Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ոստիկանությունը 1 մլրդ 590 մլն դրամի պայմանագիր է կնքել մեկ աշխատակից ունեցող ընկերության հետ



Ոստիկանությունը Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման, ճանապարհային գծանշումների իրականացման, ինչպես նաև լուսաազդանշանների պահպանման ծառայությունների համար այս տարվա մայիս-հունիս ամիսներին 1 մլրդ 590 մլն դրամ արժեքով 3 պայմանագիր է կնքել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի հետ:

«Ուկռինվեստ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2017թ. փետրվարի վերջին: Ընկերության միակ բաժնետերը Ուկրաինայի քաղաքացի Անդրանիկ Տարտիկյանն է: Վերջինս բիզնես գործունեություն է ծավալում հիմնականում Ուկրաինայում: 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն հիմնադրման օրվանից ցույց է տվել մեկ աշխատակից այն էլ միայն այս տարվա մայիս ամսին և նրա համար հիմնադրամ վճարել 1000 դրամ:

Ինչպես արդեն նշել ենք, երեք պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 մլրդ 590 մլն դրամ: Սակայն, առկա ֆինանսական միջոցներով մատուցվելու է 786 մլն 256 հազար դրամ արժողության ծառայություններ, իսկ մնացածը, երբ գումար հատկացվի:

Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման ծառայությունների մատուցման պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է առավելագույնը 99 մլն 874 հազար դրամ: Սակայն, առկա ֆինանսական միջոցներով մատուցվելու է 38 մլն 541 հազար դրամի շրջանակներում ծառայություններ: Գումարի մնացած մասի՝ 61 մլն 333 հազար դրամի աշխատանքները կկատարվեն ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում՝ կողմերի միջև լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով:

Նշենք, որ վերը նշված ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է այս տարվա հունիսի 13-ին:

Պայմանագրով հստակեցված չէ, թե 38 մլն 541 հազար դրամի շրջանակներում քանի հատ ինչպիսի ճանապարհային նշան պետք է տեղադրվի մայրաքաղաքում: Կողմերն այն թողել են ոստիկանության հայեցողությանը: Օրինակ՝ պայմանագրի շրջանակներում ընդհանուրը պետք է պատրաստվի և տեղադրվի 1200 հատ ճանապարհային նշանի կանգնակ: Յուրաքանչյուր կանգնակի արժեքը կազմում է 13,500 դրամ:

Եռանկյունի ճանապարհային նշանի պատրաստման և տեղադրման համար հատկացվել է 10 մլն 800 հազար դրամ: Միավորի արժեքը 18 000 դրամ է, պատրաստվելու է 600 հատ: Հատը 90 000 դրամով պատրաստվելու և տեղադրվելու է կանգառանշան: Ընդհանուր գումարը կազմում է 7 մլն 200 հազար դրամ, պատրաստվելու և տեղադրվելու է 80 հատ: Նշանը պատրաստվելու է ցինկապատ թիթեղից, բարձր լուսային ինտենսիվություն ունեցող լույսանդրադարձնող փայլաթերթից:

Ոստիկանության պատվերով պատրաստվելու և տեղադրվելու են նաև «Տաքսի» ճանապարհային նշան, որի միավորի արժեքը 20 000 դրամ է: Այդ նպատակով հատկացվել է 1 մլն 200 դրամ, պատրաստվելու է 60 հատ: 39 մլն դրամ է նախատեսվել կլոր և քառակուսի ճանապարհային նշանների պատրաստման և տեղադրման համար: Միավորի արժեքը կազմում է 19 500 դրամ:

Այլ նշանների պատրաստման և տեղադրման մասին ևս նշված է պայմանագրում:

Պետական գնումների կենտրոնացված համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն, բացի ոստիկանությունից որևէ այլ գերատեսչություն, պետական հիմնարկ պայմանագիրեր չի կնքել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի հետ: Այնպիսի տպավորություն է, որ ընկերությունը ստեղծված է միայն ոստիկանությանը ծառայություններ մատուցելու համար: Նմանատիպ ծառայությունների պայմանագրեր չգտանք գնումների համակարգում:

Չի բացառվում, որ այս «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր  է կնքվել մեկ այլ ընկերություն քողարկելու նպատակով: Հնարավոր է «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն չունենալով համապատասխան աշխատուժ նույ նծառայությունների մատուցման համար պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության կամ անհատների հետ: Արդյունքում ծառայությունը մատուցում է բոլորովին այլ ընկերություն կամ անձանց խումբ, իսկ հրապարակային երևում է «Ուկռինվեստ» ընկերությունը։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքում ճանապարհային գծանշումների իրականացման ծառայություններին, ապա ոստիկանությունը ծառայություններ մատուցելու պայմանագիրը «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի հետ կնքել է մայիսի 31-ին: Պայմանագրով կատարվող ծառայությունների առավեագույն գինը կազմել է մոտ 1 մլրդ 45 մլն դրամ, սակայն առկա ֆինանսական միջոցներով մատուցվելու է 429 մլն 644 հազար դրամի ծառայություններ:

Հաջորդ խոշոր պայմանագիրը ոստիկանությունը նշված ՍՊԸ-ի հետ կնքել է դարձյալ մայիսի 31-ին՝ Երևան քաղաքի լուսաազդանշանների պահպանման ծառայությունների համար: Պայմանագրով մատուցման ենթակա ծառայությունների առավելագույն գինը կազմել է մոտ մոտ 445 մլն դրամ, սակայն առկա ֆինանսական միջոցներով մատուցվելու է մոտ 318 մլն դրամի ծառայություններ:

Ըստ պայմանագրի` միայն 60 հատ, 1 հատը 920 հազար դրամով իրականացվելու է լուսացուցային օբյեկտների կոորդինացման աշխատանքներ: Փոխվելու է հին համակարգը, անցկացվելու են նոր մալուխներ և այլն:

«Ուկռինվեստի» մասին համացանցում ընդամենը մեկ  տեղեկատվություն կա:

Միակ տեղեկատվությունն այն է, որ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն  և «Միկմետալ» ՓԲԸ-ն ստեղծել են Կոնսորցիում և մասնակցել են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հայտարարած Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման վարկային ծրագրի մրցույթին, որպեսզի իրականացնեն Ճանապարհային նշանների մատակարարման և տեղադրման աշխատանքներ, սակայն հայտը մերժվել է գնահատման և որակավորման չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:

«Միկմետալ» ՓԲԸ-ի 75 % մասնաբաժնի բաժնետերը Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հարությունյանն է: Այդ բաժնեմասը նա հայտարարագրել էր 2017թ․-ին, որպես պատգամավորի թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի իր հայտարարագրում: Չնայած, պետռեգիստրի փաստաթղթերով այդ բաժնեմասը թաքցրած է կիպրոսյան օֆշորում:

http://hetq.am/static/content/haytararagir/2017/vahan-harutyunyan-1.jpg

«Միկմետալ»-ի մնացած 25-ի փայատերը նրա հայրն է՝ Միխաիլ Հարությունյանը: Հիշեցնենք՝ վերջինս ԱԺ պատգամավար, ԴԱՀԿԾ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մորեղբայրն է։ 

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ