HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գինեկոլոգը՝ հղիության ընդհատման և հետևանքների մասին․ «Հաղթանակ եմ համարում, եթե կարողանում եմ ինչ-որ կնոջ հետ պահել դրանից»

Վերջերս «Հետք»-ի ընթերցողներից հաճախ էին դիմում՝ խնդրելով պարզաբանել մեր նախկին հրապարակումներում եղած մի շարք հարցեր՝ հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ։

Թեմայից խոսել ենք «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ, բ․գ․թ․ Պավել Սոցկու հետ։

 

Ինչպե՞ս և մինչև ո՞ր ժամկետն է թույլատրելի հղիության ընդհատումը

Հղիության՝ ըստ ցանկության ընդհատումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է մինչև 12 շաբաթական ժամկետում։

Այսօր գոյություն ունեն հղիության ընդհատման երկու տարբերակ․ մեկը՝ դեղորայքի միջոցով, մյուսը, այսպես ասած, վակումային տարբերակը՝ ասպիրացիան, երբ մաքրում են արգանդի խոռոչը և հեռացնում պտոււղը։

Փոքր ժամկետներում՝ մինչև 8 շաբաթական հղիության դեպքում, ավելի նախընտրելի է դեղորայքային տարբերակը, չնայած, ասենք, Ռուսաստանի Դաշնությունում դա թույլատրվում է մինչև 6 շաբաթական ժամկետում։ Դրանից հետո՝ մինչև 12 շաբաթականը, արդեն վակումային տարբերակը։

Այդ ժամկետից (12 շաբաթական) հետո պտուղը կարելի է հեռացնել միայն՝ ըստ բժշկական ցուցման։ Այսինքն՝ արատների, կնոջ առողջությանը սպառնալու, սոցիալական ծանր իրավիճակների դեպքում և այլն։

Եթե դիտարկենք կնոջ առողջության տեսանկյունից, ո՞ր տարբերակն է ավելի նախընտրելի։ Կա՞ն ինչ-որ մեթոդներ, որոնք ավելի անվտագ են համարվում։ 

Բնականաբար, ինչքան հղիության ժամկետը փոքր է, այնքան ավելի թեթև է անցնում հղիության ընդհատումը։ Ըստ ֆրանիական մեծ հետազոտության՝ դեղորայքային մեթոդով հղիության ընդհատումն ունի մոտ 96% էֆեկտիվություն ու ավելի քիչ վնաս է հասցնում կնոջ օրգանիզմին, քան վակումային տարբերակը, չնայած սա մի քիչ անհատական հարց է՝ պայմանավորված տարբեր գործոններով։

Հղիության ընդհատումը միշտ էլ որոշակի ռիսկեր ունի․ կարող է առաջացնել անպտղություն, ներարգանդային կպումներ, տարբեր խնդիրներ ու բարդություններ։

Մեր ընթերցողները մեկնաբանություններում հղիության ընդհատման համար իրենց օգտագործած երկու դեղի անուն էին հաճախ նշում՝ «Միֆեպրիստոն» և «Սայտոտեկ»։ Ի՞նչ կասեք դրանց մասին։

«Միֆեպրիստոն»-ը կիրառվում է և մինչև այսօր համարվում է ժամանակակից դեղերից մեկը։ Այն օժտված է անտիպրոգեստերոնային հատկությամբ՝ ընդհատում է հղիությունը։ Մյուս փուլով նշանակվում է «Միզապրաստոլ», որը նույն «Սայտոտեկ»-ի ազդող նյութի անունով դեղ է։

Գրագետ և ճիշտ ընդհատումը երկու դեղի համատեղ կիրառումն է։ Չնայած, հնարավոր է նաև ընդհատել հղիությունը միայն «Միզապրաստոլ»-ի օգնությամբ, այսինքն՝ «Սայտոտեկ»-ի։

Ընթերցողները նշում էին, որ տան պայմաններում են կիրառել այդ դեղերը։ Դա թույլատրելի՞ է։  

Տան պայմաններում կիրառելը շատ կոպիտ սխալ է և շատ վտանգավոր է, քանի որ լի է տարբեր բարդություններով՝ սկսած արյունահոսությունից, վերջացրած՝ հետագայում ի հայտ եկող անպտղության խնդրից․ դա պետք է արվի բժշկի և սոնոգրաֆիայի հսկողությամբ։

Մենք պետք է տեսնենք՝ արգանդի խոռոչն ինչպես է դատարկվել, կտոր մնացել է, թե ոչ։ Հնարավոր է, որ զուգահեռ այլ բարդություններ առաջանան՝ բորբոքումների և ինֆեկցիաների հետ կապված։ Ինքնուրույն անելը դա ռիսկ է։

Այիսնքն՝ կարող ենք ասել, որ չի կարելի ինքնուրույն դեղ գնել և ընդհատել հղիությունը։ Եվ չկան անվտանգ դեղեր, որոնք կարելի է օգտագործել՝ առանց բժիշկի նշանակման։

Ո՛չ։ Պացիենտի հետ հանդիպելիս բժիշկը գնահատում է տվյալ կնոջ առողջական վիճակը, հղիության ժամկետը, կատարում է սոնոգրաֆիա։ Կինը, երբ ինքնութրույն խմում է դեղերը, չգիտի նույնիսկ՝ հղիությունն արգանդու՞մ է, թե արգանդից դուրս, ի՞նչ ժամկետ է։ Կարող է դա 10 շաբաթական հղիություն է միայն իր հաշվարկներով։ Եվ ինքը խմի, էֆեկտ չլինի կամ սկսվի առատ արնահոսություն, որն արդեն պահանջում է բժշկական միջամտություն։

Կա՞ որևէ վիճակագրություն, թե Հայաստանում ովքեր են ավելի շատ կատարում հղիության արհեստական ընդհատում։

Ցավոք, չեմ կարող ներկայացնել ինչ-որ վիճակագրություն, սակայն կարող եմ ասել, որ հիմնականում դիմում են 19-20 տարեկանից սկսած՝ մինչև 30 տարեկան։

Իսկ ձեր աշխատանքային պրակտիկայում հղիության ընդհատումն ավելի շատ պայմանավորված է եղել կնո՞ջ առողջական գործոնով, թե այլ պատճառներով։

Հիմնական պատճառը անցանկալի հղիությունն է երիտասարդների մոտ, ովքեր ապրում են սեռական կյանքով, բայց ամուսնացած չեն, պարզ չէ իրենց ապագան՝ կլինեն այդ մարդու հետ, թե ոչ։ Ամենամեծ տոկոսն այդ դեպքերն են կազմում։

Եթե տեղի է ունեցել վիժում, էդ դեպքում կինն առաջինը ի՞նչ պետք է անի։

Անպայման դիմի գինեկոլոգի և ընդհանուր ստուգում անցնի, նաև՝ սոնոգրաֆիա։ Հակսանանք՝ ինչ փուլում է, կարիք կա՞ միջամտելու, դեղորայքային միջո՞ց պետք է կիրառվի կամ վակումային տարբերակ արվի, թե պետք է սպասել մինչև վիժումն ավարտվի, և ինքնուրույն մաքրվի արգանդի խոռոչը։

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հղիության ընդհատումը կնոջ համար՝ թե՛ առողջական և թե հոգեբանական տեսանկյունից։

Նախ և առաջ, կնոջ համար դա միշտ համարվում է սթրես, հոգեբանորեն՝ միշտ երեխայից ազատվելու կամուկացի հարց կա՝ թողնեմ, չթողնեմ, ճիշտ է դա, թե սխալ։ Այդ պատճառով հղիության ընդհատումից առաջ միշտ խորհուրդ է տրվում ևս մեկ անգամ հարցնել պացիենտին, գուցե հակառակը համոզել, ժամանակ տալ հղիին, որպեսզի նա մտածի ընդհատման մասին։

Այս առումով՝ հետագայում կարող է առաջանալ նաև ավելի ծանր հետևանք՝ դեպրեսիա։

Բժշկական տեսանկյունից՝ ամենամեծ բարդությունն անպտղությունն է, որը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ կպումների առաջացումով, բորբոքումներով, հորմոնալ համակարգի խանգարումներով, էնդոմետրիտով և այլն։

Ձեր պրակտիկայում հաճա՞խ են եղել դեպքեր, երբ կանայք մտքափոխվել են, չեն ընդհատել հղիությունը։

Այո՛, այո՛, հաճախ է եղել։ Ես դա միշտ հաղթանակ եմ համարում, եթե կարողանում եմ ինչ-որ մի կնոջ հետ պահել դրանից, գուցե՝ ապացուցել, որ դա սխալ քայլ է։ Հիմնականում դրանից հետո վերադարձել են ու շնորհակալություն են հայտնել, որ այդ երեխան փրկվել է։ Միշտ պետք է փորձել զրուցել ու շեղել հղիության ընդհատման ճանապարհից։

Երբեք ոչ մեկ դրանից հետո չի վերադառնա և ասի՝ երեխան ծնվել է Ձեր պատճառով։ Բոլոր գոհ ու երջանիկ են լինում։

Կա էսպիսի տարածված կարծիք, որ առաջին հղիության ընդհատումը կնոջ համար ամենավտանգավորն է, քանի որ առաջինից հետո անպտղություն ունենալու հավանականությունը մեծ է։ Արդյոք սա ճի՞շտ է, թե միֆ է։

Դա մի քիչ միֆ է, քանի որ հղիության ընդհատումն ինքը միշտ էլ ռիսկային է՝ առաջինը լինի, երկրորդը, թե երրորդը։ Շատ կարևոր է՝ ինչպես է անցնում այդ գործընթացը։ Եթե ամեն ինչ հարթ է անցնում, բարդություններ չեն առաջանում, այդ դեպքում, որպես կանոն, որևէ խնդիր չի առաջանում, չնայած դարձյալ հեռակա ռիսկեր կան։

Անցանկալի հղիությունից խուսափելու ի՞նչ արդյունավետ տարբերակներ կասեք։

Կլասիկ մեթոդներից մեկը բոլորին հայտնի պահպանակն է, որից հետո՝ հակաբեղմնավորիչ մոմիկներն են։ Ցավոք, Հայաստանում, ինչքանով որ ես տեղյակ եմ, գրանցված է ընդամենը մեկ հակաբեղմնավորիչ մոմիկ` «Ֆարմատեքս» մոմիկները, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել սեռական հարաբերությունից 10 րոպե առաջ։ Սա շատ էֆեկտիվ մեթոդ է։

Դրանից հետո գալիս է ներարգանդային պարույրը, որը թեև կարելի է տեղադրել՝ թե՛ ծնդաբերած և թե չծննդաբերած կանանց, սակայն ավելի նպատակահարմար է՝ ծննդաբերած կանանց։ Հաջորդը հորմոնալ հաբերն են, որոնք նույնպես էֆեկտիվ են։

 

գլխավոր լուսանկարը՝ sotskiy.am կայքից

Մեկնաբանություններ (10)

Վարդուհի
Բարև ձեզ,ունեմ 5 շաբաթական հղիություն,կկ մայրիկ եմ,սայտոտեկ խմելուց հետո քանի՞ օր չպետք է կերակրեմ փոքրիկիս
Աննա
5 ամսվա մեջ 2 չզարգացող հղիություն եմ ունեցել որը դեղորայքով հեռացվել է։Եչբ է կարելի կրլկին հղիանալ։
Աննա
Ես հաշվանդամ եմ եպիլեպսյա ռւնռւմ ես չեմ իմացել հղիացել եմ ռւ 26 շավատական ա ռւ իմ առռխջռւտյան վնաս ա չեն ընդատի
Ն.Հարությունյան
կարող է հղիության դեղորայքային ընդհատումից հետո դաշտանը ուշանալ.որքան ժամանակ հետո է վերականգնվում դաշտանային ցիկլը??նշեմ որ մոտ 2ամիս է ցիկլը չի սկսում ընդհացքում եղել են քսվող շականակագույն մի փոքր լորձանման արյունոտ արտադրություններ.միգուցե ընդհատող հորմոնալ դեղից հորմոնային խանգարում է մոտս??
Արփինե
Բարև ձեզ կասեք հղիության ընդհատման արժեքը ,ես ունեմ 2 բալիկ ու ծննդաբերելուց հետո ինձ մոտ եղել է արունահոսություն
Ալլա
Բարև Ձեզ մեկ հարց եղել է որ դեղորայքին ընդտում կատարել են բայց հղիությունը չի ընդատվել?
Նարինե
Բարև ձեզ ասացեք խնդրում եմ ունեմ երկու երեխա ուզում եմ երորդ երեխան ունենալ մոտս վիժում է եղել արդեն անցելա մեկ տարի ու դեռ չեմ հղիանում նորմալ ամեն ամիս դաշտային է լինում
Մարգարիտ
Բարև Ձեզ ես Մարգարիտ Բաղրամյան եմ ուզում եմ իմանալ վիժումից հետո հնարավոր է իմանալ հղիության ժամանակը այսինքն երբ եմ հղիացել։ Նախապես շնորհակալություն։
Լուսինե
30 տարեկան եմ , 4 օր առաջ իմ մոտ տեղի է ունեցել առաջին հղիության վիժում, հեմատոմ ունենալու հետևանքով։ Անհրաժեշտություն է եղել բժշկական միջամտություն (аборт) Խնդրում եմ կասեք հնարավոր է կրկին հղիանալ՞։ Եվ որքանով է ճիշտ ,որ արաջին աբորտից հետո հղիանալու հավանականությունը անհնար։
Աննա
18_20 շաբաթական հղիությունը կարելի է դադարեցնել լավ չեմ զգում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter