HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արցախի արևելյան սահմանի դիրքերից մեկում

«Հետք»-ը մի քանի ժամով հյուրընկալվել էր Արցախի արևելյան սահմանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին։ Այցելության մասին դիրքապահները տեղյակ էին, եւ նրանք որոշել էին նաեւ, որ իրենց հետ պետք է ճաշեմ։ Օրվա պատասխանատուն՝ շարքային Վահան Մովսիսյանը, ստանձնել էր «սեղան գցելու» գործը։

Վահանը Արմավիր քաղաքից է, մինչ զորակոչվելը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ։ Ուսումնառությունը կիսատ է թողել՝ երկրորդ կուրսից զորակոչվելով պարտադիր զինվորական ծառայության։ Ասում է՝ զորացրվելուց հետո ուսումը շարունակելու է, որպեսզի աշխատի  մասնագիտությամբ։

Ծառայությունից չի դժգոհում, այն օգտակար է համարում առաջին հերթին լավ ընկերներ ձեռք բերելու համար։ Ասում է՝ լինում են իրավիճակներ, երբ ծառայակիցներով վիճաբանում են, բայց դա էլ նորմալ է։

«Դե անհնար է, որ մի քառակուսի մետրի վրա յոթ-ութ տղա ապրի ու վեճ չլինի, բայց ամեն խնդրի տալիս ենք ճիշտ գնահատականը, բանը չի հասնում նրան, որ կռվենք»,- ասում է Վահանը։

Հարցին՝ ընկերուհի ունի՞, լայն ժպտում է, ապա ասում՝ ունի սիրած աղջիկ, բայց իրեն սպասելու կոչ չի անում, ասում է՝ դե գիտի, որ պիտի սպասի և նորից ժպտում է։

Ծառայակից ընկերները տեսախցիկի առաջ խոսել չեն ուզում, ասում են՝ Վահանն ամեն ինչ կպատմի։

Դիրքի ավագը ցույց է տալիս դիրքի թաքստոցը, ծանոթացնում դիտորդների աշխատանքին, որոնք հերթապահում են երկու ժամը մեկ։ Դիրքն ապահովված է գիշերային տեսախցիկներով և մշտադիտարկման սարքերով, որոնցով դիրքապահները հետևում էին հակառակորդի ամեն մի շարժին։

Ապրիլյան պատերազմից հետո նման սարքեր կան գրեթե բոլոր դիրքերում: Երբ տվյալ շրջանի հրամանատարի աշխատասենյում էինք, նա իր համակարգչի միջոցով հետևում էր ամբողջ շրջանի իրավիճակին։ Իսկ ՊԲ բոլոր ուղղություններով հակառակորդի շարժի ամբողջ տվյալները տեսանելի են ՊԲ հրամանատարին։

Դիրքում առաջինը, որ ուշադրությունս գրավեց, տղաների հնարամտությունն էր՝ «ծխելու գոտի» տարբերանշանը։ Այդ տարածքն այն վայրն էր, որտեղ ճաշում ու սրճում էին տղաները, այն ամբողջությամբ կանաչապատ էր՝ ուշադրություն չգրավելու համար և ինչ-որ առումով սրճարանի տեսք էր ստացել։

Հարևան դիրքից կապ էին տվել՝ ճշտելու դիտարկման հետ կապված հարցեր։ Ասացին, որ հարևանություն են անում մյուս դիրքի տղաների հետ, երբ սուրճ, թեյ և այլ պարագաները չնախատեսվածից շուտ ավարտվում են, դիմում են հարևանների օգնությանը։

Դիրքապահների մոտ ամեն օր գալիս է «հացի մեքենան», այն միայն հաց չէ, որ բերում է, նաև այլ սնունդ, որոնք վերջացել են՝ կարագ, ձեթ, պանիր։

Մյուս դիրքի համար մեքենայի ճանապարհ չկա, այն դիտարկվում է հակառակորդի կողմից, կրակոցներ են լինում մեքենաների ուղղությամբ։ Տղաները ստանում են նաև հարևան դիրքի զինվորների համար նախատեսված հացը։

Ճանապարհում ենք «հացի մեքենան», մեկ ժամ անց գալիս է ջրի ցիստեռնով մեքենան, զինվորները հավաքում են տարաների մեջ իրենց համար նախատեսված ջուրը։

Մի քանի րոպե անց մեքենան գալիս է իմ հետևից, հաջողություն ենք մաղթում միմյանց։ Վահանը մեկնելուց առաջ կատակում է՝ «բա օտպուսկիս հարցը կլուծվի՞»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter