HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն՝ Արամ Պաչյանի ձայնադարանից

«Հետքը» շարունակում է ներկայացնել է «Հինգ անուն՝… ձայնադարանից» երաժշտական շարքը, որի ներքո տարբեր ոլորտի մասնագետները ներկայացնում են ոչ միայն իրենց երաժշտական նախասիրությունները, այլև երաժշտության ունեցած դերն իրենց կյանքում:

Դրանք ընդգրկում են տարբեր ժանրեր և ոճեր, դրանք միևնույն ժամանակ բացահայտում են մեզ արդեն հայտնի շատ մարդկանց` մեկ այլ տեսանկյունից: Ժողովրդական, դասական, հանրային մեծ լսարաններ ընդգրկող տարբեր գործեր՝  նաև օրվա հերոսի մեկնաբանությամբ:

Խորագիրն այսօր ներկայացնում է գրող Արամ Պաչյանի ձայնադարանը:

«Երաժշտության հետ կապված՝ մանկությունիցս մի հուշ է ինձ հետ ապրում,- ասում է Արամ Պաչյանը,- Գյոթեի բանաստեղծություններից մեկի հիման վրա գրված մի գեղեցիկ երգ կա՝ «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ…» տողով («Վարդը». թարգմ.` Հովհ. Թումանյան, երժշ.` Ռ. Մելիքյան- Ն.Հ.): Դա հայրիկիս ամենասիրելի երգերից մեկն էր:

Նոր էր վերադարձել Արցախից՝ ռազմաճակատից, և մեր տանը ինչ-որ խնջույք էր, մարդիկ կային հավաքված: Նա ինձ կանգնեցրեց ու խնդրեց, որ երգեմ այդ երգը: Ես ահավոր ամաչում էի, բայց երգեցի, ու ամեն անգամ ավարտելուց հետո՝ ինքը խնդրում էր մի անգամ էլ երգել: Ես էլ երգում էի: Հիմա, որ հիշում եմ, ինքս ինձ վրա զարմանում եմ, թե ինչպես էի կարողանում հաղթահարել ամաչելս ու երգել այն: Բայց ասեմ քեզ՝ վատ չէի երգում… հիմա, եթե ինչ-որ առիթ էլ լինի երգելու, հաստատ, ոչ մի դեպքում չեմ երգի: Հիմա, երբ պատահական այդ երգը կամ մեղեդին ինչ-որ տեղ լսելիս լինեմ, մեջս մի տեսակ սարսուռ է առաջացնում ու անմիջապես հիշում եմ այդ դրվագը»:

 

Երբ դու՛ ես գնում երաժշտության հետևից

«Երաժշտական հավաքածու ունեցել եմ: Կոմպակտ դիսկեր՝ կասետներ էին: Հավաքել սկսեցի, երևի, 7-րդ կամ 8-րդ դասարանից: Հավաքածուս հիմնականում բաղկացած էր ռեփ երաժշտությունից, այն ժամանակ շատ էի լսում և, նույնիսկ, երազանքներիցս մեկն է՝ մի օր լավ տեքստ գրել՝ ռեփով կատարելու համար: Թուփակ Շակուր. ինքն ինձ համար ինքնատիպ երևույթ էր այն ժամանակ՝ իր սոցիալական ուղղությամբ տեքստերով ու համարձակությամբ: «Բանդանաներ» կրելու ու դրանց հանդեպ համակրանքս էլ երևի էդտեղից է սկսվել: Դե հետո, ամեն ինչի նման, ռեփն էլ փոխվեց, բավականին դեֆորմացվել ու խեղվել է ինչ-որ բան բոլոր ոճերում և ուղղություններում: Սիրում էի նաև դասական երաժշտություն լսել, հավաքածուիս մեջ մի մեծ մաս էլ այս երաժշտության ձայնագրություններն էին»:

Ա. Պաչյանը հիմա էլ ունի ձայնասկավառակների հավաքածու՝ ձայնադարան, որտեղ կարևորվում է մաքուր հնչողությունն ու, անպայման, սիրած գործին արժանավայել հասնելու ձգտումը: Նա նախընտրած ձայնակավառակները պատվիրում է «Amazon»-ից կամ խնդրում դրսում գտնվող ընկերներին այս կամ այն CD-ն բերել: «Ինտերնետային կամ MP3 ձևաչափի երաժշտություն չեմ ընդգրկում իմ հավաքածուում: Որակից բացի՝ գիտե՞ք ինչն է հետաքրքիր՝ այն, որ դու ես գնում երաժշտության հետևից»,-ասում է նա:

Շրջանցելով ժամանակն ու տարածությունը

Արձակագիր Արամ Պաչյանի կապը երաժշտության հետ չի սահմանափակվում սիրած երգերը լսելով: Նա ուսումնասիրում է երաժշտության խորքը, մեղեդու պատմությունը, ակադեմիականի դեպքում՝ վերլուծություններ և այլն: Նրան հետաքրքիր են նաև ժամանակի հետ եկած փոփոխություններն ու դրանց հետևանքները:

«Փոխվել են ոչ միայն մարդկանց ընկալումները կյանքի և արվեստի հանդեպ, այլև, չպետք է մոռանանք, որ փոխվել է մարդկանց թիվն ու արժեքային համակարգը մեր մոլորակում: Մարդիկ շատացել են, ու դրա հետ մեկտեղ՝ ավելի ու ավելի է դժվարացել սեփական լսարան գտնելը: Ու որքան էլ որոշ արվեստագետներ կամ գրողներ պնդեն, թե դա հիմա այդքան էլ էական չէ, ես կարծում եմ, որ լսարան գտնելը, այնուամենայնիվ, շարունակում է կարևոր մնալ ցանկացած արվեստագետի համար,- ասում է Ա. Պաչյանը:- Փոփ երաժշտության դեպքում արդեն կարևոր չի, թե որտեղ է լինելու քո տեղը, այսինքն՝ այն տեղը, որը դու պիտի ստեղծես ու որով հետո մտապահվես… որ քո երգով կամ երաժշտությամբ մարդիկ մանկություն ապրեն: Սա շատ կարևոր հարց է: Ժամանակին արժեքավոր էին ոչ միայն մեղեդին, այլև բառերը, միտքը:

Շնորհիվ 60-70-ականների՝ մենք այսօր ունենք երաժշտության ահռելի մի օվկիանոս, որն անվերջ մեզ մղում է փնտրտուքների՝ անվերջ, անդադար: Հիմա բացառիկ դեպքում կարող ես գտնել ալբոմ, որը և՛ խորքային բովանդակություն ունի, և՛  ձևավորման վրա է գաղափար ներդրել: Էսօրվա երիտասարդներն անգամ, շրջանցելով իրենց ժամանակի երաժիշտներին, նոստալգիկ մղումով ետ են գնում դեպի այդ ժամանակներն ու նորից գտնում այնտեղից իրենց «Pink Floyd»-ը:

Բայց, միևնույն ժամանակ, ես համոզված եմ, որ շատ փոխված են այսօրվա երիտասարդների երաժշտական ընկալումները և նրանք այլ կերպ են զգում ու լսում իրենց «Pink Floyd»-ը: Կարծես՝ ժամանակն է նաև լսում երաժշտությունը, կամ ընթերցում գրականությունը»:

Գրականության և երաժշտության միջև

«Լավ երգիչներ ու լավ ստեղծագործություններ հիմա էլ կան, իհարկե, բայց ուրույն, ուշագրավ մի բան գտնելն է հիմա դժվար: Նույնը կարող եմ ասել գրականության համար: Եվ անցյալի հանդեպ թախիծն ու նոստալգիան ես դրա հետ եմ կապում»,- ասում է Արամը:

Նա ունի նաև նախընտրած երաժշտական գործիքներ՝ hոբոյ, շեփոր, ռուդրա վինա՝ հնդկական ավանդական նվագարան: Արդեն հինգ տարի է՝ հետաքրքրված է արևելյան, մասնավորապես՝ հնդկական երաժշտությամբ և մշակույթով: «Բառերով չեմ կարողանալու նկարագրել, թե ինչ եմ զգում այդ երաժշտությունից, անսահման խորն է ու տիեզերական,- ասում է նա:- Ձայնը կարճացնում է ժամանակի զգացողությունը, տարածությունը հնի ու նորի արանքում: Բնության հետ կապ ունի, իր միջավայրի, ու ասես շարունակում է անընդհատ պատմություն պատմել: Երաժշտությունը հենց դրանով է հետաքրքրում՝ ինքը պատմություն է պատմում, որը դու կարող ես անվերջ լսել ու նույնիսկ այդպես էլ չհասկանալ, թե ինչի մասին էր այն: Բայց գեղեցիկ էր, անվերջ էր ու քոնն էր: Դու կարող ես նաև այն անվերջ մեկնաբանել, ստեղծել նոր իմաստներ: Գրականության մեջ կոնկրետ նյութ գոյություն ունի, որը քեզ հստակ ուղղորդում է, բայց երաժշտությունն ավելի աբստրակտ է, ասես խաղ խաղա. չի թողնում բռնել իրեն, բայց հետո հանկարծ թողնում է»:

Արձակագիր Արամ Պաչյանի դիտարկումները երաժշտության շուրջ ոչ միայն հետաքրքիր են, այլև՝ պատկերավոր: Նա մերթ ակադեմիական երաժշտության տեսություն է մեկնաբանում, մերթ դրան հակադրում հեղինակի անհատական մոտեցումը՝ շեշտելով երաժշտության հանդեպ մարդկանց տարբեր ընկալումների կարևորությունը: Այդ տարբերությունը նա հիմնավորում է նաև բնության հետ ընդհանրացած ֆոլկի ու ձայնի տիեզերականության միջով, որն ընթերցել կամ մեկնաբանել անկարող է ցանկացած գիտություն: Ուստի տեսականորեն ճշգրիտ մեկնաբանությունը, այնուամենայնիվ, հարաբերական է բնության հետ ծնված ընկալման համար:

«Միակ մարդը, ում խորապես շնորհակալ եմ երաժշտություն իմ մեջ ներարկելու հարցում, հայրիկս է: Հայրս վիրաբույժ էր: Նա նաև շատ էր սիրում դասական երաժշտություն լսել և այդ սերը փոխանցում էր ինձ: Ամենաշատը Բախ էր սիրում լսել, պաշտում էր ուղղակի: Բախի երգեհոնային գործերը լսելիս նա ասում էր՝ «Ա՛յ էսպես են վիրահատում»: Երբեք չեմ մոռանում նրա այդ արտահայտությունը»:

 Հինգ անուն՝ Արամ Պաչյանի ձայնադարանից

1. «Միաժամանակ Բախով պետք է սկսեի ու Բախով ավարտեի, բայց այս անգամ իրեն հանգիստ եմ թողել, որովհետև մեկ-մեկ պետք է քո շատ սիրելի հեղինակի մասին լռել: Սկսում եմ ավստրալացի պոստ փանկ հեղինակից՝ Բեն Ֆրոսթից: Նա էլեկտրոնային երաժշտության մեջ էքսպերիմենտալ գործերով հայտնի երաժիշտ է, կոմպոզիտոր, ով հիմա Իսլանդիայում է ապրում: Ես առանձնացնելու եմ նրա “Theory of Machines” ալբոմը (2007թ., Բեն Ֆրոսթը ստեղծում է դասական մինիմալիզմով միախառնված փանկ ռոքի և բլեք մեթալի համադրությամբ երաժշտություն- Ն.Հ.): Այս ալբոմում ես ձեր շարքի համար նաև ընտրել եմ համանուն գործը:

Էքսպերիմենտալ երաժշտություն, որը լի է տագնապներ առաջացնող տրամադրությամբ: Չհիշվող երաժշտություն է նաև: Ինչու՞ Բեն Ֆրոսթ. ես այս երաժշտին միշտ հետևում եմ, որովհետև նախ՝ համարյա տարեկիցներ ենք և ինձ հետաքրքիր է նրա ընթացքը: Բայց ես նախընտրում եմ նրա գործերը, որովհետև դրանք շատ անգամ ոչ բովանդակություն ունեն, ոչ էլ ձևի առումով որևէ ուշագրավ կողմ, ու այդ իմաստով ինձ համար շատ հետաքրքիր են: Երաժշտության մեջ այն, ինչ այսօր ունենք (արժեքային առումով), այն, ինչ մեզ հասել է, իրապես լուրջ բեռ է: Այն և՛ չափով է ահռելի, և՛ որակով անգին ու այս պարագայում նոր ու լավ երաժշտություն գրելը, կարծում եմ՝ միայն խիզախներին է տրված: Բեն Ֆրոսթի արվեստում և կոնկրետ այս ալբոմում ես այդ խիզախությունը տեսնում եմ. «բարձիթողի քաջություն»՝ էդպես կանվանեմ ես այս երաժշտությունը, որը նաև շատ մոտ է մեր ժամանակի ընկալումներին, ժամանակակից շունչ ունի»:

 

2. Զիա Մուհայդին Դագար.

Հնդկական երաժշտության` 19-րդ դարից հայտնի Դագար ընտանիքի այս շառավիղը ևս գրող Արամ Պաչյանի երաժշտական նախասիրությունների կենտրոնում է, և առհասարակ, հնդկական երաժշտությունը՝ իր ավանդական-դասական փիլիսոփայությամբ: «Նրա երաժշտությունը, հատկապես՝ ռուդրա վինա լարային գործիքի ձայնն այստեղ մեծ ազդեցություն է թողնում: Կարող եմ ասել, որ այս պահին առավելապես այս երաժշտությունն է գերիշխում իմ տրամադրության մեջ: Ես չգիտեմ` ինչպես նկարագրեմ այդ հնչյունները… անբնական ու շատ խորը: Երբ որ ասելու լինեմ հոգևոր, ես երևի կպատկերացնեմ Զիայի կատարումները և ռուդրա վինայի ձայնը»:

     

 3. Իսլանդական «Սիգուր Ռոուս» (“Sigur Ro՛s”) պոստ ռոք խումբն է Արամի 3-րդ նախընտրած անունը` իր 2002թ. թողարկված «()» փակագծերով լի ալբոմով: Ալբոմում ընդգրկված 8 թրեքից որևէ մեկն անուն չունի, բայց երգերն անանուն չեն: 90-ականներից հայտնի այս խումբը տպավորում է ոչ միայն իր անսովոր երաժշտական փիլիսոփայությամբ, այլև մենակատարի՝ Յոնսի վերերկրային ձայնային առանձնահատկությամբ: « Ես այս խումբը սիրում եմ հատկապես սոլիստի համար,- ասում է Արամ Պաչյանը,- իր ձայնը իրար հետ հաղորդակցվող կետադելֆինների ձայներին է նման: Շատ տարօրինակ, անդրիրական, միգուցե` շատ սառցային ու այս ամենով հանդերձ՝ շատ իսլանդական: Ես ուզում եմ շեշտել, որ իսլանդացիներն, իմ տպավորությամբ, շատ ինքնաբավ են ու շատ ստեղծարար: Դա ակնհայտ է, ու ինձ և՛ զարմացնում, և՛ հիացնում են իրենց այդ հատկությամբ: Նրանք դուրս են արևմտյան մշակույթին ներկայանալու կամ դուր գալու բարդույթից, ինչպես օրինակ` արևելքի ժողովուրդներն են, կամ ռուսները»:

Արամն այս ալբոմից առանձնացնում է 7-րդ թրեքը:

 4.    Բրունո Մադերնա՝ կոնցերտ նվագախմբի և հոբոյի համար, թիվ 3

Այս անունը հայտնի է իր բազմաժանր գործունեությամբ. կամերային, ավանդական երաժշտության փոխակերպումներ, գործիքային, էլեկտրոնային, թատրոնի և ռադիոյի համար ստեղծած էքսպերիմենտալ երաժշտություն: Սակայն ամենամեծ ներդրումը երաժշտության մեջ համարվում են Մադերնայի կոնցերտները՝ ջութակի, հոբոյի, դաշնամուրի, ֆլեյտայի և նվագախմբի համար: Իտալացի հայտնի այս կոմպոզիտորին և խմբավարին Արամ Պաչյանը հիշում է որպես 20-րդ դարի ակադեմիական երաժշտության գլխավոր անուններից մեկը և իր բազմաժանր ստեղծագործությունների մեջ առանձնացնում կոնցերտներից մեկը՝ նվագախմբի և հոբոյի համար:

« Սա իր կյանքի վերջին գործն է,- ասում է Արամը:- Ինձ ապշեցրել և գերել է այն հաշտեցումը, որը կոմպոզիտորը կայացրել է լիրիկ, հուսահատ հնչեղությամբ հոբոյի և կենսուրախ ռիթմերի հետ: Հումորի հետ ինչպե՞ս կարելի է հաշտեցնել այդ անհույս թախիծը: Իմ խնդրանքով` ընկերս Մյունխենից գնեց և ինձ ուղարկեց ձայնագրությունը: Փառահեղ գործ է ինձ համար, իսկ հեղինակը՝ մեծագույն կոմպոզիտոր: Ի դեպ՝ իտալացիները իրենց ակադեմիական երաժշտությամբ 20-րդ դարում էլ շատ տարբեր են ու շատ խորը, թեպետ՝ շատ չեն հիշատակվում»:

 5.    Լու Ռիդ՝ «Perfect Day»

«Չգիտեմ, ինչ-որ տարօրինակ թուլություն ունեմ էս գործի հանդեպ: Ես չեմ սիրում նման համեմատություններ անել, բայց Լու Ռիդի «Perfect Day»-ը  կարծես Բախի թողած հոգեվիճակների՝ նոր ժամանակների շարունակությունից լինի: Կա մի զգացողություն, որն ունենում եմ Բախ լսելիս, և գրեթե նույնն եմ զգում այս երգը լսելիս: Չինական մի առած կա, որն ասում է՝ «Եթե հեռանալու ես կյանքից, փորձիր հանգիստ գնալ»: Հեշտ չի, բայց պետք է կարողանալ թեթև ընդունել հեռանալու անխուսափելիությունը: Այս երգը և՛ բառերի, և՛ մեղեդու առումով այդ մտքի հետ եմ կապում. հանգստություն է բերում, օրվա հետ համերաշխ ապրելու ու նրան հրաժեշտ տալու առավել գեղեցիկ ապրումներ»:

«Perfect Day»-ը Արամ Պաչյանը համարում է Լու Ռիդի և 20-րդ դարի երաժշտության ամենահանճարեղ երգերից մեկը:

«Երբ կա մեզ հասած այդ ահռելի երաժշտական ժառանգությունը,  ինքս անձամբ կարող եմ ոչինչ չանել ու ապրել` միայն այս երաժշտությունը լսելով: Ես վստահությամբ կարող եմ խոստովանել, որ եթե անգամ երբևէ գրականության դռները փակվեն իմ առջև, չլինի գիրքը, ինձ լիովին բավարար կլինի ապրելը այս երաժշտության հետ»,-ասում է արձակագիր Արամ Պաչյանը:

 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter