HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Եւս մեկ կավատ դատարանում

Հունիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց Դուբայում հայտնի կավատ Լուսինե Հակոբյանի (մականունը' Այիշա) դատական գործի քննությունը դատավոր Վազգեն Լալայանի նախագահությամբ (Տե՛ս նաեւ՝ «Դուբայն ինձ համար դժոխք է»): Այիշան մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելու կազմակերպման մեջ' ՀՀ Քր.օր.-ի 262 հոդվածի առաջին մասով: Այս հոդվածը նախատեսում է մեկից չորս տարի ազատազրկում:

2004թ. սեպտեմբերին Դուբայում ՀՀ դատախազության հատուկ գործերով քննիչ Արիստակես Երեմյանը հարցաքննել է Այիշային: Վերջինս խոստացել է 2 ամսվա ընթացքում կամավոր ներկայանալ ՀՀ դատախազություն: Այդ ժամանակահատվածում Այիշան ներկայացել է, սակայն դատախազությունը, հաշվի առնելով, որ նա կամավոր է ներկայացել, ունի անչափահաս երեխա, նախկինում չի դատվել, ընդառաջել է Այիշայի խնդրանքին եւ չի կալանավորել նրան: Դուբայում տված ցուցմունքում Այիշան ընդունել է, որ մի քանի կանայք իր ղեկավարությամբ զբաղվել են մարմնավաճառությամբ:
«Բացի Ռ-ից, իմ ղեկավարությամբ մարմնավաճառությամբ է զբաղվել նաեւ Վ-ն ( մականունը՝ Լյալյկա) եւ Քրիստինեն»,-նախաքննական ցուցմունքում գրել է Այիշան: Դատարանում նա չի հրաժարվում իր այս ցուցմունքից, սակայն ասում է, որ չի ղեկավարել մարմնավաճառներին, պարզապես օգնել է նրանց:

Մեղադրանք ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց թրաֆիկինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանը միջնորդեց ընթերցել Այիշայի նախաքննական ցուցմունքը, որում նա իրեն մեղավոր է ճանաչել մի քանի աղջիկների՝ իր ղեկավարությամբ պոռնկությամբ զբաղվելու համար:

Ըստ Այիշայի' մարմնավաճառներից ունեցած շահույթը եղել է միայն այն, որ ուտելիքի, տան վարձի եւ հագուստների գները մի քիչ թանկ է ասել եւ այդ կերպ նրանցից գումար «աշխատել»: Այիշայի' գումար վաստակելու այս տարբերակը հերքում էին դատական նիստին հրավիրված 4 վկաները: Վկաներից երեքը պնդում էին, որ Դուբայում Այիշան եղել է իրենց «դաժան բոսը», եւ մարմնավաճառությամբ աշխատած գումարն ամբողջությամբ հանձնվել է նրան, քանի որ իրենք այլընտրանք չեն ունեցել. Այիշայի մոտ է եղել նրանց անձնագրերը:

«Իմ աչքի առաջ Արմինեի անձնագիրը ճղեց, դրա համար աչքս վախեցած էր, ինքն էլ մեզ անձնագրով էր վախեցնում»,-ասում է վկաներից մեկը' Ռ.-ն:

Ռ.-ն աշխատանք գտնելու նպատակով գնացել է Դուբայ, բայց չի հաջողել: Ստիպված՝ ենթարկվել է տեղի կանոններին, սկսել է աշխատել «եղած գործով»' մարմնավաճառությամբ: Նա կավատ Աննայի (մականունը՝ Բուլդոկ) ենթակայության տակ մարմնավաճառությամբ զբաղվելիս ծանոթացել է Այիշայի հետ: Հետո Ռ.-ն, «նեղվելով» իր վիճակից, այնպես է արել, որ ոստիկաններն իրեն բռնեն եւ վտարեն Հայաստան:

«Երկրորդ անգամ Դուբայ գնալու համար Այիշան է վիզա բացել: Ինչպես պայմանավորվել էի Այիշայի հետ, պետք է աշխատեի նրա ընկերոջ բիլիարդանոցում: Ես գնացի Դուբայ, էդ բիլիարդանոցի գործը չստացվեց, հետո դե պետք է Այիշային տայի տան վարձ, ուտելիքի փող, դրա համար սկսեցի նորից մարմնավաճառությամբ զբաղվել: Ես ընդունում եմ, որ ես զբաղվել եմ մարմնավաճառությամբ, բայց Այիշայի ղեկավարությամբ: Բոլոր փողերը բերել եմ, տվել նրան»,-դատարանում պատմեց Ռ.-ն:

Մյուս վկան՝ Վ.-ն, ուսանող է եղել, վարձի պատճառով կիսատ է թողել ուսումը եւ որոշել գնալ որեւէ երկիր՝ աշխատանք փնտրելու, քանի որ տիրապետում էր անգլերենի եւ համակարգչի: Ընկերների միջոցով Այիշային խնդրել է իրեն Դուբայի վիզա ուղարկել: Այիշան դիմավորել է նրան Դուբայում, տեղավորել իր վարձակալած տանը:

«Աշխատանք չէի գտնում, մի օր էլ Այիշան ասաց' ինչ ուզում ես արա, փո՛ղ բեր: Ու առաջարկեց զբաղվել մարմնավաճառությամբ: Ես հոգեպես այնպես էի ճնշվել, չգիտեի՝ ոնց եմ անելու: Ինձ դիմավորելիս նա վերցրել էր իմ անձնագիրը, իբրեւ թե որ ապահով մնար իր մոտ: Ու ես ստիպված սկսեցի դուրս գալ փողոց: Գնում էինք դիսկոտեկներ, նարգիլե-ակումբներ»,-դատարանում պատմեց Վ.-ն:

Վ.-ն Դուբայում մնացել է 1 տարի 2 ամիս եւ մոտ մեկ տարի զբաղվել մարմնավաճառությամբ: Նա օրական ընդունել է միջինը երկու հաճախորդի: Հետո Վ.-ին է սիրահարվել արաբ Մուհամեդ Ջամիդը: Մուհամեդն ամսեկան 4000-5000 ԱՄՆ դոլար է վճարել Այիշային, որպեսզի Վ.-ն հաճախորդներ չընդունի: Մուհամեդը խոստացել է Վ.-ին օգնել նաեւ Հայաստանում, դրա համար էլ Վ.-ն հանձնվել է ոստիկանություն, 21 օր մնացել Միգրացիոն ծառայությունում ու վտարվել Հայաստան:
«Ես սպասում էի պարտքը վերջանար, որ անձնագիրս տար, բայց այդ պարտքը չէր վերջանում, այլ ավելանում էր»,-ասում է Վ.-ն: Վ.-ն հիմա ամուսնացել է, բայց դեռ չի կարողանում երեխա ունենալ:
«Ես Դուբայում հղիացել էի, Այիշան ինչ-որ հաբեր տվեց, խմեցի, որ վիժեմ: Էդ հաբերից ես վատացել էի: Երեք օր զառանցելուց հետո միայն Այիշան ինձ տարավ Օլգա անունով մի բշժկի մոտ, եւ վիճակս մի քիչ նորմալացավ»,-հիշում է Վ.-ն: Նրա հաշվարկով՝ ինքը Այիշայի «համար» աշխատել է 60.000-70.000 ԱՄՆ դոլար:

Դատարանում Այիշան հակադարձեց վկաներին. «Իրենց անձնագրերը ես չեմ վերցրել, իրենք են տվել ու ասել' Այիշա, դիր սեյֆիդ մեջ, երբ պետք լինի, կտաս: Գիշերները նրանք գնացել են ակումբներ, բայց ես իրենց հետ շատ լավ եմ եղել, իրենց չեմ ճնշել, չեմ դրդել մարմնավաճառության»,-դատավոր Լալայանին վստահեցնում էր Այիշան:

Իսկ նախաքննական ցուցմունքում Այիշան գրել էր. «Վ.-ն չկարողացավ վճարել տան վարձը, վիզայի փողը, եւ ես առաջարկեցի Ռ.-ի նման իմ ղեկավարությամբ զբաղվի մարմնավաճառությամբ»:

«1 ամիս արնահոսել եմ, բայց ինքը ոչ մի բժշկի մոտ չի տարել, էդ վիճակում ստիպում էր դուրս գալ փողոց: Ինձ շատ վատ է վերաբերվել, ծեծել է, փողոցում եմ մնացել ու առանց կոպեկի եկել եմ Հայսատան: Էնտեղ մնացել եմ 1 տարի ու 1-2 ամիս: Մենք պայմանավորվել էինք աշխատածս կիսել՝ 50/50, որ սենց չեղավ, ես չուզեցի աշխատել: Ես էնտեղ ապրել եմ վախի մեջ»,-դատարանում ասում էր երրորդ վկան' Մ.-ն:

Մ.-ն իր ընկերների խորհրդով գնացել է Դուբայ աշխատելու: Աշխատանք գտնելու հույսով առաջին անգամ Դուբայում գտնվելիս նա մարմնավաճառությամբ է զբաղվել կավատ «Բուլդոկ» Աննայի ղեկավարությամբ: Մոր մահվան պատճառով Մ.-ն վերադարձել է տուն: Երկրորդ անգամ Դուբայ գնալու համար իր ծանոթների միջոցով Այիշան է կարգավորել Մ.-ի' Արաբական Միացյալ Էմիրությունների մուտքի վիզան:
«Լուսինեն ինձ վիզա ուղարկեց, իսկ Լուսինեի մայրը' Հասմիկը, իմ համար տոմս էր առել, ու հենց ինքն էլ ինձ օդանավակայանից ճանապարհեց Դուբայ»,-պատմում էր Մ.-ն:

Մ.-ի հաշվարկով' նա Այիշայի «համար» աշխատել է 60-70 հազար դոլար:

Մարմնավաճառները, բացի իրենց աշխատած գումարը, դատարանում նշում էին նաեւ այն փողերի մասին, որոնք իրենց արաբ ընկերները տվել են Այիշային:

Այիշայի դեմ վկայություն տվեց նաեւ Հ.-ն: «Ես վարսավիր եմ, Դուբայում էլ եմ վարսավիրություն արել: Մի քանի անգամ ֆենել եմ Այիշայի մազերը: Այիշան օգնում էր ինձ, որ վարսավիրություն անեմ, հաճախորդներ էր գտնում, հետո ես տեղափոխվեցի իր մոտ' իր վարձակալած բնակարանը: Ես բողոքել եմ դատախազություն, որ նա ինձ պարտք է 5000 դոլար, որը ես Երեւանում տվել եմ նրա մորը' Հասմիկին, պայմանով, որ Այիշան վերադարձնի»,-ասաց Հ.-ն:

Ի պատասխան Հ.-ի՝ պարտքը վերադարձնելու պահանջի՝ Այիշան հայտարարեց, որ իրականում բոլոր աղջիկներին Դուբայ բերելու գործը Հ.-ն է կազմակերպել. «Մարմնավաճառներին' բոլորին, Հ.-ն է բերել Դուբայ, ես նրանց նախկինում չեմ ճանաչել»: Հետո, սակայն, նույն դատական նիստի ընթացքում հանկարծ պատմեց, թե ինչպես է Դուբայի փողոցներից մեկում ծանոթացել Ռ.-ի հետ:
Այիշան նախաքննական ցուցմունքում գրել է. «Ես Ռ.-ին ու Մ.-ին ճանաչել եմ, որ մինչեւ իմ մոտ գալը նրանք մարմնավաճառությամբ են զբաղվել կավատ «Բուլդոկ» Աննայի ղեկավարությամբ»:

Հ.-ի հետ ծագած խնդիրները Այիշան բացատրեց հետեւյալ կերպ. «Հ.-ն մարմնավաճառներից յուրաքանչյուրի համար պահանջել է 5000 դոլար, ես չեմ տվել, դրա համար էլ այսպիսի պատմություն է դարձրել գլխիս: Իմ օգուտն էն էր մարմնավաճառներից, որ ես իրենց վրա փող էի աշխատում, ասենք' վիզայի փողը, տան վարձը, ուտելիքի փողը ավել էի ասում ու էդ արանքում փող աշխատում»:

Նախաքննության Դուբայի փուլում գրած իր ցուցմունքը Այիշան ոչ պնդում էր, ոչ հերքում, բայց դատարանում փոխում էր իր մեղավորության աստիճանը:

«Ես ինձ մեղավոր ճանաչում եմ, որ օգնել եմ, վիզա եմ բացել, ու նրանք եկել են Էմիրություններ, իսկ մեղավոր չեմ ճանաչում, ես նրանց չեմ օգնել մարմնավաճառությամբ զբաղվելու եւ չեմ էլ ղեկավարել նրանց»,-դատական նիստի ընթացքում անընդհատ կրկնում էր Այիշան:

Դուբայում, իր իսկ ասելով, «նորմալ նախաքննական պայմաններում» իր ձեռագրով գրել է, որ իրեն մեղավոր է ճանաչում ՀՀ Քր.օր.-ի 262 հոդվածի առաջին մասով:

Դատական նիստը կշարունակվի հուլիսի 8-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter