Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին այսօր նիստ էր հրավիրել: Այն վարում էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն:
«Ես երկար մտածեցի, թե ով պետք է զեկուցի այս հարցը և որոշեցի ինքս զեկուցել»,- ասաց Դիանա Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը «լոկալ» հարց է և ամենևին կապ չունի անմեղության կանխավարկածի հետ:
Մինչև ավագանու նիստ հրավիրելը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կազմակերպվել էր քվեարկություն՝ Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցի վերաբերյալ հանրության կարծիքն իմանալու նպատակով:
Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Մանվել Գրիգորյանին Էջմիածնի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու առաջարկին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Մեկնաբանել