայնով մոդուլային հավաքածու է։ Այն ունի 1 խողովակաձև սահաբլրակ, մեկ այլ երկտեղանի սահաբլրակ, հասանելիության սանդուղք և տանիքածածկ հարթակ։ 1,9 միլիոն դրամ արժողությամբ այդ սահարանը ըստ պայմանագրի այսպիսի տեսք ունի՝

լուսանկարը՝ Աշտարակի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-յան էջից

Ապրիլ ամսին քաղաքապետարանի հետ կնքված մեկ այլ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է մինչ մայիսի 20 քաղաքապետարանին մատակարարել 2,5 միլիոն դրամ արժողությամբ շինանյութ՝ ցեմենտ, ավազ, պեմզաբլոկ։

Իսկ ապրիլի 7-ին Հայկ Վարդանյանին պատկանող ընկերությունը քաղաքապետարանի հետ կնքել է իր առաջին պայմանագիրը։ 85 000 դրամ պայմանագրով ընկերությունը պետք է տրամադրեր Աշտարակ քաղաքի մուտքի բարեկարգման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային աշխատանքների և փորձաքննության եզրակացություն։

Հայկ Վարդանյանը ավագանու անդամ է ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ի ընտրություններով։ Աշտարակի քաղաքապետարանի պաշտոնական կայքի տվյալներով՝ Վարդանյանը ընդամենը երեք անգամ է բացակայել ավագանու նիստերից, իսկ ներկա գտնված նիստերին կողմ է քվեարկել ներկայացված բոլոր որոշման նախագծերին։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Աշտարակի համայնքապետարան11:43 - 24 հուլիսի, 2018
«Հետք» կայքում 21.07.2018թ.-ին Դիանա Ղազարյանի կողմից ներկայացված «Աշտարակի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել ավագանու անդամի ընկերության հետ» հրապարակման մեջ անդրադարձել է Աշտարակի քաղաքապետարանի և ավագանու անդամ Հայկ Վարդանյանի «Էփրան» ընկերության հետ կնքված պայմանագրերին և որոշակի հարցեր բարձրացրել: Տեղեկացնում ենք, որ համայնքապետարանի կողմից հայտարարված ՀՀԱՄԱՇՏ-ԳՀԱՊՁԲ-18/7, ՀՀԱՄԱՇՏ-ԳՀԱՊՁԲ-18/5, ՀՀԱՄԱՇՏ-ԳՀԱՊՁԲ-18/2 գնանշման հարցման ընթացակարգերն իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն: Երեք մրցույթներն էլ հայտարարվել են էլեկտրոնային գնման ձևով, որոնք հրապարակվել են armeps.am և gnumner.am կայքերում: Մրցույթների վերաբերյալ արձանագրությունները նույնպես տեղադրված են վերը նշված համակարգերում: Աշտարակի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ «Էփրան» ընկերության մասնակցությունը հայտարարված մրցույթներին չի հակասում ՀՀ գնումների մասին ընթացակարգերին և այլ իրավական ակտերին: Աշտարակի համայնքապետարան
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ