Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Վաչագան Ղազարյանի ազատ արձակման գրավը մինչ օրս չի վճարվել



Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող, պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ազատ արձակման համար նախատեսված 1 մլրդ դրամ գրավը մինչ օրս չի վճարվել։ Այս մասին «Հետք»-ին քիչ առաջ հայտնեց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Փաստաբանը նաև տեղյակ չէ, թե Ղազարյանի հարազատները երբ են նախատեսում իր պաշտպանյալի ազատ արձակման գրավը վճարել։

Հարությունյանի փոխանցմամբ՝ Վաչագան Ղազարյանը կալանավորման օրվանից՝ հունիսի 27-ից, մինչ օրս պահվում է Ազգային անվտանգության ծառայությանը կից քրեակատարողական հիմնարկում։

Նշենք, որ հուլիսի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց փոխել Ղազարյանի խափանման միջոցը և նրան 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել, և նա կալանավորվել էր։ Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1.110.400 դոլար, 230.500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանը 2017թ. իր գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ. մայիսի 17-ի դրությամբ, գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460 մլն դրամի, 1.272.900 դոլարի և 124 մլն դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրման։ Բացի այդ, նախկին պաշտոնյայի գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ