HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնի Եղիազարյան

Կավատը մնաց անպատիժ

Հուլիսի 8-ին ավարտվեց Դուբայում հայտնի կավատ Այիշայի (Լուսինե Հակոբյանի) դատական գործի քննությունը (Տե՛ս նաեւ Եւս մեկ կավատ դատարանում): Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Լալայանը նրան դատապարտեց մեկ տարի պայմանական ազատազրկման: Այսինքն' Այիշան ազատության մեջ է եւ կարող է հանգիստ շարունակել իր գործունեությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը Լուսինե Հակոբյանի դեմ քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով' «պոռնկությամբ զբաղվելու կազմակերպում»: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց թրաֆիկինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանը նրա դեմ ուղղված մեղադրանքը համարեց հիմնավորված եւ ապացուցված' հաշվի առնելով Այիշայի նախաքննական ցուցմունքը եւ դատավարության ընթացքում վկաների տված ցուցմունքները: Ա. Բոշնաղյանը միջնորդեց. «Լ.Հակոբյանին հանցավոր ճանաչել ըստ ՀՀ Քր. օր. 262 հոդվածի առաջին մասի' ազատազրկման ձեւով 2 տարի ժամանակով, եւ նկատի ունենալով նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները' նրա նկատմամբ կիրառել ՀՀ Քր. օր. 70 հոդվածը' պատիժը չկիրառել' սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամանակով, նրա վարքի վերահսկողությունը հանձնարարել բնակության վայրի ոստիկանական կառույցին»:

Ա. Բոշնաղյանը թվարկեց նաեւ մեղադրյալի պատիժը մեղմացնող հանգամանքները' Այիշան անչափահաս երեխայի մայր է, նախկինում չի դատվել, հանցագործությունը բացահայտելուն աջակցել է: Մեղմացուցիչ հանգամանքների շարքը լրացրեց Այիշայի պաշտպանը' Հրաչ Իսաջանյանը. Այիշան կատարածի համար լիովին մեղավոր է ճանաչել իրեն, զղջացել է, կամովին ներկայացել է ՀՀ ոստիկանություն, ունի հիվանդ մայր (չնայած դատական առաջին նիստի ժամանակ դատավոր Վ. Լալայանը նշեց, որ գործում Այիշայի մոր հիվանդ լինելն ապացուցող փաստաթուղթ չկա, եւ այդպես էլ նման փաստաթուղթ չներկայացվեց դատարանին): Այիշայի պաշտպանի կարծիքով' դատախազության միջնորդած պատիժը խիստ էր: «Պատժի հարցում արած միջնորդությունը խիստ է, նկատի ունենալով դեռահաս երեխային եւ հիվանդ մոր խնամքը' նա չի կարող լինել ոստիկանի հսկողության տակ եւ 15 օրը մեկ ներկայանալ ոստիկանություն: Գտնում եմ, որ պատիժը պետք է կիրարկվի տուգանքի ձեւով»,-առաջարկեց Հ. Իսաջանյանը:

Դատավոր Վ. Լալայանը, հանուն Հայաստանի Հանրապետության, վճռեց հայտնի կավատ Այիշային, որն իր նախաքննական ցուցմունքում խոստովանել էր, որ մի քանի աղջիկներ իր ղեկավարությամբ զբաղվել են մարմնավաճառությամբ, պատժել ընդամենը 1 տարվա ընթացքում 24 անգամ ոստիկանություն ներկայանալով: Մեղադրյալ, Դուբայում հայտնի ամենադաժան բոսն էլ խոստացավ. «Շատ եմ զղջում իմ արարքի համար, խնդրում եմ մեղմ վերաբերվեք: Խոսք եմ տալիս' նման բան չի կրկնվի»:

Մեկնաբանություններ (1)

Andranik
People like Aisha should be hanged in public & not sentenced for one year, she is a disgrace in the Armenian community & cruel human, people like her should be wiped out from this world.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter