HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռ. Քոչարյան. «Մարտի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով փորձեն բացահայտել»

«Մարտի 1-ի գործը անեծք է լինելու մեր ժողովրդի գլխին, եթե այս ձևով փորձեն բացահայտել»,- այս մասին հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունում քննչական գործողություններից հետո հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի գործով» Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երկրորդ նախագահը գործում ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նույն հոդվածով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Միքայել Հարությունյանին: Ըստ Ռոբերտ Քոչարյանի բնորոշման՝ հարուցված քրեական գործը շինծու է.

«Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու քրեական գործ ստեղծել՝ այնպիսի փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, որոնք ամբողջությամբ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում էին իրականացվում»,- նշեց երկրորդ նախագահը:

Անդրադառնալով բուն մեղադրանքին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ սահմանադրական կարգը տապալվել է ընդդիմության կողմից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ.

«Ես իբրև գործող նախագահ սահմանադրական կարգի կրողն էի, և այդ կարգի երաշխավորն էի, և ես ինքս ինձ տապալում եմ ինչ-որ տարօրինակ ձևո՞վ, և այդ տապալմանը մասնակցել է բանակի վերնախա՞վը: Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունը արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, իրենք են չընտրված, 21,5 տոկոսով հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են և պետք է կազմալուծեն պետական համակարգը: Եվ թե մենք ինչ սահմանադրական կարգ ենք տապալել, ուղղակի հիվանդ երևակայություն պետք է մարդ ունենա, որ ընդհանրապես ենթադրի, թե սա հնարավոր բան է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Խոսելով 2008 թվականի նախագահական ընտրությունների հնարավոր կեղծման հանգամանքների մասին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մինչև իրեն մեղադրանք առաջադրելը պետք է «կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կեսը բանտերում լինեին» և ապացուցված լիներ, որ վերջիններս կեղծել են ընտրությունների արդյունքները: Ըստ երկրորդ նախագահի՝ «ինչ-որ լուծումներ, պատիժներ պետք է լինեին նաև Սահմանադրական դատարանի վերաբերյալ», քանի որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքները օրինական էր ճանաչել:

«Ես համարում եմ, որ սա մի ռումբ է` դրած մեր պետականության տակ, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը այս ձևով վերանայելը կամ արհամարհելը ռումբ է մեր հանրապետության տակ, որը հաստատ պայթելու է: Մեր ամբողջ իրավական համակարգը այսօր վտանգի տակ է գտնվում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե կան այլ զինվորականներ, ովքեր վկայի կամ մեղադրյալի կարգավիճակով ներգրավվել են «Մարտի 1-ի գործով», Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իրավունք չունի դրա մասին խոսելու:

«Հաշվի առեք, որ ամբողջ բանակի վերնախավը մեղադրվում է, բանակն է մեղադրվում: Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, էս ի՞նչ ենք անում: Այս կարգի բանակին պախարակումը ի՞նչ է բերելու»,- նշեց երկրորդ նախագահը:

Դիտարկմանը, թե մարդիկ շատ հաճախ հիշեցնում են 0038 գաղտնի հրամանը, որի համաձայն՝ բանակը ներքաշվել է ներքաղաքական գործընթացներին, երկրորդ նախագահը ասաց հետևյալը.

«Իրենք ասում են, որ այդ հրամանի միջոցով մտցվել է փաստացի ռազմական դրություն: Մարդիկ կամ պատկերացում չունեն, թե ինչ է ռազմական դրությունը կամ չունեն այն փաստերը, որտեղ քիչ թե շատ հիմնավոր կամ խելքին մոտիկ բաներ կլինեն նշված: Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եմ, որ փետրվարի 23-ին հանդիպում եմ ունեցել ռազմական վերնախավի հետ: Ամբողջ հանդիպման իմաստը եղել է հետևյալը՝ բանակը իրավունք չունի ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ... ես դա պահանջել եմ պաշտպանության նախարարից: Բանակի անմիջական կառավարումը նախարարությունն է իրականացնում: Դա նախարարի հրամանն էր հենց այդ ուղղությամբ»:

Ճշգրտմանը, թե արդյոք ինքը տեղյակ եղել է այդ հրամանից, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ երկու օր հետո նախարարը իրեն ասել է՝ սպայական կազմը բերվել է զորանոցային վիճակի մեկ նպատակով՝ հեռու պահել քաղաքական ազդեցությունից.

«Այդ ժամանակ ընդդիմությունը բոլոր միջոցները կիրառում էր երկրապահի միջոցով բանակը ներքաշելու այդ գործընթացների մեջ»,- ասաց երկրորդ նախագահը՝ ավելացնելով, որ այդ օրերին «տագնապալից» լուրեր էին ստանում նաև առաջնագծից՝ կապված հակառակորդի ակտիվության հետ:

Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը: Այս պահին նիստն ընդմիջվել է:

Մեկնաբանություններ (1)

Կարեն
Դու քեզ հալածվա՞ծ ես զգում։ Վայ քոռանանք մենք։ Շինծու քրեական գործերից շատ մի խոսա, քո թելադրանքով ահագին նման գործեր ստեղծեցին։ Շատերս համաձայն ենք որ դու մեծ ներդրում ես ունեցել Հայաստանի ու Արցախի կյանքի մեջ։ Բայց ինչոր պահից մոլորվեցիր, շատ լուրջ մոլորվեցիր ու երկիրը սկսցիր տանել դեպի անդունդը։ Ժողովրդիդ որոշեցիր չլսել, հրամայել, ստորացնել։ Ժամանակն է պատասխան տալու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter