Կիրակի, 23 սեպտեմբերի

Ռուսաստանն արդեն ավելի բարձր սուվերենության աստիճան ունեցող Հայաստանի հետ գործ ունի



Արցախի հարցում Հայաստանի քաղաքականությունը փոխվում է, ինչը կարող է մեր մեծ տարածաշրջանի աշխարհաքաղաքական տրամաբանությանը նոր բովանդակություն հաղորդել։ 

Դոնալդ Թրամպը Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ռուսաստանին հակառակորդ անվանելով` իրականում հաճոյախոսել է։ Հասկանալի է, որ եթե համաշխարհային գերտերությունը որևէ մեկին հակառակորդ է համարում, դրանով ճանաչում է նրա հնարավորություններն ու հատուկ դերը։ Հայաստանի հանդեպ մոտավորապես նույնպիսի տրամաբանություն կա ռուսական մամուլում, մասնավորապես` lenta.ru  և gazeta.ru կայքերում Նիկոլ Փաշինյանին համեմատում են Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ։ Կարևոր չի, թե որքանով են հիմնավորված այդ մեղադրանքները, կարևորն այն է, որ Հայաստանին վերաբերվում են որպես ինքնուրույն որոշումներ ընդունող երկրի։ 

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես համոզված եմ, որ ՌԴ-ն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար, և ես ասում եմ՝ չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ ՌԴ-ն թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Չեմ կարող հավատալ նույնիսկ, որ Ադրբեջանը կհամարձակվի որևէ սադրանքի կամ գործողության գնալ՝ առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության: Պետք է բոլորս մեր պայմանագրային փոխադարձ պարտավորությունների նկատմամբ լինենք առավել նախանձախնդիր և անկեղծ»: 

Այս խոսքերը կարելի է տարբեր կերպ հասկանալ, սակայն առանցքային բառը «աշխարhաքաղաքային պայմաններ»-ն են։ Այսինքն` ակնարկ է արվում, որ այդ կոնֆլիկտը աշխարհաքաղաքական է, և պատերազմի վերսկսման դեպքում կարող է փոխվել աշխարհաքաղաքական դասավորությունը: Մեր կողմից ավելացնենք, որ փաստ չէ, որ այն կլինի Ռուսաստանի օգտին։ 

Նույն տրամաբանությամբ է արտահայտվել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը EurAsia daily  կայքին տված հարցազրույցում, որտեղ ասում է, որ Նախիջևան-Հայաստան սահմանին պրովոկացիաները կարող են հանգեցնել այնպիսի իրադրության, որում կարող են ներգրավվել ռեգիոնալ տերությունները, այսինքն` հղի են աշխարhաքաղաքական մասշտաբի կոնֆլիկտով։ Խոսքը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասին է, որին չի կարող չարձագանքել ՆԱՏO-ն: Իմիջիայլոց, չի բացառվում, որ այդ արձագանքը Թուրքիայի օգտին չլինի։ Ընդհանրապես, ամբողջ հարցազրույցի ընթացքում Տոնոյանը Ադրբեջանին զգուշացնում է լրջագույն ռազմական պատասխանի հնարավորության մասին։ 

Այս համատեքստում փորձենք քննարկել այն համառ լուրերը, թե Սերժ Սարգսյանի ժամանակ Ռուսաստանը Հայաստանին ստիպում էր զիջել անվտանգության գոտու 5 շրջանները։ Եթե այդ լուրերը ճիշտ են, ապա արդյոք, եթե  Հայաստանը  նման պլանից հրաժարվելի, Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանին գրավել 5 շրջանները Ռուսաստանին արված ինչ-որ զիջումների դիմաց։ Տրամաբանությունը հուշում է, որ ոչ, դա Ռուսաստանի համար հղի կլինի Հարավային Կովկասում իր ունեցած ազդեցության վերջնական կորստով։ Պարզ է, որ եթե Հայաստանը պատերազմական գործողությունների ժամանակ Արցախում պարտվի, ապա Ադրբեջանը Ռուսաստանին ոչինչ չի զիջի, ավելին՝ կսերտացնի իր ռազմական հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ Ռուսաստանը վերջնականապես կկորցնի Հայաստանը։ 

Փաշինյանը Փանիկի դեպքը գնահատեց որպես Հայաստանի սուվերենության խախտում: Դա պատահական ձևակերպում չէր, ռուսական բազայի տեղակայման կապակցությամբ կնքված պայմանագրում գրված է, որ բազան չպետք է խախտի Հայաստանի սուվերենությունը: Բազայի վերաբերյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին ակնարկեց նաև Պաշտպանության նախարարը: Փաստորեն, հայ-ռուսական հարաբերություններում նոր թեմա է բացվում:

Ռուսաստանը մի տարբերակ ունի` կամ աջակցել ստատուս-քվոյի պահպանմանը, կամ փորձել ստանալ տարածքային որոշ զիջումների վերաբերյալ Հայաստանի պաշտոնական համաձայնությունը և մեծացնել իր ռազմական ներկայությունը որպես այդ համաձայնության երաշխավոր` արդյունքում պահպանելով, իսկ գուցե ավելի մեծացնելով տարածաշրջանում իր ազդեցությունը։ 

Հիմա նորից վերադառնանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածին։ Եթե Հայաստանը հրաժարվում է բանակցել Արցախի անունից և չի գնում որևէ զիջման, ապա Նիկոլ Փաշինյանի խոսքերը այլ բովանդակություն են ձեռք բերում. «Չեմ կարող հավատալ նույնիսկ, որ Ադրբեջանը կհամարձակվի որևէ սադրանքի կամ գործողության գնալ՝ առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության»։ Այսինքն` Ռուսաստանը մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինքնասպանության չի գնա` միակողմանի պաշտպանելով Ադրբեջանին։ Դավիթ Տոնոյանի ռազմաշունչ հարցազրույցը նույնպես ցույց է տալիս, որ Հայաստանը սկսել է ինքնուրույն գործոն դառնալ, ինչի հետ հաշվի կնստեն ռեգիոնալ գերտերությունները։ Սուվերեն երկրներին միշտ լուրջ են վերաբերվում։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վարազ Սյունի 21:42 - 24 հուլիսի, 2018
Հայաստանը նախ ինքը ՀՍՏԱԿ պիտի պարզաբանի իր de jure կարգավիճակը ԼՂՀ-ի հանդեպ: Քանի դա չի արվել, Ադրբեջանն ամենուր շարունակելու է հայտարարել,որ՝ «իրենք ցանկացած մեթոդով իրավունք ունեն ազատագրել իրենց երկրի օկուպացված 20 տոկոսը»:
2. Վարազ Սյունի 21:45 - 24 հուլիսի, 2018
Զվարթնոց օդանավակայանում Հայաստան ժամանողներին ի՞նչու ռուս սահմանապահները պիտի դիմավորեն: Սա աշխարհին ի՞նչ սիգնալ է ուղարկում:Ի՞նչու է հատկապե՛ս հայ-իրանական սահմանը ռուսների կողմից հսկվում: Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները ռուսների կողմից հսկվելու պայմանագրերը կնքվել են 90-ականների սկզբին, երբ նորանկախ Հայաստանը (կանոնավոր) բանակ դեռ չուներ: Հայաստանն այսօր ազգային բանակ չունի՞: Ռուսների սիրտն այդքան եթե ցավում է, թող գնան Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին կանգնեն: Ռուսները ՏԻՐԱՑԵԼ են Հայաստանի սահմաններին ու իրենց տեր ու տիրակալ են զգում: Պերմյակովի գործը՝ վառ ապացույց: Իսկ այդ փշալարերը (հատկապես հայ-իրանական սահմանին) ռուսական գաղութացման սինվոլներ են՝ հային գաղութացման զգացումից դուրս չթողելու համար:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ