HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզում տարիներով չվճարված հարկային պարտավորության չափը հատել է 260 մլն դրամի շեմը

ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի կատարում վարչական դատարանի վճիռները: Արմավիրի քաղաքապետարանը դեռևս 2016թ. երկու հայցերով գումարի բռնագանձման հայցապահանջ էր ներկայացրել այն ժամանակ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի դեմ: Վարչական դատարանը երկու պահանջներն էլ բավարարել է մասնակի: Ըստ վճիռների՝ Ռուստամ Գասպարյանը տարիներ շարունակ չի վճարել  «Նիսսան Արմադա 5.6» և «Մերսեդես-Բենց GL450 4MATIC» մակնիշների ավտոմեքենաների գույքահարկի գումարները:

Արմավիրի մարզպետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ռուստամ Գասպարյանը Արմավիրի քաղաքապետարանին չի վճարել 1 մլն 642 հազար դրամ գույքահարկ, որից 526 հազար դրամը հաշվարկված տույժերն ու տուգանքներն է: Այս դատական վեճին «Հետք»-ն անդրադարձել էր դեռևս տարիներ առաջ:

Ռուստամ Գասպարյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Պարզվում է Ռուստամ Գասպարյանը միակը չէ, Արմավիրի մարզում խոշոր հարկատուները տարիներ շարունակ չեն վճարել հողի հարկի և գույքահարկի վարձավճարները: Այդ հարկատեսակների մասով չվճարված գումարի չափը հուլիսի 1-ի դրությամբ հասնում է մոտ 262 մլն դրամի: Արմավիրի մարզպետարանից «Հետք»-ին տեղեկացրին, որ մարզպետ Գագիկ Միրիջանյանը խոշոր հարկատուներ ունեցող համայնքների ղեկավարներին առաջարկել է օրենքով սահմանված միջոցներով գործուն քայլեր ձեռնարկել տարիներ շարունակ չվճարված հողի հարկի և գույքահարկի գումարները գանձելու ուղղությամբ:

Նշենք, որ 11 մլն 170 հազար դրամի պարտք էլ կուտակվել է վարձակալության տրված գույքի  վարձավճարներից:

Միայն Արմավիրի քաղաքապետարանին հողի և գույքահարկի գծով պարտքը կազմում է 27 մլն 903 հազար դրամ: 4 մլն 922 հազար դրամ էլ վարձակալության դիմաց քաղաքապետարանին չվճարած հարկերն են:

Նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին պատկանող (Ալրաղացի Լյովիկ) «Գրանդ Վիլլա» ՍՊԸ-ն ևս չի վճարում իր հարկերը: Նա սահմանամերձ Բագարան համայնքին պարտք է 3 մլն 724 հազար դրամ, իսկ հարևան Երվանդաշատին՝ 10 մլն 610 հազար դրամ:

Մեծամորի քաղաքապետարանի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չեն կատարել «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն՝ 3 մլն 771 հազար դրամ և ՀԱԷԿ ՓԲԸ-ն՝  2 մլն 681 հազար դրամ:

Մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հարկերը չեն վճարում նաև պետական հիմնարկները: Օրինակ՝ «Խաղողապտղագինեգործական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքին պարտք է 8 մլն 761 հազար դրամ: Նշենք, որ կառավարության 02.06.2011թ. թիվ 768-Ն որոշմամբ «Խաղողապտղագինեգործական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին` ստանալով մասնաճյուղի կարգավիճակ: 

Մարզպետարանից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս գործով հայց է ներկայացվել դատարան, «որի համար կկայացվի համապատասխան վճիռ»: «Դատալեքս» տեղեկատվական պորտալի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այս գործով վաղուց կայացվել է դատական ակտ: Մասնավորապես՝ Պետական ագրարային համալսարան ՊՈԱԿ-ի դեմ Նալբանդյանի համայնքապետարանը հայցադիմում ներկայացրել է դեռևս 2012թ. նոյեմբերին: Վարչական վերաքննիչ դատարանը հայցը մերժել է, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել:

Ամենամեծ պարտքերը կուտակվել են Էջմիածին քաղաքում: Հողի և գույքահարկի գծով խոշոր պարտավորություններ ունեցողները համայնքապետարանին չեն վճարել 118 մլն 112 հազար դրամ:

Միայն 5 մլն դրամ կազմում է Կադաստրի Էջմիածնի ստորաբաժանման նախկին պետ Շիրազ Հարությունյանին պատկանող «Անտառային Գեղեցկուհի» ՍՊԸ-ի պարտքը: Գործը գտնվում է ԴԱՀԿ-ում: Այս ընկերությանը սնանկ ճանաչելու գործ է քննվում նաև դատարանում:

Շիրազ Հարությունյանը, վերջինիս կինը՝ Լյուդմիլա Հարությունյանն ու քրոջ որդին՝ Ժակ Սարգսյանը, հնարավոր է` զրկվեն Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականության իրավունքից: Պատճառը տարիներ շարունակ չվճարած հողի հարկն է։ Նման պահանջով դատարան է դիմել Ամբերդի համայնքապետարանը և դատական ակտ դեռ չի կայացվել:

«Հետք»-ն այս գործի մասին ևս գրել է: Շիրազ Հարությունյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին գյուղում խոշոր հողատեր է դարձել՝ գնելով համագյուղացիների հողաբաժինները: Դրանց մի մասը ձևակերպված է կնոջ անունով: Հողերի մի մասը խաղողի այգի է, մյուս մասը՝ վարելահող: Ընդհանուր հաշվով համայնքում սեփականության իրավունքով միայն Շիրազ Հարությունյանն ունի մոտ 13,5 հա հողամաս:

Հարությունյանների և Ժակ Սարգսյանի՝ Ամբերդի համայնքապետարանին ունեցած հողի հարկի պարտքը կազմում է 4 մլն 255 հազար դրամ:

Մարզի Մերձավան համայնքին գույքահարկի գծով 4 մլն 827 հազար դրամի չափով պարտք են իրար հետ փոխկապակցված երկու ընկերություն՝ «Մերձ Տրանս» և «Կարեն-Իշխան» ՍՊԸ-ները: «Մերձ Տրանս» տրանսպորտային ընկերությունը հիմնադրվել է 2003թ. Երևան քաղաքում: Թաթուլ Գևորգյանը ընկերության համահիմնադիրն է և գլխավոր տնօրենը: Ընկերությունն ունի նաև իր դուստր ձեռնարկությունը՝ «Կարեն Իշխան», որի ղեկավարներն են Կարեն և Իշխան Գևորգյանները:

Ընկերության հիմնական մասնագիտացումը բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումն է: Տարիներ շարունակ «Մերձ Տրանս» ընկերությունը զբաղվում է սննդամթերք, թարմ մրգեր և բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ և ըմպելիքներ, սարքավորումներ, կահույք, շինանյութեր, պահեստամասեր, ինչպես նաև տարբեր չափսերի ու ծավալի այլ բեռների փոխադրումով:

Մի քանի համայնքներ դժվարություններ ունեն գումարները հավաքագրելու հարցում: Որոշ դեպքերում հայտնի չէ պարտապանների գտնվելու վայրը, որոշները մահացել են կամ սնանկ են ճանաչվել:

Մեկնաբանություններ (1)

Տաթև
Բայց Արմավիրի մարզում այնքան լավ գիտեն այդ հարկերը սովորական գյուղացիներից գանձելու ձևերը, օրինակ՝ ուսուցիչներից առանց իրենց համաձայնության աշխատավարձից հարկերը պահելը կամ՝ գյուղապետարանից ցանկացած տեղեկանք տրամադրել միայն բոլոր պարտքերը մարելուց հետո միայն: Էդ տեսնես էդ մեթոդներն ինչի՞ են մենակ հասարակ մարդկանց վրա կիրառվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter