Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հայաստանում 302 բնակավայր գազիֆիկացված չէ (ինֆոգրաֆիկա)


Գրիշա Բալասանյան

Սյունիքը Հայաստանի ամենաքիչ գազիֆիկացված մարզն է: Այստեղ գազ չունի 8 համայնքների 72 բնակավայր, կամ գազիֆիկացված չէ մարզի 54%-ը: Մարզի տարածքով է անցնում Իրան-Հայաստան գազատարը, սակայն Սյունիքում գազիֆիկացումը ցածր տոկոս է կազմում:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գազիֆիկացված չէ 302 բնակավայր կամ համայնք, որը կազմում է ընդհանուրի 30%-ը: Նշվածներից գյուղական բնակավայրեր են 300-ը: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ չգազիֆիկացված 302 բնակավայրերում բնակչության թիվը կազմում է 139,764 մարդ:

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը նշում է, որ հանրապետությունում լայնածավալ գազիֆիկացման աշխատանքներ իրականացվել են խորհրդային տարիներին: Քանի որ բնական գազը Հայաստան մուտք էր գործում հյուսիսից, գազիֆիկացման աշխատանքներն էլ սկսեցին իրականացվել այդ հատվածից: Այդ ժամանակ սնող գազատարը հասավ մարզի միայն Կապան քաղաք: Անկախության տարիներին գազատարը հասել է նաև Քաջարան, Մեղրու տարածաշրջանում այն հասանելի է դարձել Իրան-Հայաստան գազատարի կառուցումից հետո՝ 2015թ.:

Սյունիքի մարզպետի փոխանցմամբ՝ 2016թ. Իրան-Հայաստան համաձայնագրի շրջանակներում, իրանական կողմի միջոցներով` 2 մլն դոլարի չափով, մասնակի գազիֆիկացվել են Մեղրի և Ագարակ քաղաքները: Գազամատակարարումն այդ քաղաքներում և Լեհվազ գյուղում ավարտին հասցնելու համար 250 մլն դրամ է անհրաժեշտ եղել, սակայն Հայաստանի կառավարությունը չի տրամադրել, ինչի հետևանքով մինչ օրս Մեղրի քաղաքում բացի արտադրա-արդյունաբերական ոլորտից, բնակչության համար գազամատակարարում չի իրականացվում:

Ըստ Կարեն Համբարձումյանի՝ մարզում գազիֆիկացման աշխատանքները սկզբում իրականացնում էր գազամատակարար կազմակերպությունը, որի նպատակն էր ընդլայնել սպառման շուկան, իսկ հետագայում այն շարունակվեց պետական բյուջեի միջոցներով և այլ աղբյուրներից՝ ներդրումների միջոցով:

«Այսօրվա դրությամբ, գազի գնի աստիճանական բարձրացմամբ պայմանավորված, գազի սպառման ծավալները կոմունալ-կենցաղային նպատակներով, մեկ բաժանորդի հաշվով կրճատվել են: Կապիտալ ներդրումները, որոնք ուղղվում են գազիֆիկացմանը, ետգնման ժամկետի առումով ձեռնտու չեն, ինչի հետևանքով գրեթե դադարել են գազիֆիկացման աշխատանքները»,-նշում է Կարեն Համբարձումյանը:

Սյունիքում կառավարությունը 2017թ.-ից որոշ քայլեր է կատարել այլընտրանքային էներգիայի աղբյուրներից ջերմային էներգիա ստանալու ուղղությամբ: Մարզի որոշ բնակավայրերում տեղադրվել են արևային ջերմատաքացուցիչներ և ֆոտոգեներատորներ, որոնք էներգիա են արտադրում արևի լույսից: Մարզպետի ասելով՝ հաշվի առնելով, որ այդ սարքերի արտադրությունը կազմակերպվում էր տեղում, տնտեսապես ավելի նպատակահարմար էր, միաժամանակ ապահովում էր էներգետիկ անկախությունը, ինչը պակաս կարևոր չէ շրջափակման մեջ գտնվող երկրի համար:

«Պետության կողմից հովանավորչությունը սարքերի արտադրության և տեղակայման աշխատանքներին 2018թ.-ից դադարեցվել են անհայտ պատճառներով»,-հավելում է մարզպետ Կարեն Համբարձումյանը:

Ֆինանսական սղության պատճառով 2018թ. ընթացքում համայնքների գազիֆիկացման աշխատանքներ նախատեսված չեն նաև Վայոց ձորի մարզում: Այն չգազիֆիկացման ցուցանիշներով հանրապետությունում երկրորդ մարզն է: Վայոց ձորն ունի 8 համայնք` 45 բնակավայրով, որից 27-ը կամ 49%-ը գազիֆիկացված չէ: Հաջորդը Շիրակի մարզն է՝ 43%: Շիրակում գազ չունի 119 բնակավայրից 59-ը:

Մարզպետարանների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ չգազիֆիկացված գրեթե բոլոր համայնքներում այս տարվա համար ներդրումային ծրագրեր չկան: Պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է:

Օրինակ` Լոռու մարզում գազիֆիկացված չէ համայնքների 27%-ը: Մարզպետ Հրանտ Մարգարյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հիմնական պատճառը ֆինանսների բացակայությունն է, համայնքներում առկա տնտեսությունների փոքր թիվն ու այդ տնտեսությունների գազիֆիկացման համար պահանջվող մեծ գումարները՝ մեկ բաժանորդի համար 1,5 մլն դրամ և ավելի: Որոշ բնակավայրերում էլ գազիֆիկացման աշխատանքներ չեն իրականացվում սողանքների պատճառով:

Մարզպետի փոխանցմամբ՝ 2018թ. կառավարություն է ներկայացվել մարզի գազի մատակարարման 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտը: Առաջնահերթությունը տրվել է այն համայնքներին, որտեղ գազիֆիկացումից հետո գազատարը կմոտենա հարակից չգազիֆիկացված համայնքին և բնակավայրերին: Առաջնահերթություն ունեն նաև Լոռու մարզի սահմանամերձ, ինչպես նաև` մեծ բնակչություն ունեցող համայնքները:

Գրեթե նույն պատճառներով գազիֆիկացված չէ Գեղարքունիքի մարզի համայնքների 30%-ը, թեեւ, ըստ մարզպետարանի, չգազիֆիկացված համայնքներում մեծ է գազ սպառելու ցանկություն ունեցող տնտեսությունների թիվը: Օրինակ` Ավազան, Արեգունի համայնքներում նման ցանկություն ունի բնակչության 94%-ը, Տրետուքում, Արփունքում՝ 93%-ը և այլն:

Արմավիրի մարզը հանրապետությունում ամենագազիֆիկացվածն է: Գազ չունի մարզի 97 համայնքներից 9-ը՝ Հայկաշեն, Արաքս, Լեռնամերձ, Երվանդաշատ, Բագարան, Կողբավան, Արտամետ, Արգինա, Մեծամոր գյուղական համայնքները: Գազ չունեն նաև գազիֆիկացված համայնքների որոշ թաղամասեր:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Հետք»-ին ասաց, որ արդեն խոսել է գազամատակարար կազմակերպության ղեկավարների հետ և փորձելու են գլոբալ լուծումներ տալ: Օրինակ` Արմավիր քաղաքի «Չերեմուշկա» կոչվող թաղամասը գազիֆիկացված չէ, և միայն այդ թաղամասի 47 տնտեսությունները գազով ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 100 մլն դրամ:

«Այդ ժամանակ չես կարողանում քո իրավական լծակներն օգտագործել, քանի որ ծախսերը շատ են: Իհարկե, դեռ պետք է հասկանալ` իրականում գինն այդքան է, թե ոչ» ,-ասաց Գագիկ Միրիջանյանը:

Նույն մարզի Լեռնամերձ համայնքը ևս գազիֆիկացված չէ: 2017թ. մարտ ամսից համայնքն անցել է արևային էներգիայի օգտագործման։ Լեռնամերձը հիմնադրվել է 1924 թվականին և երբեք գազամատակարարում չի ունեցել։ Նախորդ տարվա հունվար ամսին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է գյուղ, և լեռնամերձցիները կրկին հիշեցրել են գյուղը գազիֆիկացնելու անհրաժեշտության մասին։ Կառավարությունում քննարկվել են գազիֆիկացմանն այլընտրանք գտնելու տարբերակները, քանի որ գազիֆիկացման համար խոշոր գումարներ էին անհրաժեշտ, և որոշվել է տեղադրել արևային էներգիայով կայաններ։

Արագածոտնի մարզպետարանից նմանատիպ լուծում են առաջարկել իրենց մարզի համայնքապետերին: Այստեղ 72 համայնքներից 33-ը գազիֆիկացված չէ, իսկ գազիֆիկացված համայքներում առկա է 18 չգազիֆիկացված բնակավայր, ամբողջ մարզում` 43%:

Գազիֆիկացման հարցը որեւէ կերպ չի լուծվում Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Խորհրդային տարիներին գազի գլխավոր խողովակները հասցրել են համայնք, սակայն դրանով  սահմանափակվել են, որևէ այլ աշխատանք չի կատարվել: 

«Մարդիկ ցախով ու աթարով են լողանում, ամոթ էլ է, էս որ թիվն է: Մեր գյուղից արտագաղթ չկա, բայց որ այսպես շարունակվի, մարդիկ կգնան: Գոնե կգնան հանգիստ կլողանան: Բաղնիք չունեն, կրակ են անում, չայնիկով լողանում են, սա ինչ վիճակ է: Սուտասան եմ դարձել, անընդհատ ասում եմ` գազ կլինի ու չի լինում, համագյուղացիներս էլ ինձ չեն վստահում»,-ասում է Մեծամոր գյուղական համայնքի ղեկավար Էդվարդ Միրզոյանը:

Գազ չլինելը դժվարություններ է առաջացնում նաև գյուղատնտեսությամբ զբաղվողների համար: Մեծամորում գյուղացիները հիմնականում զբաղվում են ջերմատներում բանջարեղենի մշակությամբ: Ձմռան ամիսներին ջերմատները պարտադիր պետք է ջեռուցել: Միրզոյանի խոսքերով՝ միայն իրենց գյուղը, որն ունի 300 տնտեսություն իր 1400 բնակչով, ամսական 15 մլն դրամի էլեկտրաէներգիա է ծախսում, ինչը «թանկ» հաճույք է:

 «Եթե մեր գյուղը և տարածքում գտնվող Հայկաշեն, Արաքս համայնքները գազիֆիկացնեն, 6 ամսում ներդրումը կհանեն, սպառումը շատ է, ջերմատները շատ են»,-նշում է համայնքապետը:

Չգազիֆիկացված սահմանամերձ Բագարան համայնքը կապիտալ ներդրումների համար ֆինանսական միջոցներ չունի, համայնքային բյուջեն փոքր է: Գազիֆիկացման համար պետական կամ դոնոր կազմակերպությունների ծրագիր է անհրաժեշտ, քանի որ խոշոր գումարներ են անհրաժեշտ:

«Այս թեմայով խոսակցություն էլ չկա: Ֆինանս չկա, չեմ կարող ասել: Համայնքը 2006թ. 46 մլն դրամ տվեց գազիֆիկացման համար, տարան մի մասը կերան, մի մասն էլ կիսատ թողեցին, գումարը նպատակին չծառայեց»,- ասում է համայնքապետ Գևորգ Մարգարյանը:

Տարիներ առաջ Արմավիրի մարզի ծայրամասային 4 գյուղերը` Վանանդը, Կողբավանը, Բագարանը և Երվանդաշատը, միասին են սկսել գազիֆիկացման աշխատանքները, սակայն գազը հասել է միայն մեկ գյուղ` Վանանդ: Չորս համայնքապետերը որոշել են գումարը տալ մեկ կազմակերպության՝ «Մանշին» ՍՊԸ-ին: Մեծ տրամագծով մեկ մայր գազատար են բերել մինչև Վանանդ, իսկ այդտեղից արդեն բաժանել մնացյալ երեք գյուղերին: Գումարի 50%-ը փոխանցվել է, աշխատանքները սկսվել են, սակայն գազը հասցրել են մինչեւ Վանանդ:

Մի խումբ անձանց կողմից հանցավոր համաձայնության գալով, խարդախությամբ և կեղծելով փաստաթղթեր` մի շարք համայնքներից առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ կորզելու մեղադրանքով 20.08.2009թ. ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնի Թալինի քննչական խումբը հարուցել էր քրեական գործ:

Ըստ քրեական գործի նյութերի՝ Վ. Մկրտչյանը, 2003-2006թ. ընթացքում աշխատելով որպես «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն, քաջատեղյակ լինելով գազիֆիկացման ընթացքում կատարվող աշխատանքներին, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, 2003-2005թթ. ընթացքում հիմնադրել է «Մանշին» և «Ման-նախ» ՍՊԸ-ները: Ձևականորեն դրանք գրանցել է իր որդու` Երևան քաղաքի բնակիչ Արամ Մկրտչյանի անվամբ և փաստացի իրականացնելով նշված ընկերությունների տնօրենների գործառույթներն ու ղեկավարումը` գազիֆիկացման աշխատանքների վերաբերյալ պայմանագրեր է կնքել Արմավիրի մարզի Վանանդ, Կողբավան, Երվանդաշատ, Բագարան և Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան համայնքների ղեկավարների հետ: Համայնքների ղեկավարները, հավատալով Վ. Մկրտչյանի խոստումներին, «Մանշին» և «Ման-նախ» ՍՊԸ-ների հաշվեհամարներին փոխանցել են ընդհանուր առմամբ 258.944.600 դրամ: Նա ստացված գումարի դիմաց կատարել է ընդամենը 169.757.604 դրամի աշխատանքներ, խարդախությամբ հափշտակել մնացած 88.202.996 դրամ գումարը և այն ծախսել իր անձնական կարիքների համար:

Քարտեզը և ինֆոգրաֆիկան` Հրանտ Գալստյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։