HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

1 մլն եվրոյից ավել Հայաստանը վճարել է՝ Մարդու իրավունքների կոնվենցիան խախտելու համար (ինֆոգրաֆիկա)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2007 թվականից մինչև 2018թ.-ի հունիս ամիսը Հայաստանի Հանրապետության դեմ 93 վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ի վճիռների հիմքով Կառավարությունն այս տարիների ընթացքում պետական բյուջեից փոխհատուցել է 1 միլիոն 158 հազար 290 եվրո:

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության կայքում ՄԻԵԴ-ի վճիռների վերաբերյալ առկա տեղեկատվությունից:

Հայաստանը 2002-ին վավերացրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան` այսպիսով ճանաչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը:

Դատարանը Հայաստանի վերաբերյալ առաջին վճիռը կայացրել է 2007 թվականին: Առաջինը, որն արձանագրվել է ՄԻԵԴ-ի կողմից, հավաքների և միավորման ազատության իրավունքի խախտումն է: Այս գործով դիմումատուն եղել է քաղաքացի Արմեն Մկրտչյանը: Չարտոնված երթ անցկացնելու հիմքով Մկրտչյանը ներպետական դատարանում 500 դրամ վարչական տուգանքի է ենթարկվել: Դատարանի վճռի դեմ բողոքարկման ներպետական ատյանները սպառած Մկրտչյանը դիմել է ՄԻԵԴ ու ներկայացված հայցում պահանջել  5000 եվրո` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Քննելով գործը՝ ՄԻԵԴ-ը գտել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված հավաքների ազատության իրավունքի խախտման արձանագրումն ինքնին հանդիսանում է արդարացի ոչ նյութական փոխհատուցում:

Ամենաշատ վճիռները Հայաստանի դեմ կայացվել են 2012թ.-ին` (16 վճիռ), 2016թ.-ին` (15 վճիռ) և 2017թ.-ին` (12 վճիռ):

Հայաստանի կողմից ամենաշատ խախտված իրավունքն, ըստ ՄԻԵԴ-ի վճիռների Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքն է, այնուհետև սեփականության պաշտպանության իրավունքը։

2013թ.-ին և 2015թ.-ին Եվրոպական դատարանը Հայաստանի Կառավարությանն ամենաշատ գումարն է պարտավորեցրել վճարել դիմումատուներին՝ որպես արդար փոխհատուցման գումար:

Առանձնացրել ենք նաև տվյալներ այն մասին, թե  յուրաքանչյուր գործով Հայաստանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելու և/կամ դիմումատուների կողմից ՄԻԵԴ դիմելու պահին ով է եղել Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահը:

Նշենք, որ Հայաստանը, անկախությունից ի վեր, վճռաբեկ դատարանի երեք նախագահ է ունեցել` Հենրիկ Դանիելյանը, ով պաշտոնավարել է 1998 թվականից մինչև 2005 թվականի հունիս, Հովհաննես Մանուկյանը, ով պաշտոնավարել է 2005-ի հունիսից մինչև 2008-ի սեպտեմբերի 16-ը և Արման Մկրտումյանը, ով պաշտոնավարել է 2008-ի սեպտեմբերի 17-ից մինչև 2018-ի հունիսի 5-ը:

Հարցում էինք ուղարկել Արդարադատության նախարարություն` պարզելու, թե ՄԻԵԴ-ի վճիռների հիմքով խախտում թույլ տված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ինչպիսի վիճակագրություն կա:

Ի պատասխան մեր հարցմանը` նախարարությունից հայտնել են, որ 2007 թվականից մինչ այսօր ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների հիման վրա ՀՀ արդարադատության նախարարը հարուցվել է միայն մեկ կարգապահական վարույթ և ՀՀ արդարադատության խորհրդի կողմից մեկ դատավոր ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Խոսքը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանին կարգապահական տույժի ենթարկելու մասին է:

Նշված դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է այն ժամանակ, երբ Արդարադատության նախարար է եղել այժմ ԲԴԽ անդամ հանդիսացող Գևորգ Դանիելյանը: «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ մեղադրյալից և վկաներից բռնության և սպառանալիքի միջոցով ձեռք բերված վկայություններն օգտագործվել են դատարանում: Արդարադատության խորհուրդը, վերը նշված կարգապահական վարույթը քննելով, որոշել է դատավոր Լեռնիկ Աթանյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել՝  խիստ նկատողություն՝ զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

Ստորև ծանոթացեք 2007-2018թթ-ին ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներով գործերի համառոտ նկարագրությանը։ Սեղմելով Կոնվենցիայի յուրաքանչյուր հոդվածի վրա՝ կարող եք տեսնել այդ հոդվածով գործերը։ Սեղմելով յուրաքանչյուր գործի համառոտ նկարագրության վրա՝ կարող եք մեծացնել այն, և հերթով թերթել՝ հաջորդն ընթերցելու համար։ 


Ինֆոգրաֆիկան՝ Անի Հովհաննիսյանի
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter