Սկսվել են 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները
Ֆինանսների նախարարությունում մեկնարկել են 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։ Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ` քննարկումները վերաբերում են ոլորտային հարցերին (ներառյալ բյուջեին ուղղակիորեն չառնչվող՝ պետական մասնակցությամբ ընկերությունները, պետության հիմնադրած ՊՈԱԿ-ները, ծրագրերի իրականացման գրասենյակները, հիմնադրամները և այլն), որոնց ընթացքում առանձնացվում են նաև ՀՀ վարչապետին ներկայացվող խնդիրները: Շեշտը դրվում է ծախսերի նպատակային ուղղվածության վրա՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար: Բյուջեն պետք է ապահովի ծախսվող միջոցների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը՝ կանխելով պետության ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ բաշխումը:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հայտնել է, որ 2019 թվականից ծրագրային բյուջետավորման ձևաչափին անցումը ենթադրում է, որ, ծախսվող ֆինանսական միջոցներից զատ, առավել կարևորվելու են դրանց դիմաց ստացվող արդյունքները:
Կ. Բրուտյանն ընդգծել է, որ անկախ ֆինանսական միջոցների չափից՝ պետք է ապահովել բյուջետային ծրագրերի և հանրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև հանրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը՝ մեղմելով տարատեսակ ռիսկերը:
Մեկնաբանել