HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լևոն Մնացականյան. «Հայրենիքի պաշտպանությունը բոլորի պարտականությունն է, այդ թվում՝ պաշտոնյաների տղերքի»

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը վստահեցնում է, որ Արցախում պաշտոնյաների՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող զավակներ չկան:

Այս մասին Արցախի ՊՆ շենքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը՝ արձագանքելով մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում շատ են դեպքերը, երբ պաշտոնյաների զավակներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից:

«Արցախում նման խնդիր չեմ տեսնում, Արցախի Հանրապետության նախագահի տղերքը ծառայել են բանակում, իմ տղան ծառայել է, ԱԱԾ նախկին պետի տղան ծառայել է, ապրիլյան դեպքերի ժամանակ իրենց մասնակցությունն են ունեցել, էսօր շարունակում են ծառայել պաշտպանության նախարարի տեղակալի տղան, դատախազի տղան, առաջին բանակային կորպուսի հրամանատարի տղան, պատգամավորների, քաղաքապետերի տղերք, ու էս շարքը կարող եմ շարունակել: Եթե դեպք գիտեք, որ ինչ-որ մեկի որդին, հանդիսանալով պաշտոնյայի զավակ, չի ծառայում, ներկայացրեք»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Մեր հարցին, թե որն է իր վերաբերմունքը պաշտոնյաների՝ ծառայությունից խուսափող որդիների նկատմամբ, ՊԲ հրամանատարը պատասխանեց.

«Ես համարում եմ, որ բոլորն էլ պետք է ծառայեն, հայրենիքի պաշտպանությունը մի մասի պարտականությունը չէ, բոլորի պարտականությունն է, այդ թվում՝ պաշտոնյաների տղերքի»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Հայաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի որդիները ծառայություն անցնելո՞ւ են նաև առաջնագծում, Լևոն Մնացականյանը պատասխանեց.

«Եւ վարչապետի, և պաշտպանության նախարարի զավակները ծառայում են մեզ մոտ, երկուսն էլ ֆիզիկապես պատրաստված են և իրենց ծառայությանը գիտակցաբար են մոտենում: Իրենք ծառայում են էնպիսի զորամասում, որ նաև խնդիր է կատարվելու առաջնային գծում, բայց նպատակահարմար չենք համարում ասել ավելին, որովհետև ինչքանով է նպատակահարմար անտեղի տվյալ ուղղությունը լարվածության մեջ դնել: Զորակոչվել են, տղերք են, թող հանգիստ իրենց ծառայությունը տանեն, ինչքան դրսից՝ հատկապես լրատվամիջոցների միջամտությունը քիչ լինի, էնքան ծառայությունը սահուն կանցնի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter