HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում կրկին տապալել են «Արարատցեմենտի» արտադրամասի վերաբերյալ հանրային լսումը

Այսօր՝ ժամը 15:00-ին, Կապանի համայնքապետարանում նախատեսված հանրային լսումը, որը վերաբերում էր «Արարատցեմենտ» ընկերության կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելուն, տեղի չի ունեցել: Սա թվով երրորդ լսումը պետք է լիներ:

Հիշեցնենք, որ արդեն տեղի է ունեցել աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկու լսում, բայց հունիսի 27-ին երրորդ լսումը կապանցիները տապալել էին՝ պահանջելով չեղարկել այն և կասեցնել արտադրամասի կառուցումը: Փաստորեն, երրորդ լսումը տապալվում է երկրորդ անգամ:

Այսօր կապանցի ակտիվիստները աթոռներ էին դրել համայնքապետարանի դահլիճի մուտքի մոտ ու նստել, որպեսզի թույլ չտան լսման մասնակիցներին ներս մտնել: Դժգոհ քաղաքացիներն «Արարատցեմենտից» պահանջում էին կասեցնել արտադրամասի կառուցումը՝ նշելով, որ այն բնապահպանական, առողջապահական խնդիրներ է առաջացնելու Կապանի բնակիչների համար:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի («Արարատցեմենտն» այս կոնցեռնի մաս է) փոխտնօրեն Արայիկ Կեսոյանը բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկեց դահլիճ մտնել, խոսել, ապա հարցրեց՝ հնարավո՞ր է աշխատել իրար հետ, ինչին բացասական պատասխանել ստացավ: Կեսոյանն այնուհետ հայտարարեց, որ համայնքապետարանը չի ապահովել հանրային լսումը՝ դրանով իսկ օրենք խախտելով, ինչից հետո, չսպասելով պատասխանի, հեռացավ շենքից:

Կապանի համայնքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանի օգնական Արմեն Սարգսյանը, ի պատասխան Կեսոյանի, նշեց, որ համայնքի կողմից պատշաճ կատարվել է պարտավորությունը, համայնքապետարանի կայքում օրեր առաջ ծանուցում է հրապարակվել հանրային լսման մասին: «Կապանցիներին դատի՞ են տալու»,- հարցրեց ակցիայի մասնակիցներից մեկը, ինչին ի պատասխան մեկ այլ մասնակից ասաց. «Թող դատի տան, ժողովուրդը չի թողնելու»:

Առաջին լուսանկարում՝ Կապանի օդանավակայանի թռիչքուղին, Երևան-Կապան մայրուղին, ցեմենտի արտադրամասը

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Ապրե՛ք,կապանցիներ: Պոչամբարներով ու հանքային թափոններով շրջապատված Կապանին հենց ցեմենտի փոշին էր «պակասում»: «Արարատցեմենտը» ապօրինի գործողություններ է իրականացրել Կապանում: Կապանցի իրավապաշտպան Արշավիր Խալափյանը ձեզ սրա մասին մանրամասն կասի. հարցրեք իրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter