Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Հայկական ստարտափ. հիմնարկ մարդիկ՝ կադրերի կառավարման և աշխատավարձի հաշվարկման ավտոմատացում


Հիմնարկ Մարդիկ համակարգն օնլայն հարթակ է աշխատավարձի և դրա հաշվարկի հետ կապված կադրային գործի ավտոմատացման համար։ Այս ծրագրի միջոցով հնարավոր է  համակարգում պարզապես ներմուծել աշխատակիցների տվյալներն ու աշխատանքային պայմանները՝ աշխատանքի գրաֆիկը և աշխատավարձի չափը, իսկ համակարգն ավտոմատ կգեներացնի աշխատանքային պայմանագիրը, վճարման փաստաթղթերը, անհրաժեշտ դիմումները կամ հրամաններն ու կկատարի արձակուրդայինի հաշվարկը։

Այսինքն՝ աշխատավարձի հաշվարկն ու կադրային փաստաթղթերը ստեղծվում են մեկ համակարգում՝ միևնույն տվյալների հիման վրա։ Աշխատանքային պայմանների փոփոխությունների, բացակայությունների, պարգևատրումների, նպաստների դեպքում պարզապես հարկավոր է համակարգում գրանցել փոփոխությունն ու այն կկազմի անհրաժեշտ փաստաթղթերը՝ համաձայն նոր հրահանգների։

Ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Ռուբեն Օսիպյանն ու համահիմնադիր Սմբատ Պետրոսյանը միասին սովորել, ապա աշխատել են խոշոր ՏՏ ընկերություներից մեկում. Ռուբենը` որպես ֆինանսական տնօրեն, իսկ Սմբատը՝ գլխավոր հաշվապահ։ Այդ ընթացքում նկատում են, որ աշխատավարձի հաշվարկման օրերին հաշվապահները մինչեւ ուշ գիշեր աշխատում են, որովհետեւ կադրային գործն ավտոմատացված չէ, իսկ տվյալները կապակցված չեն հաշվապահական ծրագրի հետ։ Արդյունքում՝ անհրաժեշտ տվյալները ձեռքով են մուտքագրվում համակարգ՝ կրկնապատկելով աշխատանքի ժամանակն ու մեծացնելով սխալվելու հավանականությունը։  

Ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Ռուբեն Օսիպյան

Շուկան ուսումնասիրելուց հետո նկատում են, որ փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք հայկական ընկերությունների 97% են կազմում ու ունեն մոտ 313.000 աշխատակից ունեն, անտեսված են, որովհետեւ կադրային գործավարություններն ավտոմատացնող ծրագրերը նախատեսված են հիմնականում խոշոր ընկերությունների համար ու թանկ են։

Բացի այդ, հատուկ ուշադրություն են դարձրել  այն փաստին, որ միջին ու փոքր շատ բիզնեսներ պարզապես չեն գրանցում իրենց աշխատակիցներին կամ պաշտոնապես գրանցում են աշխատավարձի փոքր մասը՝ կարծելով, որ հարկերը չմուծելով` հնարավոր է ավելի շատ շահույթ ունենալ։ Սակայն, անկախ իրավական պատասխանատվությունից, պետք է հաշվի առնել նաև, որ եթե հանկարծ ինչ-որ բան պատահի ու տվյալ աշխատակիցը չկարողանա աշխատել, նա կզրկվի համապատասխան թոշակ ստանալուց ու սոցիալական ապահովությունից։

Արդյունքում՝ որոշում են ստեղծել մի հարթակ, որը կօպտիմիզացնի աշխատավարձի հաշվարկման ու կադրային փաստաթղթերի գեներացման գործընթացները, հասանելի կլինի անգամ ոլորտում մեծ փորձ չունեցող անձանց, ինչպես նաեւ կօգնի աշխատանքային օրենսգրքին ոչ այնքան լավ ծանոթ մարդկանց ճիշտ կազմակերպել իրենց գրանցումն ու օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից։

Ստարտափի համահիմնադիր Սմբատ Պետրոսյան

Համակարգը թույլ է տալիս նաեւ վարել  այն ՏՏ ընկերությունների հարկային հաշվառումը, որոնք ունեն հարկային արտոնություններ։ Ծրագրի միջոցով կարելի է վարել եկամտային հարկի ու հերթափոխով աշխատանքի հաշվառումը։

Համակարգում  ներդրված է նաեւ տոնական օրերի հաշվարկի մեխանիզմը, ինչի շնորհիվ այլեւս կարիք չկա հաշվարկների ժամանակ հիշել եւ նշել ոչ աշխատանքային օրերը։ Ստարտափի հիմնադիրները համագործակցում են նաեւ հաշվապահական գրասենյակների հետ, ապահովում են օրենքի փոփոխությունների մշտադիտարկում՝ օրենքում ցանկացած փոփոխություն անմիջապես ադապտացվում է համակարգում։

Ստարտափը հիմնադրվել է 2015 թվականին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից ստացել է հարկային արտոնությունների հավաստագիր, որի շնորհիվ շահութահարկը դարձել է 0%, իսկ աշխատակիցների եկամտահարկը` 10%։ Դա թույլ է տվել ստարտափին զուգահեռ իրականացնել ծրագրային ապահովման մշակման ծառայություններ ու ստացված եկամուտը ներդնել ստարտափի զարգացման մեջ։ Թիմն արժանացել է «Հայական ստարտափ գավաթ»-ի երկրորդ մրցանակին ու հենց նույն ժամանակ էլ սկսել նախագծել հարթակի նախատիպը։ Հետագայում ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ստացել են վարկ՝ ծրագիրը մշակելու եւ շուկա դուրս գալու համար։

Երբ վարկը վերջացել է, բայց վերջնական արդյունքի հասնելու համար դեռ որոշակի գումարի կարիք է եղել, Ռուբենն ու Սմբատը ընկերների ու հարազատների շրջանակում դրամահավաք են կազմակերպել։ Դրամահավաքն արվել է լողացող եկամտաբերությամբ ոչ հրապարակային պարտատոմսերի թողարկման միջոցով, որի ընթացքում ընկերությանն աջակցել է «Արմենբրոկ» ընկերությունը։ Ռուբենը նշում է. «Սա հետաքրքիր փորձ է, որը կարելի է կիսել ստարտափների մյուս հիմնադիրների հետ։ Ունենալով տնտեսագիտական կրթություն՝ պարտատոմսեր թողարկեցինք ու հարազատներին ցույց տվեցինք ֆինանսական կանխատեսումները, ներկայացրինք, որ ռիսկային, բայց մեծ եկամուտ ենթադրող ներդրումներ կարող են անել։ Արդյունքում 25.000 դոլար հավաքեցինք ու կարողացանք «Հիմնարկը» վերջնական կիրառելի փուլի հասցնել։ Մոտիվացնող է, երբ ընկերներդ քեզ հավատում են ու ներդրում անում ընկերությանդ մեջ»։

2017 թվականի աշնանն ընդունվել են Հայկական ստարտափ ակադեմիա, ու Ռուբենի խոսքով այն շատ մեծ ազդեցություն է ունեցել «Հիմնարկ»-ը զարգացնելու հարցում։ Ռուբենը նշում է. «12 տարվա փորձ ունեմ ՏՏ ոլորտում, բարձր պաշտոններ եմ ունեցել արդեն կայացած ընկերություններում, բայց ամբողջությամբ այլ փորձառություն է ստարտափ հիմնելն ու այդ կյանքով ապրելը։ Ստարտափ ակադեմիայում հանդիպեցինք մեր պոտենցիալ հաճախորդներին, հստակեցրինք, որ ճիշտ խնդիր ենք լուծում ու հասկացանք, որ մարդիկ պատրաստ են վճարել այդ ծառայության դիմաց»։

Մինչեւ 5 աշխատակից ունեցող ընկերությունների համար ծրագիրն անվճար է։ Մինչ 50 աշխատակցի դեպքում` յուրաքանչյուրի համար ամսական բաժանորդագրությունը 1000 դրամ է, իսկ 50-ից ավելի աշխատակցի, հատկապես հաշվապահական գրասենյակների դեպքում, կան զեղչված փաթեթներ։

Մոտ ապագայում ծրագիրն ունենալու է աշխատակիցների ինքնասպասարկման հավելված։ Այսինքն՝ «Հիմնարկ»-ից օգտվող ընկերությունների աշխատակիցները կստանան անվճար հաշիվ համակարգում ու կկարողանան հավելվածով տեսնել՝ իրենց փոխանցված աշխատավարձն ինչպես է հաշվարկվել, քանի արձակուրդային օր ունեն, հնարավորություն կունենան առցանց դիմել արձակուրդ ստանալու, ինչպես նաեւ աշխատավարձի մասին տեղեկանք ստանալու եւ, օրինակ` բանկ ներկայացնելու համար։

Ստարտափի հիմնադիրների տեսլականն է կանխատեսումային մոդելավորման ալգորիթմներով աշխատող համակարգ ունենալ, որը կհեշտացնի կադրերի ու կարիերայի կառավարումը։

Որոշակի տվյալների հիման վրա (երբ է վերջին անգամ աշխատակցի աշխատավարձը բարձրացել, երբ է նա վերջին անգամ արձակուրդ գնացել եւ այլն) համակարգը կկատարի «պատճառաբանված» կանխատեսումներ աշխատակիցների մոտիվացված լինել կամ չլինելու, աշխատանքից դուրս գալու հավանականության մասին։ Հաշվի առնելով աշխատանքային պարտականություններն ու մարդու աշխատանքային փորձը՝ համակարգը կկարողանա հաշվել տվյալ աշխատակցի միջին աշխատավարձը։

Ի տարբերություն մրցակիցների՝ «Հիմնարկ Մարդիկ»-ի հիմքում ամպային համակարգն է (Cloud), այն աշխատում է տարբեր օպերացիոն համակարգերի հետ ու չի պահանջում որեւէ այլ ծրագրի, այդ թվում, օրինակ, Microsoft Office-ի ներբեռնում։ Բացի այդ, վճարումը կատարվում է այնքան ժամանակ, որքան ընկերությունն օգտվում է ծառայություններից՝ առանց երկարաժամկետ պարտավորությունների։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։