HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Փախստականների վարչության իրավաբանը ծեծել է փախստականին

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության իրավաբան Պետրոս Աղաբաբյանը մայիսի 31-ին ծեծելով աշխատասենյակից դուրս է արել փախստական Ալեֆտինա Տեր-Մանուելյանցին, որը նրա մոտ էր գնացել աղջկան՝ Իրենին ժամանակավոր կացարան տրամադրելու հարցով:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը ապրիլի 28-ին փախստական Իրեն Տեր-Մանուելյանցի հայցի հիման վրա վճիռ է կայացրել' պարտավորեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությանը նրան հատկացնել ժամանակավոր կացարան: Հիշյալ վարչությունը սահմանված ժամկետում չի բողոքարկել դատարանի վճիռը, բայցեւ հրաժարվել է կատարել ԴԱՀԿ-ի՝ 19.05.05թ.-ին կայացրած որոշումը:

«Մայիսի 31-ին ինքս գնացի Փախստականների եւ միգրացիայի վարչություն' տեղեկանալու, թե ինչու չեն կատարում ԴԱՀԿ-ի որոշումը, քանի որ իրավաբան Պետրոս Աղաբաբյանը նախապես փոխանցել էր, թե վարչության պետ Գագիկ Եգանյանը մեզ կացարան չի տրամադրելու: Ինձ տեսնելուն պես Պ. Աղաբաբյանը բացականչեց՝ դու՛րս արի այստեղից, ու թեւիցս բռնած քաշ տալով' դուրս հանեց սենյակից»,-հայտնեց Ա. Տեր-Մանուելյանցը: Նրա պատմելով' աղմուկի վրա վարչության աշխատակիցները դուրս են եկել, եւ նրանցից մեկը բաժանել է իրենց: Ա. Տեր-Մանուելյանցը Արաբկիրի ոստիկանության բաժանմունք է զանգահարել, դեպքի վայր ժամանած ոստիկանները բացատրություններ են վերցրել բաժանմունքում, որից հետո նրան բժշկական փորձաքննության ենթարկվելու ուղեգիր են տրամադրել: Բժշկական հետազոտման եզրակացությամբ, Փախստականների վարչության իրավաբանը Ա. Տեր-Մանուելյանցին թեթեւ մարմնական վնասվածքներ է պատճառել:

Դեպքից հետո' հունիսի 2-ին, Իրեն Տեր-Մանուելյանցը ստացել է Միգրացիայի եւ փախստականների վարչության վերաքննիչ բողոքը առաջին ատյանի դատարանի վճռի դեմ' այն ուժի մեջ մտնելուց կես ամիս հետո: Պ. Աղաբաբյանը մեզ հայտնեց, թե իրենք ժամանակին են բողոքարկել վճիռը, բայց վերաքննիչ դատարանն իրենց բողոքի օրինակը ուշացումով է ուղարկել, եւ առաջին ատյանի դատարանում, չիմանալով այդ մասին, կատարողական թերթ են տրամադրել:

Նշենք, որ ԴԱՀԿ-ին նրանք նույնպես չեն իրազեկել վճիռը բողոքարկելու մասին, չեն բողոքարկել հարկադիր կատարողի որոշումը վարույթ հարուցելու մասին, չեն դիմել նաեւ այն հետաձգելու խնդրանքով, ուստի վարչության իրավաբանի բացատրությունը հավաստի չի կարող համարվել: Հատկապես այն բանից հետո, երբ Պ. Աղաբաբյանը հավաստիացնում է, թե Փախստականների վարչությունում 600-700 փախստական է հերթագրված կացարան ստանալու համար եւ սպասում է իր հերթին: «Եթե դատարանը բավարարի Իրեն Տեր-Մանուելյանցի պահանջը, նա պետք է սպասի մինչեւ իր հերթը հասնի, վարչությունն առայժմ ազատ սենյակներ չունի»,-ասում է Պ. Աղաբաբյանը: Այդպիսի անհեռանկար հերթում փախստականին սպասեցնելու համար արժե՞ր բողոքարկել դատարանի վճիռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter