HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Բարձրաստիճան պաշտոնյաների զավակների զինապարտության ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են»

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօրվա նիստին առաջարկեց երկարաձգել ամառային զորակոչը՝ մինչ օգոստոսի 11-ը ներառյալ։ Նախարարի խոսքով՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է զինապարտ քաղաքացիների բժշկական հետազոտությունների, ինչպես նաև հանրակրթական ծրագրերը չավարտած 18 տարին լրացած անձանց տարկետման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։ Տոնոյանը վստահեցրեց՝ այս որոշումը որևէ կերպ չի ազդելու զորացրումների գործընթացի վրա։

Այս հարցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում արեց՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների զինծառայությանը։

«Բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցի շուրջ հրապարակային քննարկում եղավ, թե արդյոք այս թեման ուսումնասիրվու՞մ է, թե ոչ։ Ես ուզում եմ ասել՝ այդ թեման ուսումնասիրվում է և՛ ոստիկանության, և՛ գլխավոր դատախազության, և՛ ԱԱԾ-ի կողմից, պետք է վստահելի պատասխաններ ունենանք այս հարցերի շուրջ։ Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մի զորակոչի սահմաններում, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը վստահեցրել էր, որ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների և վերջիններիս զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը ստուգվում է։

«Ես ցավով եմ ասում՝ նախնական տվյալներով որոշ բացահայտումներով զորակոչի ոլորտում դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ, զարմանալի է, որ մեր երկրում՝ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում, կարող են նման չարաշահումներ տեղի ունենալ պաշտոնատար անձանց կողմից, սա ուղղակի խայտառակություն է, այդ ոլորտում հետևողական և շարունակական աշխատելու ենք բոլոր չարաշահումները արմատախիլ անելու համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ զարմանալին այն է, որ իր նման հայտարարություններից հետո կան անձինք, որոնք փորձում են իրենց հարցերը կարգավորել կաշառքի միջոցով։

«Ինչ-որ մարդկանց թվում է, թե կատա՞կ ենք անում, էդքանից հետո գնում են կաշառք տալիս, կաշառք վերցնում, վերջում ձերբակալվում, ասում են` վայ, էս ի՞նչ եղավ. եղավ այն, ինչ պետք է լիներ ու լինելու է, որևէ մեկի մտքով չանցնի, թե որևէ կետում, որևէ պատճառով կկանգենք. նորից պաշտոնապես հայտարարում եմ՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter