Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Պաշտպան. «Ռոբերտ Քոչարյանը փոքրիկ ցուցմունք է տվել. ընդամենը 17-18 տող»



Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ դատարանի կայացրած որոշումը բացարձակ ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է, և սա այն է, ինչը վերջերս, մոդայիկ դարձած բառով, կոչվում է վենդետա, սա անձնական ու քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում որևէ իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի»,- ասաց Սողոմոնյանը:

Սողոմոնյանի խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, թե ինչու գործը նման ընթացք ստացավ. «Վստահ եմ՝ հասկանում եք, թե ինչու է մեղավոր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչու նման արագությամբ տեղի ուենցավ այս գործընթացը, որը ոչ մի կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ: Ես ցավ եմ ապրում, որ Հայաստանի պատմության համար անչափ կարևոր այս գործը քաղաքական նպատակների համար պատանդ է դարձել, և ցավում եմ, որ իշխանությունների հայտարարությունները և գործողությունները տրամագծորեն տարբերվում են մեկը մյուսից»,- ասաց նա:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի համոզմամբ՝ Քոչարյանն ապօրինի է կալանավորվել, «քրեական գործը սարքվել է նրա դեմ և կապ չունի ՀՀ օրենքների հետ»: Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ այս գործը ոտնահարում է Սահամանադրությունը:

«Պահանջում ենք ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը, բողոքարկելու ենք այս բոլոր քրեական գործերը»,-մանրամասնեց Վիկտոր Սողոմոնյանը:

Քոչարյանի գործով փաստաբաններից Ռուբեն Սահակյանն ասաց, որ իրենց համար ելակետ է հանդիսանալու ՀՔԾ-ի հաղորդագրությունը, որով հայտարարվել էր, որ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության:

«Թողնում եմ ձեզ՝ որոշելու այդ հաղորդագրությունը և առաջադրված մեղադրանքը բովանդակային առումով նման են, թե չէ: Եթե ես խոսոմ եմ հաղորդագրությունից, ուրեմն մի բան գիտեմ, որ խոսում եմ դրա բովանդակությունից, փաստարկներից, հիմնավորումներից: Եւ այսպես՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին, ի դեպ, գիտեք, որ հրավիրված էր որպես վկա, բայց հենց առաջին իսկ պահից ասացին, որ կարգավիճակը փոխվում է, և մեղադրանք է առաադրվել»,- ասաց Սահակյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին իրեն էլ են միանգամից մեղադրանք առաջադրել, հետո կարճել՝ հանցակազմի բացակայությամբ պայմանավորված: Փաստաբանի համոզմամբ՝ այս գործը նույն վախճանն է ունենալու:

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ չնայած Ռոբերտ Քոչարյանը պատրաստվել է մանրամասն ցուցմունքի, սակայն ցուցմունք չի տվել, քանի որ միանգամից մեղադրանք է առաջադրվել:

«Ռոբերտ Քոչարյանը ծանոթանում էր մեղադրանքի որոշմանը, ես չէի ծանոթանում, որովհետև արդեն հայտարարեց, որ ցուցմունք չի տալու, ինձ այլևս չէր հետաքրքրում մեղադրանքի բովանդակությունը, մտածում էի՝ դուրս կգամ, կծանոթանամ: Անկեղծ ասած՝ կարծում էի՝ կկալանավորեն, չէի կասկածում: Հետո ներկայացվեց մեղադրանքի բովանդակոթյունը, կատարվեցին դատավարական անհրաժեշտ գործողությունները: Ես նկատեցի հետևյալը՝ նախ սենյակում գտնվում էին մարդիկ (քննիչներ), որոնք մեկից ավելի էին, նրանցից մեկը վերցրեց Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը, բովանդակությունը չեմ բացում, ընդամենը 17-18 տող և դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպե անց բերեց որոշում՝ խափանման միջոց ընտրելու մասին: Մտածում էի, որ կձերբակալեն, չէի մտածում, որ բաց կթողնեն, ասացին՝ էս տրցակը 136 էջից, էս որոշումը, որը 13 էջից էր բաղկացած, ազատ եք: Դուրս եկանք, կարծիքս փոխանցեցի պարոն Քոչարյանին, որ հավանաբար վաղը նիստը կնշանակվի, տարել եմ պայուսակս թողել տանը, գնացել իմ գործերով: Ժամը 21.35-ին ինձ հանձնվել է ծանուցագիր՝ ներկայանալ դատարան, նիստը նշանակված էր ժամը 22.00-ին: Մտավախություն ունենալով, որ կարող են առանց մեզ սկսել՝ գնացի դատարան, պարզվեց, որ պարոն Քոչարյանին ծանուցագիր չի հանձնվել: Գիտեք, որ լույս 26-ի գիշերն է վերադարձել Հունաստանից, քնաբեր հաբ է խմել և քնել, չի փոխանցվել իրեն ծանուցագիրը: Այս մասին ասվեց դատական նիստում»,-մանրամասնեց Ռուբեն Սահակյանը:

Փաստաբանի խոսքով՝ մինչ նիստը սկսվելը՝ ժամանակ է խնդրել, որպեսզի պատշաճ պատրաստվեն դատական նիստին և ծանոթանան ստացած նյութերի բովանդակությանը:

Փաստաբանի խոսքով՝ դատական նիստին Ոոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել, ըստ Ռուբեն Սահակյանի, բավական հուզիչ, որից հետո փաստաբաններն իրենք են ելույթներով հանդես եկել:

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը հիշեցրեց, որ կալանքի միջնորդությունը բավարարելու համար անհրաժեշտ է մի քանի նախապայման, ինչպես՝ անձի առնչությունը մեղադրանքին, հիմքերը, որ մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի ընթացքին:

«Որպես հիմնավոր կասկած՝ բերվում էր այն հանգամանքը, որ ինչ-որ X-ը դեպքերից 10 տարի հետո ցուցմունք է տալիս, որ իրեն ինչ-որ մեկը պատմել է, որ էս ինչ ժամանակ կրակոցներ են եղել, քննիչը հիմնավոր է համարում այդ ցուցմունքը»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի՝ չբացահայտվող աղբյուրից ստացված տեղեկությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց:

Քոչարյանի մյուս փաստաբանը՝ Արամ Օրբելյանն էլ ասաց, որ գործում ի սկզբանե ներգրավված է եղել միայն Ռուբեն Սահակյանը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր հացաքննության վկայի կարգավիճակով, սակայն մեղադրանք առաջադրելուց հետո գործին միացել են նաև այլ պաշտպաններ:

Պաշտպանի խոսքով՝ չի կարելի քաղաքացուն վկայի կարգավիճակով հրավիրել հարցաքննության և անմիջապես մեղադրանք առաջադրել: Փաստաբանն անդրադարձավ Սահմանադրությամբ տրված նախագահի անձեռնմխելիության հարցին:

«Անձեռնմխելիության իմաստն այն է, որ անձը, կատարելով հանցագործություն կամ հնարավոր հանցագործություն, մենք իհարկե չենք նշում, որ պարոն Քոչարյանը կատարել է հանցագործություն, ազատվում է ոչ միայն պատասխանատվությունից, այլ ցանկացած գործընթացից, որը ենթադրում է հետապնդում, այսինքն՝ ոչ թե պետք է գործը քննենք՝ հասկանանք կատարել է այդ հանցանքը, թե ոչ, այլ գործը չպետք է սկսվի»,- ասաց Օրբելյանը:

Պաշտպանի խոսքով՝ մի շարք պաշտոնատար անձանց տարբեր փաստաթղթերով տրվում է անձեռնմխելիության իրավունք, որպեսզի այդ անձինք չկաշկանդվեն իրենց գործողություններում և մտավախություն չունենան, որ հետագայում կարող են պատասխանատվության ենթարկվել իրենց լիազորությունների շրջանակում կատարած գործողությունների համար:

«Օրինակ՝ Ղարաբաղի հետ կապված ցանկացած համաձայնագիր կարող է հարց առաջացնել հետագայում, որ դու Ադրբեջանի հետ ստորագրել ես պայմանագիր, չես սահմանել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, դա դավաճանություն է»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով, սակայն, որ անձեռնմխելիությունը չի նշանակում ամենաթողություն:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Մինաս17:33 - 28 հուլիսի, 2018
Բոլոր իրավաբաններն անխտիր ելնում են լուռ ու խորապես սխալայն համոզմունքից թե «մարդիկ պետք է ծառայեն գրված օրենքներին»: Ոչ պարոնայք, դա այդպես չէ՝ օրենքները ստեղծվում են մարդկանց հարաբերությունները կարգավորելու եւ նրանց կյանքը հեշտացնելու համար: Այսինքն օրենքն է որ պիտի ծառայի մարդուն եւ ոչ հակառակը: Այս դեպքում ակնհայտ ու անվիճելի է որ 1Օ անմեղ կյանք է խլվել տվյալ անձի նախաձեռնության (կամ սխալի) հետեւանքով: Ուրեմն եթե որեւէ օրենք (կամ իրավաբան) խանգարում է նրան պատասխանատվության ենթարկելու, նշանակում է որ այն պիտանի չէ եւ պիտի ուրիշը կիրառվի:
2. .էլյա00:39 - 29 հուլիսի, 2018
Դատապաշտպանները պարզ է վճարվում են մեղադրյալին պաշտպանելու համար,հատկապես Քոչարյանի պարագայում մեծ գումարի դեպքում մեծ պաշտպանություն,բայց դատապաշտպանների էլ շատ լավ գիտեն և ամբողջ հայությունն էլ գիտի, որ բանակը մասնակցել է և զոհերը փաստացի կա,կա նայև հրաման տվողը,բայց ինչու պատասխան չպիտի տա երկրի ղեկավար,բոլոր դեպքերում ինք ամեն ինչից տեղյակ է եղել և լռել,մահացողները ֊հազար անգամ ներողություն եմ խնդրում,նրանք հավի ճուտ էին,որ տաս տարի հանգիստ ,ձեզանից գոհ քնելեք,ոչ մեկին,մեղադրանք չէք առաջարկել,ինչպես Հոկտեմբերի գործ ,և եթէ հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ժողովուրդը ոտքի չկանգներ,ապա դուք այդպես գլուխներդ բարձին դրած հանգիստ քնելու էիք,այնինչ իրականություն է դրա դատապաշտպանները ինչ ունեն ասելու,և չեն ամաչում դատապաշտպանի դերակատար են խաղու,հանուն մեծ գումարի դիմաց որը թալանվածէ ժողովրդից ու պետությունից։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ