HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկատնից պատերազմ, պատերազմից փողոց ու մինչ օրս` առանց անձնագիր (վիդեո)

Իգոր Ղահրամանյանին Նոր տարվա նախաշեմին աշխատանքից ազատել են, որովհետև նա անձնագիր չունի:

«Քանի տարեկան ես» հարցին Իգորը կատակով է ապատասխանում. «25-ից հետո էլ չեմ հաշվել», բայց քիչ անց մոտավոր ասում է՝ երևի 35: Իգորը մանկատան շրջանավարտ է: Դուրս է եկել մանկատնից 1991 թվականին: Տեղավորվել է հանրակացարանում, շուտով զորակոչվել է Հայոց բանակ: Իգորը Արցախյան պատերազմի ժամանակ առաջին գծում է եղել՝ հատուկ նշանակության ջոկատում, նույնիսկ երկու պատվոգիր ունի, բայց դա էլ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համար հիմք չի հանդիսանում, որ Իգորին անձնագիր տան:

«էս երկիրն ինձ անձնագիր չի տալիս, որովհետև չունեմ ծննդական, բայց աչքերս ինչ բացել եմ, Հայաստան եմ տեսել: Ծառայել եմ այս երկրում, էդ դեպքում ինչի՞ չեն տալիս: Ուզածս ի՞նչ է, թղթի մի կտոր, որ ես այսօր աշխատանքս կայուն պահեմ»,- ասում է Իգորը:

Իգորն իր ծնողների և վաղ տարիքի մասին քիչ տեղեկություններ ունի: Միայն գիտի, որ ծնողները Ուկրաինայի հայեր են եղել, ինքն էլ մինչև 5-6 տարեկանն այնտեղ է ապրել: Թե ինչ է տեղի ունեցել ծնողների միջև և ինչպես է հայտնվել մանկատանը, չգիտի, միայն հիշում է իրեն արդեն մանկատանն ապրելիս:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և անձնագիր տալու համար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պահանջում է Իգորի ծննդականը: Իգորը պապի միջոցով նախկինում կարողացել է ծննդական ստանալ, սակայն երբ անօթևան է եղել և փողոցներում գիշերել, կորցրել է: Անձնագրային և վիզաների վարչությունում Իգորին ասել են, որ կարող է իր ծննդականը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան միջոցով կրկին ստանալ, իսկ դեսպանատունն այդ հարցման համար 100 դոլարի սահմաններում պետական վճարներ է պահանջում: Իգորը չի կարողանում վճարել, և անձնագրի հարցը մինչ օրս առկախ է: Հենց անձնագիր չունենալու պատճառով զրկվել է մի շարք աշխատանքներից: Իգորին երեկ Անձնագրային և վիզաների վարչություն են կանչել, բայց ձեռքին 100 դրամ չունի, որ տանից դուրս գա: Իգորն ասում, է, որ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել՝ պահակությունից սկսած մինչև շինարարություն և «էլեկտրիկություն»: Իգորը փայտից քանդակներ է սարքում, արծաթից՝ իրեր: «Ես ամեն ինչ կարող եմ, կյանքի բերումով ամեն ինչ սովորել եմ, միայն թե մի աշխատանք լինի»,- ասում է Իգորը:

Որպես մանկատան շրջանավարտ նրան բնակարանով չեն ապահովել, չնայած «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի շահառու է: Պատերազմից վերադառնալուց հետո փողոցներում է ապրել, գիշերել է որտեղ մի քիչ տաք ու հարմար է եղել: 5 տարի առաջ իր կատարած աշխատանքի դիմաց Իգորին տվել են Թբիլիսյան խճուղում գտնվող հանրակացարանի նախկին շենքի առաջին հարկի փոքր խուցը: Հանրակացարանի «ժեխանոց» կոչված սենյակը Իգորն է նորոգել փոքր-ինչ, կահավորել և իր համար ապրելու կացարան սարքել:

Շուրջ 12 քմ սենյակը ձմռան ցրտերին չի ջեռուցում, որովհետև չի կարողանում վճարել սպառած էլեկտրաէներգիայի գումարը: Սենյակը լուսավորելու համար հարևանի տնից մի գիծ է անցկացրել մինչև կարողանա մարել կուտակված պարտքերը: Հատակի կարպետը մշտապես թաց է, նկուղում խողովակներ են տրաքել, ջրերի խոնավությունը ներթափանցում է սենյակ, իսկ ներս մտնելուց խոնավաության հոտ ես զգում: Սենյակում շարժվելու տեղ չկա, մտնելուն պես պետք է նստես, որ տեղավորվես: Չնայած այս ամենին, Իգորի մոտ գիշերելու են գալիս մանկատան շրջանավարտներ, որոնց համար Իգորը վերմակներ է պահում: Այս պայմանների պատճառով է, որ Իգորը չի կարողանում իր երեխաներին իր տուն բերել: Նա երեք երեխա ունի, որոնք ապրում են կնոջ հետ՝ նրա հայրական տանը: 

Իգորն ամաչում է, որ մանկատան սան է: Նա այդ փաստը միշտ թաքցնում է հատկապես աշխատանքի անցնելու ժամանակ: Սեփական փորձով է համոզվել՝ երբ ասել է մանկատանն է մեծացել, չնչին աշխատավարձով սևագործ աշխատանքների են ընդունել: Իսկ երբ թաքցրել է այդ փաստը, համեմատաբար լավ աշխատանք է գտել: Նա այդ փաստը թաքցրել է նաև այն ժամանակ, երբ օթևան չի ունեցել և կայարաններում է քնել, մուտքերում, երբեմն էլ դրսում: Իսկ երբ քնելու տեղ չի ունեցել, փորձել է միջադեպեր ստեղծել, որպեսզի ոստիկանությունում հայտնվի, այնտեղ գիշերի, որովհետև ոստիկանության խցերն ավելի տաք են, քան բացօթյա նստարանները կամ շենքերի մուտքերը:

 

Մեկնաբանություններ (6)

yan
inchera katarvum hayastanum
Kristi
Inch karevor e inch dzev. Inch vor kerp ognox chka?
Светлана
Я не понимаю, как служить Родине,паспорт не нужен, а дать человеку, который отдал свой долг Родине простой паспорт, проблема? В этой стране правая рука не знает,что делает левая, а левая, что делает правая. Пасорт, это всего навсего бумажка,которая удостоверяет, что ты не животное, а человек. Даже собаки у многих хозяев имеют паспорт. Просто у этой страны нет ХОЗЯИНА.
Vahe-2010
Հազարավոր նման կենսագրությունները գալիս են մեկ անգամ ևս ապացուցելու, որ մեր երկրում իշխանությունը թուրքերի ու կաշառակերների ձեռքերումն է:
Լիանա
...Հետքրքիր է մանկատուն ինչ հիմքեր են ընդունել??? իսկ դպրոց???? զինգրքույկ ունի???
Վահագն
Իգոր Ղահրամանյանին - անհրաժեշտ է դիմել դատարան և որպես իրավաբանական փաստի նշանակություն ունեցող փաստին վերաբերող հատուկ վարույթի գործի արդյունքում ստանալ վճիռ, որով կհաստատվի այն փաստը, որ Իգոր Ղահրամանյանը ծնվել է այսինչ թվականին, այսինչ վայրում և ծնողներն ովքեր են: Սա է ամբողջ խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter