HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուք էջում հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։

«Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշել է նախարար Արսեն Թորոսյանը։

ԱՆ-ն հայտնում է, որ նախարարության ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018թ.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ:
Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։
Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով պարզվել է հետևյալը.
 
1. Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնություն
Սոցփաթեթի շահառուներն արտահիվանդանոցային պայմաններում անցնում են ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություն: Գրեթե բոլոր շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները ձևակերպվել են որպես հիվանդանոցային բժշկական օգնության թերապևտիկ դեպքեր: Ուսումնասիրող հանձնաժողովի կողմից իրականացվել են մի շարք հեռախոսազանգեր, որոնց ի պատասխան` գրեթե բոլոր շահառուները հայտնել են, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն չեն ստացել, այլ միայն հետազոտվել են: Մասնավորապես. 
1) 2016թ. համար ուսումնասիրվել է  հիվանդանոցային 3027 դեպք, որից 2145 (71 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման: Պետական բյուջեի վնասը գնահատվել է 423,4 մլն դրամ:  
2) 2017թ. համար ուսումնասիրվել է  հիվանդանոցային 350 դեպք, որից 244 (70 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման:  Պետական բյուջեի վնասը գնահատվել է 20,8 մլն դրամ:
 
2. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ
Կազմակերպության պոլիկլինիկայում առկա մատյաններում գրանցված լաբորատոր-գործիքային հետազոտությունների քանակներից ավելի ներկայացված հաշվետվությունների արդյունքում պետբյուջեի վնասը գնահատվել է շուրջ 72,6 մլն դրամ:
 
3. Ստոմատոլոգիական բժշկական օգնություն 
Ծառայությունում բացակայում են ստոմատոլոգիական ամբուլատոր քարտերը, բժշկական օգնության փաստաթղթային հիմնավորվածությունները, պացիենտների անձնագրերի պատճենները, սակայն նշված դեպքերը կազմակերպության կողմից ներկայացվել են հատուցման: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 23,1 մլն դրամ:
 
4.Վերակենդանացման ծառայություն
Ծառայությունում ուսումնասիրվել է 120 դեպք` ընդհանուր 24,5 մլն դրամ գումարով: Առանձին դեպքերում կազմակերպությանը վճարվել են վերակենդանացման միջոցառումներ չպահանջող հիվանդությունների և վիճակների բժշկական օգնության դեպքերի համար: Արդյունքում պետական բյուջեի վնասը գնահատվել է շուրջ 5,0 մլն դրամ:
 
Միաժամանակ կազմակերպությունում առկա են բժշկական օգնության իրականացման կազմակերպման համար հաստատված չափորոշիչների (կազմակերպության աշխատակիցների աշխատանքի վարձատրման չափորոշիչի խախտումներ, հաստատված հաստիքացուցակների և փաստացի դրույքաչափերի անհամապատասխանություններ, վառելիքի ծախսի խախտումներ)  և գնումների մասին օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։
 
Ուսումնասիրությունները շարունակվում են:

Լուսանկրաը՝ ԲԿ-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter