Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կառավարությունը Վարդան Հարությունյանի որդիների ընկերությանը երկու արտոնություն տրամադրեց



Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ընկերությանը երկու արտոնություն տրամադրել։

Գործադիրի տրամադրած արտոնության համաձայն՝ ընկերությունը Հայաստան կներմուծի գյուղատնտեսության մեջ օգտագործվող 133 անուն, 660 միլիոն դրամ արժեքով ապրանք` ներմուծման մաքատուրքից ազատելով։ Ընկերությունը այս ապրանքները հանրապետություն է ներմուծելու Իտալիայից։

«Գրին ֆարմեր»-ին տրամադրած մյուս արտոնությունը վերաբերում էր ԱԱՀ-ի վճարը երեք տարի  հետաձգելուն։ Համաձայն այդ արտոնության՝ «Գրին ֆարմեր»-ը հուլիսի 20-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը Հայաստան կներմուծի ապրանքներ՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը երեք տարի անց վճարելով:

Հարցը զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ ընկերությունը կատարելու է 1,4 միլիարդ դրամ սեփական միջոցների և շուրջ 470 միլիոն դրամ վարկային ռեսուրսների ներգրավմամբ ներդրում։

Նրա տեղեկացմամբ՝ ընկերությունը ներմուծվող սարքավորումները օգտագործելու է Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցվող ինտենսիվ այգիների աշխատանքներում և երեք տարում ստեղծելու է 150 աշխատատեղ՝ միջին աշխատավարձը 120 հազար դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինասյանի հարցի զեկուցումից հետո կառավարության անդամներին հայտնեց․ «Արձանագրենք հետևյալը, որ այսպիսի որոշումներ կայացնելու հարցում ըստ էության կառավարության դերը տեխնիկական է, որովհետև կան սահմանված չափորոշիչներ՝ ֆինանսների նախարարությունը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և պետական եկամուտների կոմիտեն այդ չափորոշիչներով գնահատում են, և որոշակի միավոր է հավաքում առաջարկը։ Միավորից վերև ընդունվում է, այդ միավորից ներքև` չի ընդունվում»։

Փաշինյանը նախարար Արծվիկ Մինասյանին ասաց, որ հույս ունի` արտոնության տրամադրման գնահատումը այդ գերատեսչություններում կատարվում է օբյեկտիվ և թափանցիկ։ Մինասյանը կառավարության ղեկավարին հայտնեց, որ արտոնությունը տրամադրվում է հստակ չափանիշերով, և սուբյեկտիվիզմը հասցվել է նվազագույնի։

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հայտնեց, որ պետք է համոզված լինեն, որ խոստացված ներդրումը կատարվել է և պատշաճ կերպով ծառայում է ըստ նպատակի։

Հիշեցնենք, որ կառավարությունն այս ընկերությանը նման արտոնություններ տրամադրել էր նաև 2017 թվականի հուլիսի 20-ին։

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ ՊԵԿ նախագահի որդիներ 21-ամյա Հենրիկ Հարությունյանը և 22-ամյա Ռուբեն Հարությունյանը կիսում են «Գրին ֆարմեր» ընկերության 17-ական % բաժնեմասեր, իսկ ընկերության 66 % բաժնեմասը պատկանում է Արման Աբրահամյանին։

Նշենք, որ ընկերությունն ամիսներ առաջ Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցում էր ինտենսիվ այգիներ, իսկ Հրազդան քաղաքում նաև կառուցում է լոլիկի ջերմոցային տնտեսություն։ 2017 թվականի հունիսի 20-ին, երբ գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով մեկնել էր Կոտայքի մարզ, նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել էր ՊԵԿ նախագահի որդիներին պատկանող լոլիկի արտադրության ջերմոցային համալիր: Ինչպես տեղեկանում ենք այցելության մասին հրապարակված հաղորդագրությունից, «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել էր, որ մինչ 2017-ի տարեվերջ նախատեսվում էր ավարտել ջերմոցային համալիրի շինարարությունը, որի համար ներդրվելու էր 5,5 մլրդ դրամ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ