HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ռոբերտ Քոչարյանը չներկայացավ իր կալանավորման միջնորդության վերաբերյալ նիստին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ նիստը հետաձգվեց։

Քոչարյանը այդպես էլ չներկայացավ նիստին, փաստաբան Ռուբեն Սահակյանի խոսքով՝ պաշտոնաթող նախագահը չի խուսափի նիստին ներկայանալ, սակայն պետք է պատշաճ ծանուցում ուղարկել։

«Պարոն Քոչարյանը չի խուսափում ներկայանալ դատարան, ինչու պիտի խուսափեր, եթե նիստն ամեն դեպքում կայանալու է։ Եթե խուափելու լիներ, ինքը չէր վերադառնա Հայաստան»,- հայտնեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Քոչարյանը մասնակցել է ՀՔԾ-ում քննչական գործողություններին, որից հետո հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ պաշտոնաթող նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է եւ քաղաքական ենթատեքստ ունի։ «Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու քրեական գործ ստեղծել՝ այնպիսի փաստերի վերաբերյալ, որոնք ակնհայտ էին, բոլորը տեսնում էին, որոնք ամբողջությամբ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում էին իրականացվում»,- նշել էր հանրապետության երկրորդ նախագահը:

Հարցազրուցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ իրեն կանչել են ՀՔԾ՝ որպես վկա, սակայն քննչական ծառայություն ներկայանալուց հետո կարգավիճակը փոխել են՝ մեղադրանք առաջադրելով։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի՝ Քոչարյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, քանի որ համաձայն Սահմանադրության 140-րդ հոդվածի՝ հանրապետության նախագահն անձեռնմխելի է եւ իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ նիստը կշարունակվի առավոտյան ժամը 11:00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter