HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչը նոր քննության է ուղարկել Արզնիի ջրերի գործարանի և «Անելիք բանկ»-ի գործը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մասնակիորեն բավարարել է «Անելիք բանկ» ՓԲԸ-ի (ռեբրենդինգից հետո վերանվանվել և այժմ կոչվում է IDBank) բողոքը: Դատարանը որոշել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը հօգուտ Արզնի ջրերի գործարանի նախկին սեփականատիրոջ Գևորգ Աֆանդյանի («Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի) բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ որոշմամբ նշված ծավալով նոր քննության:



Վերաքննիչ դատարանն անդրադարձել է համաձայնագրի հիմքով կողմերի միջև ծագած իրավահարաբերություններին՝ նշելով, որ Քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Ավելին, Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված համաձայնագիրը նախնական պայմանագիր գնահատելու դեպքում այն պետք է դիտարկել առ ոչինչ գործարք:  

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ համաձայնագրի, ինչպես նաև բառերի և արտահայտությունների բառացի նշանակությունից հետևում է, որ դրանով ոչ թե ծագել է հայցվոր ընկերության գնման նախապատվության իրավունքը, այլ դրանով բանկի և հայցվոր ընկերության միջև ծագել են պարտավորաիրավական հարաբերություններ, մասնավորապես՝ բանկը պարտավորվել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ին կամ նրա նշած երրորդ անձին տրամադրել գնման բացառիկ նախապատվության իրավունք:

Ավելին, ըստ Վերաքննիչ դատարանի, կողմերի միջև կնքված համաձայնագրի բովանդակությունից հնարավոր չէ պարզել, թե ինչպիսի քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման արդյունքում են կողմերը նախատեսել այդ համաձայնագրով սահմանված գնման նախապատվության իրավունք տրամադրել բանկի պարտավորության կատարմանը: Հետևաբար, դատարանը պետք է իրականացներ գնման նախապատվության իրավունք տրամադրելու կարգի վերաբերյալ համաձայնագրի կողմերի իրական կամքը բացահայտելու մասով քննություն: Միևնույն ժամանակ, Վերաքննիչի դիտարկմամբ, այդ իրավունքն իրացնելու կարգ չի սահմանվել, որը խախտած կլիներ բանկը:

Բացի դրանից, համաձայնագրում հստակ նշվել է, որ բռնագանձման ենթակա տույժը պետք է առաջնային ուղղվեր  «Սենթրալ Սթեյշն», «էկոպրինտ» և «Սուփրա» ընկերությունների՝ Բանկի նկատմամբ առկա պարտավորությունների մարմանը: Բանկի տրամադրած տեղեկանքով հիմնավորվել է, որ 29.01.2018թ. դրությամբ «Սենթրալ Սթեյշն», «Սուփրա» ՍՊԸ-ները պարտավորություն չունեն, իսկ «էկոպրինտ» ՍՊԸ-ի պարտքը կազմում է 10 հազար 736 դոլար: Այնուամենայնիվ, առաջին ատյանի դատարանը վճռել է բավարարել հայցը և բանկից հօգուտ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի բռնագանձել 21,9 մլն դոլարին համարժեք դրամ՝ որպես համաձայնագրով սահմանված տույժի գումար:

Վերաքննիչ դատարանն այդպիսով գտել է, որ գործով անհրաժեշտ է իրականացնել նոր քննություն՝ բանկի՝ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ին գնման նախապատվության իրավունք տրամադրելու կարգի և եղանակի մասով կողմերի իրական կամքը բացահայտելու, տույժի գումարը հօգուտ հայցվոր ընկերության բռնագանձելու ծավալով:

Բացի դրանից, Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատարանը հայցը վարույթ ընդունելիս թույլ է տվել ընդդատության կանոնների խախտում. հայցը ենթակա էր հարուցման Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ բանկը Վարդանանց փողոցում է գտնվում: Մինչդեռ գործով հայցադիմումը ներկայացվել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, վարույթ էր ընդունվել և քննվել այնտեղ:

 Այս և այլ պատճառաբանությունների հիմքով՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ այս գործով դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ: Նկատի ունենալով, որ գործով անհրաժեշտ է բեկանված մասով իրականացնել նոր քննություն՝ Վերաքննիչ դատարանը լրացուցիչ չի անդրադարձել բողոքի մյուս հիմքերի հիմնավորումների գնահատման հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter