HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քանդակը սեր ու հարգանք է ապրում, եթե ճիշտ տեղում է: Սա է գաղտնիքը»

Քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով 25 տարի բնակվել է Ֆլորենցիայում, այս տարվա մայիսին Առաջին հանրապետության և Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված քանդակի միջազգային սիմպոզիում էր կազմակերպել Ապարանում: Նրան շնորհվել է Ապարանի պատվավոր քաղաքացու կոչում:

Վիգենն ասում է, որ այս անգամ Հայաստան գալը համընկավ հեղափոխության հետ. «Հեղափոխությունը միշտ իմ ներսում է, դա եղել է և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հետո, միշտ ապրում եմ իմ երազած Հայաստանում, շփվում եմ իմ սիրելի մարդկանց հետ, տեսնում եմ ստեղծագործական հոգևոր դաշտ, որ պայմանավորված չէ քաղաքական գործընթացներով»:

Մենք զրուցում էինք երևանյան սրճարաններից մեկի բաց պատշգամբում: Այդտեղից երևում է Աբովյան փողոցը: Հանդիպումը համընկավ Արամ Մանուկյանի արձանի բացման օրվա հետ:

-Չգիտեի, որ այդ հուշարձանն արդեն բացվել է:

-Բացման մասին նախապես հայտարարել էին:

-Դա հայտարարությամբ չէ, ես պետք է սրտատրոփ սպասեի այդ քանդակի բացմանը: Միգուցե գիտեի, բայց մոռացա:

-Իսկ ինչո՞ւ սրտատրոփ չէիք սպասում:

-Այդ հուշարձանը Դաշնակցության թելադրանքն է երևանցուն, իրենց արժեքների պարտադրանքը: Իմ կարծիքով՝ միայն հոգևոր արվեստն իրավունք ունի թելադրելու, իսկ դա քաղաքականացված արվեստ է, քաղաքական հստակ ուղերձներով և իրավունք չունի մտնել մարդկանց կյանք: Դուք կարող եք ստեղծել Արամ Մանուկյանի թանգարան, նրա տունը վերանորոգել, արձանը տեղադրել մուտքի մոտ կամ այդ շենքի մուտքին մի համեստ դիմաքանդակ անել: Իմ մայրաքաղաքը նոր է ազատվել Լենինի հուշարձանից...

-Բայց արձանն արդեն դրվել է, ի՞նչ պիտի արվի:

-Որպես քաղաքացի շատ կուզեի, որ վերականգնվեին գեղեցիկ տուֆե սանդղակները, որոնք մաս էին կազմում Հանրապետության մետրոյի մուտքի, ոչ ոք իրավունք չուներ աղավաղելու այդ մուտքի ճարտարապետական տեսքը:

-Եթե Ձեզ առաջարկեին այդ քանդակն անել, ի՞նչ կանեիք:

-Այդ տեղում ոչինչ չէի դնի, ամենաբարձր վճարի դեպքում էլ կհրաժարվեի իմ քանդակը տեղադրել մի ճարտարապետության մեջ՝ աղավաղելով մյուսի գործը: Եթե իմ քանդակը, արվեստի իմ գործն աղավաղում է մյուսի գործը, բարոյական չէ, բարոյական է հարգելը մյուսի ստեղծածը: Թող այդ արձանը տանեն, դնեն Սարի թաղում կամ որևէ այլ հրապարակում՝ Նորքի զանգվածում, Էրեբունիում, բայց ոչ Երևանի կենտրոնում: Նույնը վերաբերում է Նժդեհի արձանին, այն չէի տեղադրի հրապարակի այդ մասում: Գիտեք, հուշարձանն անկախ քեզնից ստիպում է ձգվել, հարգանքի տուրք մատուցել: Հատկապես հրապարակի մոտ գտնվող տարածքում պետք է լինեին արվեստի գեղեցիկ գործեր, որտեղ մարդիկ ժպտալով կանցնեին, սիրահարները կհամբուրվեին, բայց հիմա պատկերացնո՞ւմ եք՝ երբ հայացքն ընկնում է Նժդեհի կամ Արամ Մանուկյանի արձաններին, ինչ են մտածում՝ վա՜յ, Արամ Մանուկյանը տեսավ, կամ Նժդեհը բարկացավ, մատ թափ տվեց:

-Այսինքն՝ լարվածությո՞ւն են ստեղծում:

-Քանի որ վերջին ժամանակներս Հայաստանը ոստիկանական պետություն է եղել, իրենց պետք էր այդ խիստ մթնոլորտի ցուցադրումը: Հիմա Աբովյան փողոցում ենք, մեզնից քիչ ներքև բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանն է, բայց այդ արձանը բարություն կամ մարդասիրություն չի փոխանցում: Օրինակ, նայեք, մեր դիմաց մեկ այլ արձանախումբ է՝ դուդուկահարներինը: Սրա տեղը ևս Աբովյան փողոցը չէր, չի կարելի քաղաքացիներին բռնաբարել գերեզմանային քանդակներով:

Արամ Մանուկյանի արձանի տեղադրումն այդ վայրում անգամ մշակույթի նախարարությունը, նորաստեղծ կառույցները չկարողացան կասեցնել, բայց տեսեք, որ Դաշնակցությունը կարողացավ այս անգամ էլ հաղթել քաղաքաշինությանը, մշակույթի նախարարությանը: Քանդակն այլ վայրում պետք է տեղադրեին: Քանդակը սեր ու հարգանք է ապրում, եթե ճիշտ տեղում է: Սա է գաղտնիքը:

Իմ հերոսը պետք է լինի այստեղ, որովհետև այդպես եմ ուզում. հասկանո՞ւմ եք՝ սա քաղաքաշինություն չէ, սրանք քմահաճույքներ են, պատվիրատուի քմահաճույքներ, այս դեպքում՝ Դաշնակցության ճնշումները քաղաքային իշխանությունների վրա: Եվ եթե կամք ունեցանք «մերժել Սերժին», ուրեմն պետք է կամք ունենանք վերականգնել քաղաքը: Երկար ժամանակ պայքարում էի նաև «Ծածկած շուկայի» համար, եկեք նաև վերականգնենք «Ծածկած շուկան», որը ճարտարապետական կառույց է:

-Այն արդեն քանդել են, ձևափոխել, ինչպե՞ս պիտի վերականգնվի:

-Իհարկե, հնարավոր է վերականգնել, ով քանդել է, թող նա էլ վերականգնի: Այդ դեպքում հեղափոխություն ինչո՞ւ արվեց, գեներալ Մանվելին ինչո՞ւ են պարտադրում, որ տուշոնկան վերադարձնի, այդ գողությունը տարիներ շարունակ խրախուսվել է, նաև խրախուսվեց «Ծածկած շուկայի» աղավաղումը, եթե սա, իրոք, հեղափոխություն է, եկեք վերականգնենք հայ ժողովրդի բարոյական արժեքները, այս դեպքում եկեք վերականգնենք երևանցիների իրավունքները:

-Ի՞նչ եք առաջարկում՝ ի՞նչ պիտի փոխվի քաղաքում:

-Նախ պետք է բեռնաթափել Երևանը, նոր դրված հուշարձանները հեռացնել կենտրոնից, դժվար բան չէ, մի քիչ ծախս է պահանջում, որը պիտի անեն: Դա նույնն է, ինչ տան դեպքում: Միայն տուն կահավորելով չէ, որ մարդ իրեն լավ է զգում, նաև տան անպետք իրերը դեն նետելով, տունը մաքրելով է լավ զգում: Թող մաքուր թողնեն այդ տարածքները կամ արվեստի գործեր տեղադրեն՝ զգացմունքային, աբստրակտ գործեր:

Քաղաքում շատ բան արդեն փոխվել է, մարդիկ արդեն ազատ են շնչում, բայց նոր իշխանությունները պետք է ականջալուր լինեն մարդկանց: Օրինակ շատ զարմացա, որ «Ելք» դաշինքը բոյկոտեց քաղաքապետի ընտրությունը: Եթե այդ ձևով են շարունակելու աշխատել, ապա կրկնելու են Հանրապետականի նույն աշխատաոճը: Եթե սկսում ենք նոր Երևան, նոր Հայաստան կառուցել, քայլերը պետք է հիմնվեն արժանապատվության վրա, ամեն մի փոքր վրիպակը կարևոր է: Առայժմ հուսադրող մշակույթ չեմ տեսնում, եթե նախկինում գողերն էին, հիմա գողերին բռնողներն են: Այսօրվա հայը, հայաստանցին հազարապատիկ պահանջատեր է, և թող բոլորն իմանան այդ մասին, առաջին հերթին նոր կառավարությունը, որ միայն այդ ֆեյսբուքյան գեղեցիկ շոուներով չէ, քաղաքականությամբ կրթված, հոգեպես ուժեղ երիտասարդ քաղաքացիների հետ գործ ունեն:

-Պայմանական 3 կետ կառանձնացնե՞ք, որոնք կուզեք, որ փոխվեին երկրում:

-Կուզեի վերականգնվեր մասնագիտական ներկայությունը բոլոր բնագավառներում, որպեսզի 100 տոկոսով վստահեի այդ մասնագետին, կուզեի վստահել ամեն մի նշանակմանը: Այսօր վստահություն չունեմ ոչ մի նշանակման հանդեպ, հանգիստ չեմ ոչ մի նշանակման համար: Շատ կուզեի հպարտանալ իմ ամեն մի պետական գործչով, և Հայաստանը պարտավոր է ունենալ նման գործիչներ: Քանի որ Հայաստանը փոքր է, և դժվարությամբ կարելի է թաքցնել մեկը մյուսի բացթողումը: Չեմ ուզում, որ 30 տարեկան աղջիկը, որ երբեք ավիացիայով չի զբաղվել կամ, ասենք, օդանավի տոմսեր է վաճառել, գլխավորի ազատ Հայաստանի այդ ոլորտը, որպես քաղաքացու՝ դա ինձ վիրավորում է: Իմ տպավորությունն է, որ մեր ոլորտները վստահվում են անդեմ, անպատրաստ սուբյեկտների:

Նույնիսկ ոստիկանապետը պետք է պատրաստ լինի կրելու այդ համազգեստը, ես այդպիսի համազգեստ եմ սպասում, և թող չասեն, թե 100 օրը պիտի անցնի: Եթե Օսիպյանը պիտի լինի ոստիկանապետը, տեսել ենք, թե ով է նա, չեմ ուզում, որ նա լինի ոստիկանապետ, նա տարիներ շարունակ իր պահվածքով, իր ուսադիրներով ճնշել է ժողովրդին: Ես իրավունք ունեմ չուզելու:

-Ասում են, որ դեռ 100 օրը չի անցել, որպեսզի գնահատենք աշխատանքի արդյունավետությունը:

-Դա բյուրոկրատական պաշտապանողական միտք է, մեկ օրն էլ բավական է դրա համար: Եթե մշակույթի նախարարին չառաջարկեին մշակույթի նախարարությունը, այլ առաջարկեին, օրինակ, «Բոինգ» օդանավ քշել, կնստեր և կքշեր, չէր ասի՝ գիտեք ինչ, մասնագիտորեն պատրաստ չեմ դրան: Մշակույթի և մյուս նախարարությունները նույն «Բոինգներն» են: Իմ խորհուրդն է երիտասարդ քաղաքական գործիչներին՝ եթե պաշտոններ են տալիս ձեզ, հրաժարվեք, դուք պատրաստ չեք վարել «Բոինգ» օդանավ:

Համակարգ ղեկավարելն աշխարհի ամենաբարդ գործն է, վստահություն, հոգևոր, մշակութային և ֆիզիկական ուժ պետք է ունենաս, բայց այդ սկզբունքները չեմ տեսնում այսօրվա նշանակումների մեջ՝ սկսած փոխվարչապետներից ու նրանց օգնականներից: Այս ամեն ինչի համար մտահոգ եմ, ինչպես նաև մտահոգ եմ արտաքին քաղաքականության հարցում. ոչինչ պարզ չէ, եթե պետք է շարունակեն սիրահետել Ռուսաստանին, ապա դա արդեն արվում էր նախկին իշխանությունների օրոք: Դեռ հիասթափություններ են նոր իշխանություններից, և այժմ միակ բանը, որ անում են՝ գող բռնելն է, բայց այստեղ էլ ամեն բան թափանցիկ չէ: Ոնց որ քարի դարից բրոնզի դար ենք անցնում, բայց մեր երիտասարդությունը 21-րդ դարում է, և չփորձեն սնել նրան սերիալային քաղաքականությամբ:

Հիմա անհրաժեշտ է, որ մեր մտավորականները, հոգևոր արժեք կրողներն արթնանան և տեր կանգնեն մեր պետությանը, մեր հեղափոխությանը: Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի պահանջների հետ: Ես պահանջում եմ կադրային ճիշտ քաղաքականություն, ուզում եմ, որ կոշկակարը կոշիկ կարել իմանա, օդանավ վարողն օդաչու լինի, իմ պետությունը չեմ ուզում վստահել անտեղյակներին:

Վ. Ավետիսի լուսանկարները՝ նրա ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

Ալեքսադր Վարպետյան
Եթե ուզում եք տարբերել տաղանդավոր արվեստագետին միջակությունից, անդրադարձեք նրանց դատողությանն ու բանական պոտենցիալին: Տաղանդավոր կամ հանճարեղ արվեստագետը շատ իմաստուն է դատում, միջակությունը՝ դադարկաբանում է: Առաջին անգամ չէ, որ բացի իր արվեստից, հիանում եմ Վիգեն Ավետիսի դատողությամբ և մտածելակերպով:
Խաչիկ
Լիովին համամիտ եմ և ողջունում եմ արվեստագետի անկեղծ, մտահոգ խոսքը։Հոգևոր ոլորտի կոմպրոմիսներն ու թերացումները խիստ վտանգավոր են… Իշխանությունը պիտի հենվի ճշմարիտ արվեստագետի վրա, նրա խոսքը պիտի լսելի լինի… Պալատներում արվեստագետ չի լինում, լինում են խեղկատակներ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter