Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Փաստաբաններն ահազանգում են՝ դատավոր Բեկթաշյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորում պաշտպանական կողմի նկատմամբ



«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովի գործով դատաքննությունում կոնֆլիկտ է ծագել:

Վլադիմիր Սաչկովը պատմում է, որ երեկ կայացած նիստին նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր փաստաբանների, մասնավորապես՝ Արմեն Բաղդասարյանի նկատմամբ:

Նիստը բացելով՝ դատավոր Բեկթաշյանը հայտարարել է, որ իրեղեն ապացույցը դատարան չի ներկայացվել, և դատախազն առաջարկել է քննարկել պաշտպանական կողմի ապացույցների շարքից այն հանելու մասին միջնորդությունը, որը դատարան է ներկայացվել դեռևս մայիսին: Միջնորդությունը պատճառաբանված է եղել նրանով, որ ըստ էության դատարանը մատնված է անգործության, որի հետևանքով խախտվում են ամբաստանյալ Սաչկովի իրավունքները, ինչից էլ խիստ վրդովվել է դատավորը: Նա սկսել է վիրավորական տոնով և արտահայտություններով խոսել փաստաբանի հետ՝ նրան երբեմն «արա»-ով դիմելով:

Սաչկովի մյուս փաստաբանը՝ Նարինե Ռշտունին, երեկ դիմում է ներկայացրել դատարանի գրասենյակ՝ խնդրելով մինչ աշխատանքային օրվա վերջը տրամադրել դատական նիստի արձանագրությունը՝ լազերային կրիչով միջնորդությունն այսօրվա նիստին նախապատրաստելու համար: Աշխատանքային օրվա ավարտին զանգահարել է Բեկթաշյանի գրասենյակ, և այնտեղից պատասխանել են, որ երբ կրիչը պատրաստ լինի, այն կուղարկվի պաշտպանին: Պաշտպան Ռշտունին միայն այսօր՝ դատական նիստից 50 րոպե առաջ է ստացել տեղեկանքն առ այն, որ տեղի ունեցած դատական նիստի ձայնային ուղեկցությունը բացակայում է՝ «Ֆեմիդա» ծրագրի խափանման պատճառով:

Այսօր Նարինե Ռշտունին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ դատավորն ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի ամբաստանյալի և պաշտպանների նկատմամբ: Փաստաբանը կրկին հիշեցրեց, որ 2015թ. նոյեմբերից առ այսօր նշանակված 92 նիստերից կայացել են 34-ը, իսկ վերջին 6 ամսվա ընթացքում կայացել է 6 նիստ, որից մեկով է ապացույց հետազոտվել: Մնացած նիստերը հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով, որոնց հիմնական պատճառը եղել է ապացույց դատարան չներկայացնելը կամ դատարանի կողմից իրեղեն ապացույցը հետազոտելու համար միջոցներ չձեռնարկելը:

Փաստաբանը նշեց, որ դատավորը, երեկ կայացած նիստին, միջնորդությունը քննարկելու փոխարեն թույլ է տվել դատարանին ոչ վայել արտահայտություններ` պաշտպանության կողմի նկատմամբ, որ պաշտպաններն իբր ձախողում են դատարանի աշխատանքը, ամբաստանյալին սովորեցնում են իր վրա բողոքներ գրել ԲԴԽ, դատարանում շոու են սարքում:

Փաստաբանի դիտարկմամբ՝ Արմեն Բեկթաշյանը տարբեր անհիմն պատճառաբանություններով չի քննարկում պաշտպանության կողմի միջնորդությունները: Մասնավորապես, 2017թ. դեկտեմբերից չի քննարկվել միջնորդությունը Սաչկովի` նիստերի ընդմիջումների ընթացքում ՌԴ կամ Բելառուս մեկնելը թույլատրելու վերաբերյալ, քանի որ վերջինս ցանկանում է տեսնել իր ընտանիքի անդամներին, իսկ ծնողները մեծահասակ և ծանր հիվանդ են, որի պատճառով չեն կարող գալ Հայաստան և որդուն չեն տեսել ավելի քան 4 տարի: Դիտավորյալ չեն քննարկվել Սաչկովի միջնորդությունները` կարճաժամկետ Բելառուս մեկնելու` մորեղբոր հուղարկավորությանը, կամ գոնե քառասունքին մասնակցելու վերաբերյալ: Անգամ նիստերից մեկի ժամանակ, երբ դատավորին խնդրել են քննարկել միջնորդությունը, դատավորն իրեն թույլ է տվել Սաչկովի համար վիրավորական արտահայտություն հանգուցյալ հարազատի նկատմամբ՝ հայտարարելով, որ «մահացածը ոչ մի տեղ չի շտապում»:

Այդպիսով, նկատի ունենալով, որ դատավորը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում՝ բարեխղճորեն և լիարժեք չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, հարգալից և բարեկիրթ վերաբերմունք չի ցուցաբերում դատավարության մասնակիցների նկատմամբ, ողջամիտ ժամկետում չի քննում գործը, կանխակալ վերաբերմունք ունի ամբաստանյալի և պաշտպանների նկատմամբ, դատավորի հետագա մասնակցությունն այս գործում պաշտպաններն անթույլատրելի են համարում:

Դատավոր Բեկթաշյանը միջնորդությունից անմիջապես հետո հետաձգեց նիստը մինչև վաղը՝ թարգմանչի բացակայությամբ պատճառաբանելով, սակայն նիստից առաջ գործով թարգմանիչը մոտեցել և զգուշացրել էր, որ մեկ այլ գործով հարևան դահլիճում է և մի քանի րոպեից կմիանա նիստի մասնակիցներին: Դատավորն անմիջապես հեռացավ նիստերի դահլիճից, իսկ նրա հեռանալուց մեկ րոպե չանցած` թարգմանիչը եկավ:

 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Տ. Մարգարյան17:26 - 25 հուլիսի, 2018
դատավոր Բեկթաշյանը իր պարտականություններին վերաբերվում է ինչպես հոբիի. դատական նիստերը նշանակվում են վեց ամիս ընդմիջումներով, բայց, առանց պատճառաբանությունների, պարզապես տեղի չեն ունենում: Այս մարդու գործելաոճը անքննելի է, ինքը որևէ մեկին հաշվետու չէ, բայց ակնհայտորեն ուզում է թոշակի գնալ, ու այդ կերպ է ուզում իր նպատակին հասնել: Դատարանը բուտկա չէ, երբ ուզենաս փակես, դատավորի պաշտոնն էլ տուրիստի զբաղմունք չէ, երբ հավեսդ փախնի, գործի չգաս: Եթե չես ուզում աշխատել, դիմում գրի...
2. Կարեն22:22 - 25 հուլիսի, 2018
Էս ինչ ձեռ-առնոցա։ "․․․Ձայնագրությունը բացակայում է տեխնիկական խափանման պատճառով․․․" Գնացեք էս տեսակ լոլոները ձեր տատերին ու պապերին պատմեք, կարողա դեռ որպես հեքյաթ հավատան։ Տեխնիկական միջոցները ցավոք սրտի դատարանի աշխատողնեչից զգալիորեն լավ են աշխատում համոզված եմ։ Իսկ էս դատավորին ժամանակն է եկել քամակին մի լավ տալու։ Պետք է մտցնել հանրային հսկողություն դատարանների համակարգի աշխատանքի մեջ։ Եվ տեխնիկական միջոցների ծրագրավորման մեջ էլ ամբողջական աուդիտի համակարգ է պետք, որ ճիշտ իրենց պետք եղած ժամանակահատվածի տվիալներն ու ձայնագրություները հրաշքի շնորհիվ չանհետանան։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ