HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դատարանը բավարարեց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանի աշխատանքում վերականգնվելու հայցապահանջը

Շիրակի համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանի, նույն համալսարանի ռեկտորի՝ 2018թ-ի մարտի 15-ի հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին հայցով հունիսի 17-ից սկսված դատավարությունն ավարտվեց հօգուտ հայցվորի: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը,  դատավոր Հովհաննես Ղազարյանի նախագահությամբ, վճռեց վերականգնել Գագիկ Համբարյանի աշխատանքային իրավունքը համալսարանում և Շիրակի համալսարան հիմնդրամից 194 հազար դրամ բռնագանձել հօգուտ հայցվորի:

Հիշեցնենք, որ համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանն աշխատանքից ազատվել էին 2018թ.-ի մարտի 15-ին աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 122-րդ հոդվածի 2-րդ կետերով: Պայմանագրերի լուծարման հիմքում դրվել էին ՇՊՀ գիտական խորհրդի, ինչպես նաև նույն խորհրդի որոշմամբ ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումները: Աշխատանքի ազատման հրամանները դասախոսները չէին ստորագրել եւ հայտարարել էին, որ պատրաստվում են իրենց իրավունքները վերականգնել դատական կարգով:

Վճիռի հրապարակումից հետո Գագիկ Համբարյանը հայտարարեց, որ երկրում իրավիճակի փոփոխման հետ կապված ինքն արդար վճռի հույս ուներ: «Եթե հիշում եք` ԿԳ նախարարը համալսարան կատարած այցի ժամանակ առաջարկել էր ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին ինձ եւ Խորիկյանին աշխատանքում վերականգնելու տարբերակը, որը սակայն այդպես էլ մնաց օդի մեջ: Դա էր պատճառը, որ մենք գնացինք դատական ճանապարհով: Ինձ եւ Խորիկյանին աշխատանքից ազատելն իրենք հիմնավորել էին մեր հանրային գործունեությամբ՝ պատճառաբանելով, որ սոցցանցերում կատարած իմ գրառումները վնասում են համալսարանի համբավին, այն դեպքում, որ իմ բարձրաձայնումներն ամբողջը վերաբերում էին բուհում տեղի ունեցած ու ունեցող չարաշահումներին: Նրանք պնդում էին, որ էն, ինչին ես անդրադառնում էի հանրային տիրույթում վայել չէ համալսարանի դասախոսին եւ խայտառակում է բուհը»:

Գագիկ Համբարյանը լրագրողների հարցերին պատասխանելիս վերահաստատեց կարծիքը, որ Շիրակի պետական համալսարանում բացարձակ չեն պատկերացնում, թե էթիկայի հանձնաժողովն իրենից ինչ է ներկայացնում եւ որ ոլորտները պետք է ընդգրկեն: Ըստ Համբարյանի` հանձնաժողովն իրավունք չուներ քննելու դասախոսների կամ որեւէ այլ աշխատակցի հանրային գործունեությունը, որն հետագայում կդրվեր աշխատանքից ազատելու որոշման հիմքում:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ նախկին ռեկտորի գործունեության հետ կապված արդեն իսկ կա հարուցված քրեական գործ եւ ինքն ու պարոն Խորիկայանը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հրավերով եղել են դատախազությունում: «Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ ենք խոսել, դա գործի շահերից է բխում, սակայն վստահեցնում եմ, որ բավական տեղեկատվություն է փոխանցվել, որոշ հարցերի հետ կպաված տվել ենք պարզաբանումներ, որոնք կօգնեն իրավապահներին ճիշտ որոշում կայացնելու,-նշեց Գագիկ Համբարյանը,-չմոռանանք, որ մեր գրառումների արդյունքում ՊԵԿ-ն էլ իր հերթին է խայտառակ բացահայտումներ արել: Սա եւս մեկ ապացույց է, որ իմ եւ պարոն Խորիկյանի կողմից բարձրաձայնված հարցերը զրպարտություն չեն եղել»:

Դատարանի վճիռը ուժի մեջ կմտնի մեկ ամսից, եթե Շիրակի համալսարան հիմնադրամը չբողոքարկի այն: Գագիկ Համբարյանը պատրաստվում է վերադառնալ նախկին աշխատանքին, եթե մեկ ամսվա ընթացքում խոչընդոտներ չծագեն: «Ես 5 տարի սովորել եմ այդ բուհում, 15 տարի դասավանդել նույն բուհում եւ մինչեւ օրս ոչ ոք չի դժգոհել իմ գիտամանկավարժական եւ գիտամեթոդական գործունեությունից»,-նկատեց Գագիկ Համբարյանը:

Դասախոսը վստահ է, որ գործընկերոջ վերաբերյալ եւս կկայացվի արդարացի վճիռ (Հովհաննես Խորիկյանի գործով դատական առաջին նիստը նշանակված է օգոստոսի 1-ին): Վերջում Գ.Համբարյանը կրկին անդրադարձավ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին՝ նրան մեղադրելով կուլիսներից բուհը կառավարելու մեջ:

 «Ես ուզում եմ ուշադրություն դարձվի անպայման նրա վրա, որ բուհի բազմաթիվ պաշտոնյաներ աշխատանքի ժամերին այցելում են Սահակ Մինասյանի օֆիս,-նկատեց Գագիկ Համբարյանը,-ես լուսանկարներ էի հրապարակել, թե ինչպես է բուհի գրադարանի տնօրենը, որակի կենտրոնի տնօրենը, գլխավոր հաշվապահը աշխատանքի ժամերին գտնվում Շիրակի մարզի ՀՀԿ-ի գրասենյակում, որի դիմաց կանգնած է Սահակ Մինասյանի մեքենան: Այդ լուսանկարները տեսնելուց հետո, Սահակ Մինասյանը մեքենան արդեն կանգնեցնում է Շիրակի մարզային ոստիկանության դիմաց եւ ոտքով է գալիս ՀՀԿ գրասենյակ՝ լուսանկարները կրկին ունեմ: Ես բազմիցս եմ ասել ու գրել, որ պարոն Մինասյանը Էրքյուլ Պուարոն է, հայ կրթական գործի Կոլոմբոսը, հիմա վստահաբար կարող եմ ասել, որ պարոն Մինասյանը Գյումրվա Շտրիլիցն է եւ նա զբաղված է կոնսպերացիայով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter