Էջմիածնի քաղաքապետարանն այլևս «Պատանի Երկրապահ» ակումբին ֆինանսական աջակցություն չի տրամադրի
Էջմիածնի ավագանին 2017թ. նոյեմբերի 29-ին որոշում էր կայացրել, ըստ որի՝ ԵԿՄ Էջմիածնի ՏԲ «Պատանի Երկրապահ» ակումբին յուրաքանչյուր ամիս տրամադրել ֆինանսական աջակցություն` 150,000 դրամի չափով: Այսօր Էջմիածնի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը նշեց, որ հաշվի առնելով հայտնի իրադարձությունները և ԵԿՄ-ի նկատմամբ իրավապահ մարմինների հետաքրքրությունը` նպատակահարմար են գտնում նշված որոշումը ուժը կորցրած ճանաչել:
«Սա չի նշանակում, որ հետագայում, երբ քննությունը պարզի, որ ամեն դեպքում իրենց նպատակին են ծառայել տրամադրված գումարները նոր որոշում չենք կարող կայացնել ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»,- ասաց Դ. Գասպարյանը:
Ավագանու անդամներն առաջարկեցին, ավագանու որոշումը ուժը կորցրած ճանաչելու փոխարեն պարզապես կասեցնել: Դիանա Գասպարյանն ասաց, որ չի բացառվում հետագայում ֆինանսական աջակցություն ցուցաբերեն բոլորովին այլ հիմքերով: Բացի այդ, կասեցումը կարող է մի շարք դժվարություններ առաջացնել, ուստի նպատակահարմար է ուժը կորցրած ճանաչելը:
Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին և որոշումը ճանաչեցին ուժը կորցրած:
Մեկնաբանել