HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մինաս Ավետիսյանի գործերը օդանավակայան տեղափոխելը նշանակում է արժեզրկում

«Երկրորդ քաղաք չի նշանակում երկրորդական: Երբ որ Կրակովից «Կզաքիսով աղջիկ» կտավն ուզեցան տանել Վարշավա կրակովցիները չթողեցին, այսինքն էդ իրանցն է, իրանց քաղաքինն է: Հիմի նույն բանն էստեղ է,-ասում է գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանը,-մարդիկ մտածել են, որ երկրորդ քաղաք է, կամ որ ավելի վատ է` երկրորդական, ուրեմն կարելի է էստեղից տանել Մինասի գործերը: Եթե պետք է մենք դրամահավաք կանենք, կամ քաղաքապետարանը կամ պետությունը թող հոգա էդ ծախսերը, որպեսզի մեր ունեցածը մենք կարողանանք պահել: Այստեղ ֆինանսներ են պտտվում, ֆինանս ունեցող մարդիկ են խառնված, որ ասում են բերեք դնենք աէրոպորտում, բայց էդտեղ ով է նայելու որ էդ գործը: Մարդն էդտեղ ավելի շատ իրա ճամպրուկի հետեւից է ընկած կամ թե թեկուզ օտարերկրացին, ով է իրան բացատրելու, ասելու գիտեք սա արժեք է: Աէրոպորտ է չէ վերջը, հո թանգարան չէ»:

 Կառավարությունը որոշում է կայացրել թույլատրել «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմանդրամին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ միջոցների հաշվին իրականացնելու «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված' Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված եւ պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող «Երկանք» ու «Գալվանամետր գործարան (ՕՄԵԳԱ)» ՓԲԸ շենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարները տեղափոխելու եւ վերականգնելու աշխատանքները: Որոշման համաձայն «Երկանք» որմնանկարը տեղափոխվելու է «Զվարթնոց» օդանավակայանի նախագահական համալիր, իսկ «Թել են մանում» որմնանկարը' օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի մեկնման սրահ: Որմնանկարները «Արմենիա» միջազգային օդանավակայններ» ՓԲԸ -ին տրվելու են անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով:

2010թ. ՀՀ Կառավարության միջոցներով արդեն իսկ վերականգնվել եւ Երեւան' Կառավարության շենք էր տեղափոխվել Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները: Մինչ այդ, 1990թ. Լենինականի քաղսովետի գործկոմի ջանքերով եւ միջոցներով բուլղարացի մասնագետների միջոցով վերականգնվել եւ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղադրվել էր վերլուծական սարքերի փորձնական գործարանի շենքի պատին գտնվող որմնանկարը: Սակայն կառավարության այս վերջին որոշումը վերջնականապես հունից հանել էր գյումրեցի մտավորականությանը: Մշտապես տանելու, ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու մոլուցքը վրդովվեցրել էր շատ արվեստագետների եւ նրանք բաց նամակով դիմել էին երկրի վարչապետին:

2010թ-ի հունիսի 23-ին Գյումրու ավագանին եւս դիմել էր վարչապետ Տիգրան Սարգսյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Վերջիններս հավաստիացրել էին, որ պատրաստ են համայնքի բյուջեից կատարել մասնահանումներ որմնանկարները ոչնչացումից փրկելու եւ այլ առավել կարեւորագույն շենքերի (քաղաքապետարանի նոր շենք, վերակառուցվող թանգարանի եւ պատկերասրահի նոր շենք, կամ հանրային քննարկումով որոշվող տարածք) պատերին տեղադրելու համար: Ավագանու որոշումը անարձագանք էր մնացել:

Այնուհետեւ պատրաստվել է Գյումրու քաղաքապետի պաշտոնական նամակն ուղղված մշակույթի նախարարին: Նամակում Վարդան Ղուկասյանը խնդրել է աջակցել ռեստավրատորների եւ ռեստավրացիոն նյութերի հարցում: Այս խնդրանքին տիկին Պողոսյանը պատասխանել է բավական հակիրճ մի նամակով, որտեղ մասնավորապես ասված է. «Մշակույթի նախարարությունը ողջունում է ձեր նախաձեռնությունը եւ պատրսատ է աջակցել վերականգնման գործում տրամադրելով բարձրակարգ մասնագետներ»:

 Նամակը ստացվել է 2011-ի հունվարի 12-ին: Դրանից հետո քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանի եւ Մինասի որդու` Արման Ավետիսյանի եւ «Մինաս Ավետիսյան հիմնադրամի» ղեկավար` Ազատ Թովմասյանի միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն համաձայանգիր կնքելու վերաբերյալ: Գյումրու քաղաքապետի եւ «Մինաս Ավետիսյան հիմնադրամի» միջեւ կնքվել է համաձայնագիր մտադրությունների մասին, որը երկուստեք հաստատվել է կնիքով ու ստորագրություններով: Ըստ այս համաձայնագրի, մինչեւ մայիս ամիսը Գյումրու համայնքն ու հասարակությունը որոշելու էին մեկ նկարի արժեքը մոտավորապես 20 մլն դրամի սահմաններում` նայած չափերին: Գումարների հայթայթման ճանապարհներն էին որոշվելու, որից հետո սկսվելու էին որմնանկարների վերականգման եւ քաղաքի մեջ տեղափոխման աշխատանքները:

Այս ամենի մասին քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը տեղեկացրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած կլոր-սեղան քննարկման մասնակիցներին: «Նրանց կողմից հարց էր առաջ քաշվում, թե ինչու երկաշարժից հետո, 20 տարուց ավելի ժամանակ է անցել եւ հիմա նոր ենք մտածում այդ մասին: Մեր պատասխանն այսպիսին էր, որ այդ 20 տարիների ընթացքում բավական մեծ թվով խնդիրներ կային չլուծված ու ամենամեծ խնդիրը դա անօթեւաններին էր: Հիմա երբ կառավարությունը լուծում է այդ խնդիրը, մենք կարող ենք զբաղվել այլ խնդիրներով,-պարզաբանում է Արտաշես Կարապետյանը,-բայց դեռ մայիս ամիսը չեկած մենք բախվում ենք ահա այսպիսի որոշման: Նշանակում է, հերթական անգամ շրջանցվում է համայնքի կարծիքն ու ցանկությունը»:

Հավաքված արվեստագետների կարծիքով Մինաս Ավետիսյանի գործերը Էրնեկյանի սեփականությունը հանդիսացող տարածք տեղափոխելով, այն էլ օդանավակայան, արժեզրկում է նշանակում: Դա նույնն է, որ ասենք Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում տեղադրվի Մոնա Լիզայի բնօրինակը: Արվեստի գործերը հանրության համար են եւ դրանց համար կան հատուկ վայրեր, որտեղ ցանկացած մեկը կարող է այցելել ու դիտել, մի բան որ անհնար է ասենք օդանավակայանի նախագահական համալիրի դեպքում:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանն էլ իր հերթին ներկայացրեց անձամբ հայտնաբերած փաստեր կապված կառավարության որոշման եւ Շիրակի մարզպետարանի համապատասխան գործողությունների հետ: «Պարզվում է, որ փետրվարի 8-ին «Արմենիա» ՓԲԸ-ն նամակով դիմել է կառավարությանը Մինասի որմնանկարների հետ կապված ու ընդամենը մի 30 օր հետո որոշում է կայացվել, այսինքն մարտի 12-ին Շիրակի մարզպետարանն արդեն տալիս է թույլտվություն տեղափոխելու,դա շատ զարմանալի է,որովհետեւ սովորաբար կառավարությունը որոշումներն ընդունում է 4-5 ամիս անց, եղել են դեպքեր, որ մեկ տարի է տեւել: Փաստորեն մեկ ամսվա մեջ նամակ է ստացվել աէրոպորտից, բոլոր ատյաններով անցել է մեկ ամսվա մեջ ու դրվել է հաստատման,-տարակուսում է Վահան Թումասյանը,-մարզպետարանն իր թույլտվության մեջ նշել է, որ դիտողություններ ու առաջարկություններ չունեն: Միթե Շիրակի մարզպետը տեղյակ չէր, որ քաղաքի ավագանին ու քաղաքապետը հետաքրքրված են այդ խնդրով ու նամակներով դիմել են համապատասխան ատյաններին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter