HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերման Ավագյան

Մեկ օր ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ հետ

Գերման Ավագյան, լուսանկարիչ-վավերագրող

Տարիքին զուգընթաց սկսում ես գիտակցել, որ լուսանկարչական գլուխգործոց ստեղծելու հույսով պատերազմ մեկնել չի կարելի։ Այդ գլուխգործոցներն ավելի լավ է հարմարավետ աշխատասրահում ծնվեն։ Լավագույն բանը պատերազմում՝ երբ ոչինչ չի կատարվում, եւ ստիպված ես լինում լուսանկարել զինվորների առօրյան։ Խրամատներն են ամրացնում, գերաններ են քարշ տալիս, ջրատարն են վերանորոգում, շիլա են ուտում, սուրճ են խմում, խաղաղ կյանքի մասին անեկդոտներ են պատմում...

Այդ օրը զինվորների համար մի քիչ առանձնահատուկ էր. դիրքեր էին այցելել լրագրողները։ Այն էլ ի՜նչ լրագրողներ՝ երկու սիրունիկ լրագրողուհի։

Բայց՝ առաջ չընկնենք։

Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ «Հետք» կայքում կարդացի հայտարարություն այն մասին, որ Արցախի ՊԲ-ն լրագրողներին հրավիրում է՝ ծանոթանալու արցախյան բանակային կյանքին եւ իրենց հրապարակումներում պատմելու Բանակի պաշտպանունակության մասին։

Խնդրեցի, ցուցակագրվեցի։

Տեղ հասանք, բաժանվեցինք խմբերի։ Յուրաքանչյուր խումբ ընտրեց իր աշխատատեղը։ Անցած-գնացած ճամփաս հիշեցի ու խնդրեցի ինձ տանել հյուսիս։ Երկու տարի առաջ նկարել էի այնտեղ, 2016-ի ապրիլն էր։

Երեքով էինք մեր խմբում՝ Անի Վարդանյանը, Լիլիան Գալստյանը եւ ձեր խոնարհ ծառան։ Հասանք N զորամասի դիրքերը։ Այդտեղից մեզ ուղեկցեց Հրամանատարը։ Սակայն, մեկնումից առաջ հրամանատարը խնդրեց մի քիչ սպասել՝ մինչեւ ստորագրի այդ օրը զորացրվածների զինվորական գրքույկները։ «Շտաբի պետը պետք է ստորագրեր, բայց հիվանդացել է», - պարզաբանեց։

Եթե Երեւանում նախապես պայմանավորվեի, որ հենց նման պահի հայտնվեի աշխատասենյակում, երեւի թե ինչ-որ բան այնպես չէր ընթանա, եւ ես ձեռքիցս բաց կթողնեի այդ պահերը։ Հիմա մենք Հրամանատարի աշխատասենյակում էինք եւ հաճույքով հետեւում էինք զինվորների համար այդ ուրախալի ակնթարթներին։

Տղաների «քաղաքացիական» դառնալուց հետո նստեցինք ավտոմեքենան։


Վերջապես ճամփա ընկանք։ Մեքենայի ղեկին Հրամանատարն էր։ Անին հարցրեց նրան. «Ձեզ մի՞թե վարորդ չի հասնում»։

-Հասնում է, բայց հիվանդացել է, ուղարկել եմ հոսպիտալ։ Այսօր զորացրվում է։ Հոսպիտալից ուղիղ տուն կգնա։ Փաստաթղթերն ուղարկել եմ հոսպիտալ, որ չվերադառնա զորամաս, անտեղի ժամանակ չկորցնի։

Սկսեցի ուշադիր զննել Հրամանատարին։ Ամեն օր չես հանդիպի գնդապետի, որը լուռումունջ, առանց դժգոհելու կատարում է իր ենթակաների գործը։

Ճանապարհին հանդիպեցինք Հրամանատարի Արցախյան առաջին պատերազմի մարտական ընկերոջը։ Նա համառորեն հրաժարվում էր ընկերների հրավերից, պատճառաբանելով, որ շատ զբաղված է։  Երկար համառելուց հետո խոստացավ գնալ Ասկերան. այդտեղ էր կռվել 90-ականներին։

Ճանապարհին կանգ առանք աղբյուրի մոտ։ Հրամանատարը քչքչան աղբյուրի սառնորակ ջուր տվեց աղջիկներին։ Հետո սկսեց հավաքել ինչ-որ մեկի թողած աղբը։ Աղբյուրի կողքի տաղավարում իրենց քաղցը հագեցնող գյուղացիները մոտեցան նրան։ Հրամանատարը խնդրեց նրանցից մեկին.

-Գնալուց առաջ կհավաքեք, էլի, ձեր հետեւից աղբ չթողնեք։

Երդվեցին Հրամանատարին, որ այդպես էլ կանեն։ Վերադարձին՝ Հրամանատարը հայացքը թեքեց աղբյուրի կողմը։ Մաքուր էր, հավաքել-կոկել էին։ Տեղացի գյուղացիները սիրում եւ հարգում են Հրամանատարին։

Ժամանակ առ ժամանակ անտառից զինվորներ էին դուրս գալիս, վազում էին ճամփեզր ու պատիվ տալիս Հրամանատարին։ Ամեն անգամ՝ զինվորի տեսնելով, Հրամանատարն արգելակում էր մեքենան, հրահանգում էր դադարեցնել զեկույցը, բարեւում էր ձեռքով եւ ցածրաձայն հետաքրքրվում ծառայությամբ։ Մի կերպ էի լսում, թե ինչ էր հարցնում Հրամանատարը «նորաթուխ» զինվորներին։ Պարզվում է, «նորաթուխները» կես տարի ծառայածներն են, որոնք այդ օրն առաջին անգամ դուրս էին եկել մարտական հերթապահության։ Վեց ամիս նախապատրաստական ուսուցում էին անցել զորամասում։ Անփորձ զինվորների երբեք չեն ուղարկում առաջնագիծ։

Զինվորների պատասխանները գոհացրին Հրամանատարին։

Ճանապարհին տեսանք խրամատներն ու ապաստարանները կարգի բերող զինվորների։ Հրամանատարը սպասում էր մեքենայի մոտ՝ մեզ հնարավորություն տալով զինվորների հետ շփվել իր բացակայությամբ։ Հետո բացատրեց. «Չէի ուզում ներկայությունս ճնշի տղաներին»։

Մարտական դիրքեր հասանք ճաշի ժամին։

Ճաշից հետո ծխարանը նկարեցի։

Ինձ հետաքրքրում էին Ռուսաստանից Հայաստան վերադարձած զինվորները։ Հենց նրանք, որ հատուկ եկել էին՝ Զինված ուժերում ծառայելու։ Պարզվեց՝ զորամասում ծառայող տղաներ կային ո՛չ միայն Ռուսաստանից. մի պատանի կար, որի ծնողները բնակվում էին Իսպանիայում։

 
Ռուսաստանից եկած նորակոչիկները։ Ձախից աջ՝ Արման Հարությունյան, Անդրյուշ Վարդանյան, Պողոս Քաթունյան

Ռուդիկ Ավետիսյան

Ռուսաստանից վերադարձել է՝ ծառայելու։ Դեկտեմբերին զորացրվելու է։

Ասատրյան Վալերին ծառայել է 1,5 տարի։ Երբ Ռուսաստանից վերադարձավ՝ Հայաստանում ծառայելու, հայերեն չգիտեր։ Հիմա ազատ խոսում եւ գրում է հայերեն։ «Կարեւորն էն է, որ հայերեն եմ մտածում», - ասաց։

Մտածեցի՝ երբ դեռ չէր կարողանում խոսել հայերեն, նույնիսկ այդ ժամանակ է մայրենիով մտածել։ Հակառակ դեպքում Ռուսաստանից չէր հասնի այստեղ։

Շարունակեցինք մեր ճանապարհը։ Պահակետերից մեկում զրուցեցինք տղաների հետ։ Հրամանատարը, նախորդ անգամվա պես, մեքենայից չհեռացավ։

Ապշեցի, երբ տղաները խրամատի խորքերից կոնֆետի տուփ հանեցին ու հյուրասիրեցին լրագրող աղջիկներին։ Երեւի հատուկ այդպիսի դեպքի համար էին պահել։

Ետդարձի ճանապարհին Հրամանատարի տրամադրությունը բարձր էր։ Կանգնեցրեց մեքենան, մոշ հավաքեց, հյուրասիրեց լրագրողուհիներին։

Կեսճամփին մի անգամ էլ կանգնեց։ Այս անգամ հոտավետ խոտ հավաքեց, որի բույրը մեզ ուղեկցեց ողջ հետդարձի ընթացքում։ Կանգառելով զորամասում՝ Հրամանատարը մեզ համար ընտիր թեյ թրմեց ու հյուրասիրեց։

Հավատացեք, կյանքումս դրանից համեղ բան խմած չկայի։

Ինչու՞ տեքստս սկսեցի՝ պատերազմի մասին հիշելով։

Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բնորոշել այն իրավիճակը, երբ երկու սպառազինված բանակ խրամատներում նստած են մեկը մյուսի դիմաց։ Երբեմն՝ միմյանցից 30 մետր հեռավորության վրա։

Մի՞թե դա դիրքային պատերազմ չէ։ Տա Աստված, որ ոչինչ չկատարվի։ Կշարունակեմ նկարել ընթացիկ ծառայությունը։ Ինձ պետք չեն «գլուխգործոցներ»...

Հ.Գ. Ստեփանակերտյան շտաբ վերադառնալիս, գնդապետ Հասրաթյանը ծիծաղելով պատմեց, որ մեր հետախույզները հայտնել են, որ այդ օրը հակառակորդի դիրքերում հայտարարվել էր թիվ 1 պատրաստականություն։

Դիրքից դիրք մեր տեղաշարժը հակառակորդի աչքին լայնամասշտաբ գործողության նախապատրաստություն էր թվացել։

Վախի աչքերը մեծ են...

Մեկնաբանություններ (6)

Aida
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ Լույս, խնկարկում հերոս զինվորների Սուրբ շիրիմներին աստղացած, անմահ Հզոր հրամանատար Կարեն Ջալավյան, Հերոս, անպարտ զինվորներ հայոց, Բիրտ գազաններին մեծ, փոքր եղբայր, Իրեց արյան մեջ պիտ խեղդեք նրանց: Արցախի հերոս... ո՛չ, չզարմա՛ցա, Այլ հպարտությունն համակեց ոգուս, Մարտերում ընկած բազում հերոսներ, Ձեր սխրանքներն է՝ ցավում է հոգիս: Սիրտս է ցավում ձեր մայրերի հետ, Հարազատների, անաղարտ սիրո, Ձեր զավակների ծնված, չծնված... Սխրանքները ձեր անմահ են՝ հիշե՛ք: Բազում հերոսներ է ծնել Արցախը, Հզոր մայրերը ձեր առյուծասիրտ, Ծով արցունքներ է թափել Արցախը, Եվ ողջ ազգը մեր արարող, խաղաղ: Հերոսներ ծնող արծվաբուն Արցախ, Թշնամին անգամ զարմանք է ապրում, Մարշալ, գեներալներ, հերոսներ մինչ օրս, Այսօր հանդգնում սուրբ հողդ է մտնում: Ձեր վերջին դասը տվեք դուք նրանց, Շնագայլերին՝ մեր սուրբ հողը մտած, Հոգով, մարմնով դժոխքի կրակներում Այրվեն՝ գոհանաք մենք, Աստված: ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ 02.10.2020թ.
Դավիթ Հարությունյան
Շնորհակալություն հոդվածի համար Գերման ջան, տա աստված, որ միայն նկարես մեր հաղթանակած բանակի առյուծ քաջերի խաղաղ առօրյան, իսկ մեր առյուծ ու քաջ տղերքին էլ անվտանգ ծառայություն խաղաղ երկինք ու բարի վերադարձ մեր ՀԱՂԹՈՂ ԲԱՆԱԿԻՑ։ ՁԵԶ ՈՒԺ ՈՒ ԿՈՐՈՎ ՄԵՐ ԱՌՅՈՒԾ ՔԱՋԵՐ։
Garbis
Sympathetic commander. Inspires serenity and belief for victories in future battles.
Նարինե Ղազարյան
Այս հրամանատարին սիրում են բոլորը,առաջին հերթին հենց իր զինվորները( կարծում եմ դա նրա ամենամեծ գնահատականն ու արժանիքն է): Իմ տղան էլ է արդեն 7 ամիս ծառայում նրա ղեկավարած զորամասում: Պատմել է նաև նրա մարտական ուղու մասին,ապրիլյան պատերազմին մասնակցությունից..... Քաջ առողջություն եմ մաղթում նրան և մեր բանակի բոլոր զինվորներին,անփորձանք վերադառնաք տուն:
Արայիկ
Շնորհակալություն մեր ԲԱՆԱԿՈւՄ անխոնջ ծառայություն իրականացնող զինվորականների հայրենանվեր ծառայությունը լուսաբանող հերթական ակնարկի համար: Մեր զինվորականներին անփորձանք ծառայություն:
Արա Շարբաթյան
Շնորհակալություն վարպետորեն արված գործի համար! Շատ ջերմ ակնարկ էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter