Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

«Տարոն-Ավիան» դժգոհ է, սեփականատերը՝ վրդովված



Վերջերս գրել էինք, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը մայիսի վերջին նոր կառավարությանն է ներկայացրել առաջարկություն, որի իրականացման դեպքում միայն փոխադրողը կվերադառնա հայկական շուկա: Խոսքը, մասնավորապես, հայկական եւ ռուսական փոխադրողների միջեւ հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու մասին է: Չնայած կառավարությունը, ըստ ընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանի, ստացել է իրենց առաջարկությունը, մինչ օրս պատասխան չկա:

Մեզ հետ զրույցում վերջինս հայտնեց, թե պատճառը միգուցե այն է, որ քաղավիացիայի կոմիտեի նոր ղեկավար է նշանակվել: Ամեն դեպքում, օպերատորը դեռ սպասում է արձագանքի:

Ինչպես հայտնի է, «Տարոն-Ավիան» 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի հունվար Գյումրուց եւ Երեւանից թռիչքներ էր կատարում Ռուսաստանի տարբեր քաղաքներ՝ Կրասնոդար, Սամարա, Մոսկվա, Դոնի Ռոստով: 2016-ի դեկտեմբերից Մոսկվայից Գյումրի է թռչում նաեւ ռուսական «Պոբեդան», որը «Տարոն-Ավիայի»՝ հայկական շուկայում թռիչքները դադարեցնելուց հետո սկսեց Գյումրի թռչել նաեւ Սանկտ Պետերբուրգից եւ Դոնի Ռոստովից: Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը բազային էր «Տարոն-Ավիայի» համար: Երեկ մեզ հայտնի է դարձել, որ հայկական ընկերության դժգոհության պատճառներից մեկը «Շիրակում» իր եւ «Պոբեդայի» միջեւ գնային անհավասար պայմաններն են: Միանգամից ասենք, որ Լ. Քարամյանը այսօր հաստատեց այս տեղեկությունը:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ տեղական օպերատորը գործունեության մեկնարկից հետո շուրջ 6 ամիս աշխատել է քիչ թե շատ նորմալ պայմաններում, բայց հետո օդանավակայանը կտրուկ բարձրացրել է «Տարոն-Ավիայի» ուղեւորների սպասարկման արժեքը, որն իր ազդեցությունն է թողնում տոմսի գնի ձեւավորման վրա:

Սա առնվազն տարօրինակ է, եթե հաշվի առնենք, թե համաշխարհային պրակտիկայում օդանավակայաններն ինչպիսի զեղչեր են կիրառում իրենց երկրի փոխադրողների համար, առավել եւս՝ եթե դրանք բազավորվում են հենց իրենց տարածքում:  

Հիշեցնենք, որ կառավարությունը դեռ երկու տարի առաջ որոշել էր «Շիրակը» զարգացնել որպես բյուջետային ավիաընկերությունների հանգրվան: Դեռ 2014-ի դեկտեմբերի 31-ից այստեղ չի գործում 10.000 դրամ «օդի տուրքը», 2017-ի հունվարից «Շիրակում» 50 տոկոսով զեղչվեց քաղավիացիայի կոմիտեի ենթակայությամբ գործող «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աերոնավիգացիոն ծառայության գինը, իսկ նույն տարվա փետրվարից ավիաօդերեւութաբանական ծառայությունը մատուցվում է անվճար. վերջինս տրամադրում է «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն, որը պատկանում էր ԲՆ-ին, սակայն այս տարվա մարտին կառավարությունը որոշեց կենտրոնը միացնել «Հայաէրոնավիգացիային», այսինքն՝ մտցնել քաղավիացիայի կոմիտեի համակարգ: Չնայած որոշումը կա, ըստ ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգի, «Զվարթնոց» ԱՕԿ-ը դեռ չի լուծարվել: 

Նշված զեղչերը կիրառվել են պետության եւ պետական կազմակերպությունների կողմից, այնինչ ուղեւորի սպասարկման եւ այլ ծառայությունների արժեքը վճարվում է «Շիրակ» օդանավակայանին, ավելի կոնկրետ՝ դրա կոնցեսիոներ (հավատարմագրային կառավարիչ) ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, որը, ինչպես հայտնի է, պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: «ԱՄՕ»-ն նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներն է:  

2013-ին կառավարության ընդունած «բաց երկնքի» ծրագրում, որի հիմքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն է, նշված է օդանավակայանի գների իջեցման մասին. ըստ այդմ՝ արտասահմանյան փոխադրողների համար գնանկումը պիտի խրախուսի դեպի ՀՀ չվերթների ավելացումն ու նոր ուղղությունների բացումը: Հետաքրքիր է, որ ծրագրում նշվել է միայն «Զվարթնոցի» անունը, «Շիրակի» մասին խոսք չկա: Տեղական օպերատորներին աջակցելու համար էլ առաջարկվել է հետեւյալը. ««Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված փոխադրողների համար նվազեցնել օդանավակայանի ընդհանուր վճարների սանդղակը (օրինակ՝ կայանման վճարները, վառելիքի գները)՝ ելնելով Հայաստանում նրանց բացառիկ շուկայական դիրքից»:

Այս մարտին քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արսեն Մանուկյանը մեզ հայտնել էր, որ, մասնավորապես, իջեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչք-վայրէջքների աերոնավիգացիոն սպասարկման եւ աերոդրոմային սակագները, որոնցից առաջինը գանձում է «Հայաէրոնավիգացիան», երկրորդը՝ կոնցեսիոներ «ԱՄՕ»-ն: Թե «Շիրակում» ինչ զեղչեր են արվել կոնկրետ «ԱՄՕ»-ի կողմից, որեւէ խոսք չկա:

Այդուհանդերձ, առաջիկայում կփորձենք ներկայացնել նաեւ կոնցեսիոների դիրքորոշումը «Տարոն-Ավիայի» դժգոհության վերաբերյալ:

Իսկ մինչ այդ այս ընկերության ավիապարկն արդեն կրճատվել է: «Տարոն-Ավիան» մինչեւ վերջերս ուներ 4 հատ «Boeing 737-500», որոնցից երեքը (EK-73772, EK-73775, EK-73776) վարձակալությամբ շահագործվում էին Աֆրիկայում, իսկ մեկը (EK-73797) կանգնած էր Գյումրիում: Մայիսից EK-73797-ի շահագործող է գրանցվել մեկ այլ տեղական ընկերություն՝ «Atlantis European Airways»-ը, որն էլ այժմ օդանավը վարձակալության է տվել Մոլդովայի ազգային ավիափոխադրող «Air Moldova»-ին, եւ այս պահին այն Քիշնեւից թռիչքներ է կատարում եվրոպական տարբեր ուղղություններով:

21.06.2018- Աթենքում, ծածկվել է պոչի «Գյումրի» գրությունը (հեղ.՝ Ալեքս Մարաս) 

Հիշեցնենք, որ EK-73797-ը «Տարոն-Ավիայի» առաջին ինքնաթիռն էր, որն անցյալ տարվա գարնանը Գյումրիում ներկայացվեց որպես «Մհեր Մկրտչյան», ապա սկսեց թռիչքները դեպի Ռուսաստան: Այս մարտին՝ Նովրուզի օրերին, օդանավը վարձակալությամբ հանձնվել էր «Atlantis»-ին, որը մի քանի չվերթ կազմակերպեց դեպի Իրան, իսկ հետո էլ, փաստորեն, դարձավ դրա շահագործող:

Օդանավի վրայից ջնջվել են «Տարոն-Ավիայի» ու Մհեր Մկրտչյանի անունները, ինչպես նաեւ պոչին եղած «Գյումրի» գրությունը:  

22.07.2018- Ստամբուլում, նոր տեսքով (հեղ.՝ Ալփ Ակբոստանջը) 

Թե ինչու է ավիաընկերությունը հրաժարվել իր այս ինքնաթիռից, կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանն ասաց, թե չի կարող պատասխանել: Ըստ էության, փոխադրողի սեփականատեր Գառնիկ Պապիկյանն առավել նպատակահարմար է գտել այն այլ օպերատորի հանձնելը, քան անգործ կանգնած թողնելը, ինչի համար նույնպես պետք է վճարել օդանավակայանին: Մեր դիտարկմանը, թե «Տարոն-Ավիան» Հայաստանում փաստացի դադարեցրել է իր գործունեությունը, Լ. Քարամյանը պատասխանեց, թե չեն դադարեցրել, պարզապես թռիչքներ չեն իրականացնում: Հայտնի է նաեւ, որ Աֆրիկայում թռչող օդանավերից EK-73775-ը ներկայում վարձակալությամբ հանձնվել է մեկ այլ մոլդովական ընկերության՝ «Fly One»-ին, որի հետ համագործակցելու փորձ ունի «Atlantis»-ը: Մեր տեղեկություններով՝ «Տարոն-Ավիայի» շուրջ ստեղծված իրավիճակից եւ դրա հանդեպ վերաբերմունքից խիստ վրդովված ու հիասթափված է ընկերության հիմնադիրը՝ Գ. Պապիկյանը:

Ինչ վերաբերում է «Atlantis»-ին, որը պատկանում է ՔԱԳՎ նախկին պետի տեղակալ Արամ Մարությանին եւ որը, ունենալով օդանավ շահագործողի վկայական, սեփական թռիչքներ գրեթե չի կատարում, ապա այս օպերատորը շարունակում է իր ինքնաթիռներն արտասահմանյան փոխադրողներին վարձով տալու պրակտիկան: Բացի EK-73797-ից, ինչպես գրել ենք, այն ունի 2 հատ «Airbus 320-200» (EK-32002, EK-32008), որոնք նախկինում շահագործում էր «Fly One»-ը, իսկ ներկայում՝ հունական «Ellinair»-ը: 

Այս պահին «Տարոն-Ավիան» ու «Atlantis European Airways»-ն իրենց ունեցած 3-ական ինքնաթիռներով հայկական ավիաընկերությունների մեջ առաջինն են մարդատար օդանավերի թվով: Բայց երկուսն էլ ավիապարկն օգտագործում են Հայաստանից դուրս՝ այլ փոխադրողների վարձակալության տալով:

Առաջիկայում կանդրադառնանք մարդատար ավիացիա մտնել պատրաստվող տեղական փոխադրողներին:  

Գլխավոր լուսանկարում՝ Գառնիկ Պապիկյանը՝ 2017-ի ապրիլի 10-ին կայացած օդանավի շնորհանդեսի ժամանակ


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լևոն Ղազարյան11:53 - 28 հուլիսի, 2018
Պարոն Սարուխանյան, իսկ կարող եք ցույց տալ մի ավիատոր, որ գոհ է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ