HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն․ Փաշինյան. «Տենդեր բառի` մեզ բոլորիս հայտնի իմաստները մենք պետք է կարողանանք հաղթահարել, արմատախիլ անել»

Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Վայոց ձորի մարզպետարաններին կհատկացվի 666 միլիոն 54 հազար դրամ՝ սուբվենցիաներ ստանալու համար։

Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստին: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ում խոսքով՝ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սուբվենցիաներ ստանալու նպատակով համայնքներից ստացված տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորմամբ։

«Ծրագրի արժեքը կազմում է 880 միլիոն 722 հազար դրամ և, մրցույթների արդյունքում, այն կազմել է 666 միլիոն 54 հազար դրամ, որից պետական բյուջեի համաֆինասնավորման մասը կազմում է 278 միլիոն 990 հազար դրամ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մի քանի հարցերի շուրջ ֆինանսների նախարարի հետ պետք է քննարկումներ անեն, ուստի մի քանի օր ժամանակ խնդրեց նախագծի վերջնական խմբագրման համար։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց նախագիծը հաստատել՝ պայմանով, որ առաջիկա օրերին վիճահարույց կետերը կփոփոխվեն։

Հարցի վերաբերյալ խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Փաստորեն սուբվենցիաների ծրագրով ֆինանսավորում ենք տալիս, չնայած այս ոլորտում խոստացել ենք շատ մեծ թիվ հատկացնել այդ նպատակին, բայց այս ոլորտում կարծես թե դեռևս չենք կարողանում աշխուժություն ապահովել, ի՞նչ ենք անում սրա հետ կապված, որովհետև մենք խոստացել էինք, որ սուբվենցիաների ծրագրով 10 միլիարդ դրամ այս տարի պատրաստ ենք հատկացնել, բայց մեր թվերը պտտվում են 200-300 միլիոնի շրջանակներում, ո՞նց ենք լուծելու էս խնդիրը»,- հարցրեց նա։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց, որ կլինի երկու փուլ, փաթեթները վերջնական փուլում են, առաջիկայում կներկայացվեն հաձնաժողովի քննարկմանը։

«Այնուամենայնիվ 10 միլիարդ դրամը, որը առաջարկվել էր ձեր կողմից, այս տարի սպառել չենք կարող, իմ առաջարկությունը հետևյալն է՝ մյուս տարվա հայտերը սկսենք ընդունել նոյեմբեր ամսից, որպեսզի մյուս տարվա սկզբից կարողանանք ֆինանսավորումը կատարել, որ տարվա ընթացքում այնպիսի շինարարական աշխատանքները, որ եղանակային պայմանների պատճառով կարող են չիրականանալ, նման խնդրի առաջ չկանգնենք»,- մանրամասնեց Պապիկյանը։

Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանի բացահայտումները ցույց են տալիս, որ նման ծրագրերում ռիսկեր կան։

«Մենք պետք է ապահովենք, որ այս ծրագրերը ճշգրիտ իրականացվեն, մրցույթները պատշաճ որակով, մակարդակով իրականացվեն, տենդեր բառի` մեզ բոլորիս հայտնի իմաստները մենք պետք է կարողանանք հաղթահարել, արմատախիլ անել»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին և կոչ անելով այդ հարցում նախանձախնդիր լինել։

Փաշինյանի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը գործընթաց է սկսել պետական գնումների համակարգը բարեփոխելու ուղղությամբ։

«Մենք ասում ենք՝ պետության միջոցները սահմանափակ են, բայց երբ ուսումնասիրում ենք, թե սահմանափակ գումարներն ինչպես են օգտագործվում, տեսնում ենք, որ իրականում այնքան էլ սահմանափակ չեն, որովհետև օգտագործվում են հնարավորությունների 30-40%-ով, մնացածը՝ «նետեք ձորը» վիճակ է։ Իմ տպավորությունն այնպիսին է, որ եթե առկա միջոցները ծախսենք արդյունավետ` լրիվ ուրիշ վիճակ կլինի բոլոր ոլորտներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ չի եղել որևէ դեպք, որ ստուգում իրականացնելու լիազորություն ունեցող մարմինները որևէ տեղ ստուգումներ իրականացնեն և ոչինչ չբացահայտեն։

«Կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով պետական միջոցները փոշիացվում են»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ պարզ է, թե ինչու համայնքները գումար չունեն սուբվենցիաների համաֆինանսավորման ծրագրին մասնակցելու համար, որովհետև կան դպրոցներ, որտեղ աշխատանքի են նշանակվել ինչ-որ մարդկանց բարեկամներ և գումար են ստանում, բայց աշխատանքի չեն գնում, ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի այժմ էլ տրամադրվող գումարներն օպտիմալ կիրառվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter