HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից արտահանվող անտառանյութի ծավալները վերջին տարիներին զգալիորեն ավելացել են

2017 թվականին Հայաստանից  4.6 հազար խորանարդ մետր անտառանյութ է արտահանվել։ Ինչպես վկայում են Մաքսային ծառայության տվյալները, երկրից ամեն տարի որոշակի քանակությամբ անտառանյութ է արտահանվում՝ չնայած մշտապես բարձրաձայնվում է անտառածածկ տարածքների կրճատման ու ծառահատումների վտանգավոր հետևանքների մասին։ 

Փայտն արտահանվում է հիմնականում Իրան 

«Հետք»-ը Պետական եկամուտների կոմիտեին խնդրել էր տրամադրել տվյալներ, թե որքան փայտանյութ է արտահանվել Հայաստանից նախորդ տարի։  Որպես հիմնական արտահանվող տեսակ ՊԵԿ-ից առանձնացրել են անտառանյութերը՝ երկայնակի սղոցած կամ ճեղքած, այսինքն՝ մշակված։   

Մաքսային ծառայության հրապարակած ցանկից էլ տեղեկանում ենք, որ վերջին տասը տարիներին արտահանվող անտառանյութի ծավալները մի քանի հարյուր խորանարդ մետրից այսօր հասել են մի քանի հազար խորանարդ մետրի։ Ապրանքների անվանացանկի մեջ տեսնում ենք, որ այս խմբում ներառվող ծառատեսակների ցանկը բավականին լայն է, այդ թվում՝ եղևնի, սոճի, կաղնի, հաճարենի, թխկենի, բարդի, ընկուզենի և այլն։ 

Վերջին տասը տարիներին Հայաստանից ամենամեծ ծավալի անտառանյութ արտահանվել է 2016 թվականին, երբ երկրից դուրս է հանվել 5.1 հազար խմ անտառանյութ, որի մաքսային արժեքը կազմել է 890 հազար դոլար։ 2017-ին ևս զգալի ծավալի արտահանում է իրականացվել՝ 4.6 հազար խմ և ավելի թանկ գնով՝ մոտ 1.2 մլն դոլարի։ 

Իհարկե, անտառանյութը չի համարվում Հայաստանից արտահանվող բարձր մասքային արժեք ունեցող ապրանք, սակայն հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը` նշված 4-6 հազար խմ-ն Հայաստանի համար զգալի ծավալ է։ 

Այսօր անտառանյութը Հայաստանից արտահանվում է հիմնականում Իրան։ Նախորդ երկու տարիներին փոքր ծավալներով արտահանվել է  նաև Գերմանիա, Իտալիա, Չեխիա  և այլ երկրներ։ 

Ինչպես տեղեկացանք Պետական եկամուտների կոմիտեից, 2017 թվականին Հայաստանից անտառանյութ հիմնական արտահողները հինգն են, որոնց թվում երեքը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, իսկ երկուսը՝ անհատ ձեռնարկատերեր՝ «Մագա արտ», «Բոնդար», «Վուդ լենդ» ընկերությունները, «Միր Մահմուդ Ղոզատի» ԱՁ-ն և «Վահան Մնացականյան» ԱՁ-ն։ 

Այսօր Հայաստանն արտահանում է նաև ոչ մեծ ծավալի փայտածուխ, սղոցանյութ և փայտե իրեր, որոնց շարքում կարելի է առանձնացնել տակառները, փայտանրբաթելային սալիկներն ու շինարարական պանելները, մանրահատակները։  Այս բոլորի ընդհանուր մաքսային արեժքը 2017-ին կազմել է մոտ 1.1 մլն դոլար։ Սրանք այն ապրանքատեսակներն են, որոնք պատրաստվում են նաև ներմուծված փայտից։ 

Սալիկները արտահանվում են Վրաստան,  տակառները՝ Ֆրանսիա, պանելներն ու մանրահատակները՝ Ռուսաստան ու Վրաստան։ 

Ներմուծման ծավալներն անհամեմատ մեծ են 

Հայաստան ներմուծվող անտառանյութի և փայտից պատրաստված իրերի ներմուծման ծավալներն անհամեմատ ավելի մեծ են։ Ըստ Մաքսային ծառայության ներկայացրած ցանկի՝ 2017 թվականին ներկրվել է 22.2 հազ. խմ մշակված անտառանյութ՝ 3.7  մլն դոլարի։ Ներմուծվում է հիմնականում Ռուսաստանից։  Ներմուծվող փայտն օգտագործվում է բազմաթիվ նպատակներով, այդ թվում՝ փայտե իրերի արտադրության, ենթակառուցվածքային նախագծերի աշխատանքներում և այլն։ Նաև մոտ 1.5 հազ. խմ անմշակ անտառանյութ է ներկրվել՝ 350 հազ. դոլարի։ 

Հիմնական ներմուծողներն են «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն, «Դռագսման» ՍՊԸ-ն, «Եվրոպա» ՍՊԸ-ն, «Շարա Մեսրոպյան Գագիկի» ԱՁ-ն և «Ղարիբյան Գրուպ» ՍՊԸ-ն։ 

Էական ծավալների է փայտե սալիկների ներմուծումը։ 2017 թվականին ներմուծվել են մոտ 26 մլն դոլարի փայտատաշեղային ու փայտանրբաթելային սալիկներ։ Հայաստանը դրանք գնում է հիմնականում Թուրքիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից ու Բելառուսից։ 

Մի քանի միլիոն դոլարի է հասնում նաև ատաղձագործական իրերի, նրբատախտակների, շինարարական պանելների և փայտե այլ իրերի ներմուծումը։ Փայտի վերամշակումն ու փայտե իրերի արտադրությունը Հայաստանում ցածր մակարդակի վրա է, և տեղի պահանջարկը բավարարվում է մեծապես ներմուծման հաշվին։

 

Մեկնաբանություններ (1)

Aram
Are there any names of the exporters of these precious varieties of wood?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter