Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Բալկոնում Գեւորգ-Ջորջ Քասսաբյանն է


Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում կանադահայ արվեստագետ Գեւորգ-Ջորջ Քասսաբյանն է։

Գեւորգ-Ջորջ Քասսաբյանն՝ ինքն իր մասին (երրորդ տարածությունում)

Հիշում եմ, որ 1969 թվականին ինքը մի քիչ նյութական պրոբլեմ ունեցավ, համալսարան նոր պիտի գնար․ այդ ամառ գնացել էր ծխախոտի տերեւ հավաքելու։ Ապրում էր իր մուսուլման ընկերոջ հետ, որն ատաղձագործ էր, ով թողել էր երեխաներին, եկել էր Կանադա` գումար աշխատելու։ Ծանոթացել էին Բրյուսելի օդանավակայանում, երբ ինքնաթիռն ուշացել էր։

Դա հենց այն տարին էր, երբ իր գրպանում 285 դոլար կար, մնացածն արդեն ինքնաթիռի տոմսի եւ ճանապարհի վրա էր ծախսվել։ Կանադայում ոչ ոք չուներ, ոչինչ չէր ճանաչում․ միակն այդ տղան էր․ անբաժան էին, չնայած որ Գեւորգը ժամանակին «փախչում» էր մուսուլմաններից։

Եվ այսպես իրենք առավոտյան արթնանում էին ժամը հինգին ու մինչեւ տասնմեկը հավաքում էին ծխախոտի տերեւները։ Սրա համար ստանում էին 20 դոլար, ձվի մեկ տուփ էին գնում, որի մեջ 6 հատ էր, երեքն ինքն էր ուտում, երեքը՝ ընկերը, կիսում էին նաեւ կոլայի մեկ շիշը։ Այդպես աշխատեցին մի ամբողջ 1500 դոլար, մեկնեցին Մոնրեալ ու որոշեցին, որ Ջորջը վերջնականապես վերսկսում է դասերը։ Ուսմանը զուգահեռ Ջորջը սկսեց հիվանդանոցում աշխատել, որովհետեւ կրթությունը շատ թանկ էր։

Մեկ բան լավ գիտեմ՝ ինքը շատ բախտավոր տղա ծնված էր, իր աստղը, որ կապված է ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի հետ, իրեն միշտ պահպանել է․ մինչեւ այսօր զգում է Յուպիտերի մագնիսական դաշտը։ Չգիտեմ՝ ինչպես, բայց ինքն այդկերպ ինքնավստահ է դարձել, գիտի, որ անակնկալ կպատահի, երբ անհրաժեշտ է։ Դրա համար շատ ուրախ է։

Այդպիսի պատահականության մի օրինակ է հիշում․ երբ մոտը 20 դոլար էր մնացել (իսկ սենյակի մեկ շաբաթվա վարձը 12 դոլար էր), ընկերներից մեկը գիշերը պատուհանը բախեց (արաբ էր, Դամասկոսից)։ Իր հետ անծանոթ մի աղջիկ ու տղա կային։ Ջորջի սենյակը փողոցի դռան մուտքով էր։ Աղջիկն ուզեց գնալ զուգարան։ Դրա համար պիտի միջանցքը անցներ, եւ առանց թույլտվության անցավ տանտիրոջ սենյակի միջով։ Տանտերը վախեցավ եւ այդ դեպքից հետո Ջորջին տնից դուրս հանեց։ Ջորջը տուն փնտրեց, մեկ էլ տեսավ հայի անուն, զանգեց։ Պարզվեց հսկա տան մեջ մի կին է ապրում, ում ամուսինը մահացել է երկու ամիս առաջ, եւ այդ կինը փնտրում է մեկին, ով չնչին վարձով կարող է ուղղակի տան մեջ շնչավորություն ապահովել, ինչպես քո կատուն է քեզ ընկեր։

Լոնդոն քաղաքի հսկա հարուստների հայ ընտանիք․․․ Ջորջը սկսեց ապրել այդ տան ներքեւի հարկում։ Տե՛ս պատահանականությունը․ միջադեպն իրեն «դուրս հանեց» այդ տնից, երբ գրպանում միայն 20 դոլար էր մնացել․․․ Ու ինքն ուրիշ մի տեղ գտավ, ապրեց այդ ընտանիքի մեջ 4 տարի, իրենց սիրեցին, զիջեցին, նույնիսկ երբեմն «մոռացան» պարտադիր վարձը, որ Ջորջը պիտի ամեն ամիս վճարեր։

Հիշում է հիվանդանոցում շաբաթը երկօրյա գործը նաեւ, իսկ գործը բուժքույրին օգտակար դառնալն էր՝ ծանրությունները բարձրացնելը, հիվանդներին օգնելը, որ տեղափոխեին։ Ջորջն աշխատանքից հետո նստում էր այդ տարիքով, խնամքի պահանջ ունեցող մարդկանց անկողինների կողքին ու ժամերով զրուցում էին։ Սա չտեսնված բան էր։ Հասկանում էր, որ մարդուն միշտ մարդ պետք է, զգացումի փոխանցում է պետք, տաքություն։ Կխոսեր, կծիծաղեցներ, ու մեկ շաբաթ հետո ադմինիստրացիա նամակներ կգային, որ այդ տղային շատ ենք սիրում։ Տաք օրեր էին․ օտար երկրում սեր փոխանցելու փորձն էր՝ առանց ակնկալիքի։

Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ տարբերությունը։

Միշտ կմնա։ Տարածությունը կարող է փոքրանալ, բայց տարբերությունը չի վերանա․ 1960 թվականից, երբ արտագաղթի խնդիրը դրվեց որպես քաղաքական հարց, պարզ էր, որ նպատակը այդ երկու ծայրահեղ բեւեռները քանդելն է։

Տե՛ս նարինջը նարինջի կողքին, եթե դնես, կարող է ապրել յոթ կամ ութ օր, բայց նարինջի կողքին մի այլ միրգ դիր եւ կտեսնես՝ երեք օրից ավելի ապրել չի կարող։ Ուրեմն այդ արտագաղթի նպատակը ամեն երկրի ինքնուրույնությունը զրոյացնելն էր, դիկտատորական համակարգերի ստեղծումը։ Այստեղից է, որ արեւելքի մարդն ատեց ղեկավարությանը, ընդվզեց, ճամպրուկը հավաքեց․․․

Իսկ Արեւելքից Արեւմուտք գնացած մարդն  ի՞նչ դրության մեջ է։

Արեւմտյան երկրները, որ զարգացած էին, շատ դժվար պայմաններ դրեցին «նրանց» ընդունելու համար․ ուզեցին բժիշկներ, ինժեներներ, հարուստներ, երկրի ինտելեկտուալ մասին։ Ամեն տեսակ լուսավոր, գունավոր աշխարհ ցույց տվեցին, բայց իրականությունն այլ էր։

Հալեպից քո գնալու պատճառը ո՞րն էր։

Գիտությունն էր։ Հարցումներիս այլեւս պատասխան տվող չկար։ Այնքան հարցադրումներ կային, այնքան ծանր գիտական բաների մասին սկսեցի խոսել, որ մարդիկ ինձնից «զզվեցին»։

Մյուս կողմից ուզում էի նաեւ արաբական աշխարհից փախչել․ պատկանելության հարց կար։ Երբ Կանադա գնացի, ուսում ստացա, կարգավորվեց շատ բան, նորից պատկանելիության հարցը չլուծվեց․․․ Մինչեւ որ 1998 թվականին եկա Հայաստան ու ունեցա այդ զգացողությունը։ Այստեղ չեմ ծնվել, այստեղից ոչինչ չեմ ստացել, բայց տարօրինակ կերպով հենց այստեղ ինքս ինձ զգացի։ Մագնիսական դաշտ կա, որը զգալու տարօրինակ հնարավորություն է տալիս, տարօրինակ շոյանքներ կան նաեւ․ շատ հստակ ձեւով կարող եմ ասել՝ այստեղ հանգիստ եմ։ Մարդիկ չեն պատճառը, տարածությունն է՝ լեռները, ձորերը, որոնցից վախ ունեի առաջ, հիմա հարազատ են։

Ամեն դեպքում կյանքի ահռելի մի հատված Կանադայում էիր։

Ինչ-որ նյութական էր, տվեց Կանադան, բայց էմոցիոնալը այստեղ քայլելիս զգացի։ Չեմ կարող բացատրել բառերով, որ ճշգրիտ լինի։ Թռչունները, որ թռչում են չէ՞, Անուշ, ի՞նչն է իրենց ուղղում դեպի հյուսիս-հարավ․․․ Իրենց մարմնի մագնիսական դաշտն է զուգահեռվում։ Հենց այս բառն է երեւի․․․ «Զուգահեռ»։

Երբ կենդանին պտտվում է սենյակի մեջ այնքան, մինչեւ գտնի իր կետը, որտեղ զուգահեռվում է տարածքին։ Իսկ այդ զուգահեռությունը թույլ է տալիս չպայքարել հոսանքի դեմ։ Դրանից է, որ հանգիստ եմ․ ներքին անհատս դրսի անհատի հետ զուգահեռ է։ Շատերն այս զուգահեռը չեն տեսնում, չեն զգում ու վախենում են։

Միջավայրայի՞ն վախն ի նկատի ունես։

Պատկերացրու սենյակ, որը 12 քառակուսի մետր է եւ ունի 3 մետր բարձրություն։ Պատկերացրու, որ այդ սենյակը բաժանում ես սանտիմետր խորանարդների ու, ենթադրենք, 100,000 քառակուսի սանտիմետր ստանում․․․ Հենց այդքան էլ մթություն կա այդ սենյակում։

Հիմա պատկերացրու, որ վառում ես այս կրակայրիչը, որը մեկ սանտիմետր քառակուսի լույս է ապահովում, բայց լուսավորում է ամբողջ սենյակդ, ցրում է խավարը։ Այդ մեկ սանտիմետր քառակուսի լույսը ցրում է 100,000 սանտիմետր քառակուսի խավարը։ Իսկ հիմնական գիտական տեսությունը լույսի մասին է․․․

Այսինքն անկախ ամեն ինչից՝ դրական էներգիայի մի փոքր կայծը բացասականը ցրելու շանսեր ունի։

Այո, Հայաստանում էլ, եթե 2000 հոգի ուղղված լինի լավատեսական ու դրական գործունության, ուրեմն հնարավոր է ասել, որ Հայաստան գոյություն կունենա։

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Հիմա՞, թե՞ նախապես․․․

Կարծում եմ՝ նախապեսից եթե սկսես, ներկային հասնելու ես։

Երբ 12 տարեկան էի ու Հալեպում նախակրթարանում էի սովորում, մեզ այցելուներ էին գալիս Հայաստանից՝ Սիլվա Կապուտիկյանը, այլ գրողներ, գիտնականներ։ Այստեղ Կապի կոմիտե կար, որը որոշում էր խմբերը։ Նստած էինք դասարանում եւ այդ խումբը ներս էր մտնում։ Մենք՝ աշակերտական ֆորմաներով, իրենք՝ իրենց յուրահատուկ հագուկապով․ միանգամից ուշադրություն էին գրավում, հաճախ մեզ համար այդ անսովոր հագուստը ծիծաղելի էր թվում։

Երբ սկսում էին խոսել, կարծիքը փոխվում էր իրենց հագուստի մասին, իրենց այդ հայերենը սոխակի երգեցողության պես էր, ձեռքներս դնում էինք դնչերիս տակ ու հիանում իրենց խոսքով։ Այդտեղից է, որ առաջին կապն է ստեղծվել Հայաստանի հետ, առաջին հետաքրքրությունը։ Այդ հետաքրքրությունից հարցեր էին առաջ գալիս, թե Հայաստանն ուր է, ինչ է։ Այդտեղից սկիզբ առավ սիրո զգացումս՝ ուղղված մի տեղի, որն այն ժամանակ շոշափելի ձեւով գոյություն չուներ ինձ համար։

Առաջին անգամ ե՞րբ եկար Հայաստան։

1989 թվականին եկա, երկրաշարժից անմիջապես հետո։ Հրապարակի «Էրեբունի» հյուրանոցում էի տեղակայվել․․․Ծանր պատկեր էր․ պատշգամբից տեսնում էի անընդհատ արտասվող սեւազգեստ կանանց, պարետային ժամեր էին հայտարարված, տեսարանն իրապես տխուր էր։ Առաջին այցս էր այդքան սպասված երկիր, եւ հենց այդ այցի ժամանակ հասկացա, որ տեղս չեմ գտնում։

Այդ ժամանակ հրավիրված էի Թեթեւ արդյունաբերության նախարարության կողմից․ արտադրական ծրագրերի շրջանակներում։ Մի կողմից շատ ուրախ էի, որ Հայաստանում եմ, որովհետեւ երկար էի սպասել, մյուս կողմից՝ ծանր էր, որովհետեւ այդպիսի Հայաստան չէի պատկերացնում։ Ամեն դեպքում այն շոշափելի դարձավ, նկատեցի ռեալը։

Եվ ինչպիսի՞ն էր այդ ռեալը։ Սիրեցի՞ր։

Երկու բան կա այդ տեսակ սիրելու մեջ․ սիրել կա, երբ ապագադ կապում ես տեղանքին եւ հանգիստ ես զգում, եւ կա սիրել, որի հետ ժողովուրդը, տեղացին անմիջական որեւէ կապ չունի։ Այստեղ հողի ու բնության, տարածական ըմբռնման հարցն է առաջ գալիս։ Այս վերջին մասով է, որ մեջս նստվածք դրվեց, հասկացա, որ մարդկանցով պիտի չդատեմ Հայաստանը եւ կամ որեւէ այլ վայր, որովհետեւ այդ ինչ թվականին այդ ինչ մարդն է այդ հողը ներկայացնողը, եւ դա չէ էականը։

Դու ծնվել ես Հալեպում, առաջին բարձրագույն կրթությունը ստացել ես Բրիտանիայում, հետո տեղափոխվել Կանադա, շարունակել կրթությունդ այլ ոլորտում։ Լինելով գիտության մարդ, ով նաեւ տարիներ շարունակ զբաղվել է արդյունաբերությամբ՝ ղեկավարելով սեփական ընկերությունները, ինչպե՞ս է առաջացել արվեստի հետ հարաբերությունը։ Ինչպե՞ս է արվեստը «մտել» այդ քո՝ գիտական տարածության մեջ։

Հայրս, որ Ցեղասպանության ժամանակ մեկուկես տարեկան էր, մոր եւ երկու քույրերի հետ Ուրֆայից դուրս է պրծել, այնուհետեւ հայտնվել Հալեպում ու դարձել գործի վարպետ մեխանիկայի մեջ։

Հիշում եմ, որ հորս կատալոգներով էի զբաղվում, կրկնօրինակում էի գծերը, եւ ինքը բացատրում էր դրանք, չնայած որ գրել-կարդալ չգիտեր (անգամ իր անունը չէր կարող գրել)․․․ Երբ արդեն Կանադա գնացի, տեսա ցուցասրահները, շենքերը, շատ բան կապվեց իրար, մեխանիկի ընտանիքում մեծանալս ու ֆորմաներ շոյելս, գծեր քաշելս ու կրկնօրինակներս․․․ Հանկարծ այս ամենը շատ պարզ տեսա շենքերի, քանդակների վրա․ ամենուր։ Գիտությունը սովորեցի, որովհետեւ սիրում էի, եւ արվեստին մոտեցա, որովհետեւ հետաքրքիր կապ տեսա երկու աշխարհների մեջ։

Այսինքն․․․ Փոքր տարիքից սիրեցի ձեռքի աշխատանքը։ Մայրս պահել էր մանկապարտեզի աշխատանքներս, որոնք իսկապես հիանալի էին․ ավելի ուշ պատմում էր, որ ամեն տեղից լուցկու տուփեր էի հավաքում, հետո դրանցից կահ-կարասի էի սարքում, տարբեր նյութեր էի օգտագործում․ սա շատ վաղ տարիքիս, երբ դեռ նյութին նոր էի ծանոթանում։

Հիշում էր նաւ, թե ինձ շեղելու համար առջեւս ինչպես էր անիսոնի համով գունավոր շաքարներ շարում, որոնցով ժամեր շարունակ կարող էի զբաղվել։

Այդ տարիքից սկսած է, որ գույների, դրանք իրարից տարանջատելու զգացողությունն եմ ունեցել, որովհետեւ որեւէ մեկից չեմ կրում արվեստագետ լինելու գենետիկ կոդը․ երկու քույր ունեմ եւ երեք եղբայր, բոլորից տարբեր եմ, ոնց որ օդապարիկի պես ընկած լինեմ այդ ընտանիք։

Երբ վեց տարի առաջ ծանոթացանք, ցույց տվեցիր մի տպագիր թերթ, որտեղ գրված էր կապուտչյա պատանու մասին, ով հրթիռ է սարքել։ Ասացիր՝ գիտես, այդ պատանին ես էի։

Ձեռքս շատ էր վարպետացել ուղիղ գծերի վրա, շատ լավ գիտեի նաեւ միացումներ անելը, որը նյութը պիտի ֆորմայի վերածեր։ Այդպես դպրոցական տարիքում նավակ էի սարքել, որն ավազանի վրա աշխատում էր։ Այդ ցուցադրության ժամանակ հրթիռների մասին էի մտածում․ այդ ժամանակ աշխարհում միայն Ամերիկան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Անգլիան էին, որ կարող էին հրթիռ նետել։

Դպրոցական էիր․․․

Հա, յոթ-ութերորդ դասարան։ Հրթիռի փոքրիկ մոդել էի սարքել՝ միայն կեղեւն էր։ Դպրոցում քիմիա եւ ֆիզիկա սկսեցինք ուսանել, նաեւ լաբորատորիաներում փորձ անելու հնարավորություն ունեինք, սկսեցի պարոններին անընդհատ հարցումներ անել, որպեսզի պատկերացում ունենամ գիտական համադրությունների մասին։

Մի օր կրպակներից մեկում տեսա հրթիռների դիզայնի մասին պատմող նկարազարդ ֆրանսալեզու ամսագրերը։ Գտա ֆրանսերեն խոսող մեկին, գնեցի ամսագիրը, բացատրեց՝ ինչ է գրված։ Այդտեղից սկսեցի մեթոդի ու համակարգի մասին պատկերացում կազմել։ Սկսեցի հասկանալ նաեւ գործարկման մեխանիզմները։ Սերտողություններից հետո երկրորդ հարցումներիս շարքը սկսվեց։ Մարդիկ համբերությամբ էին վերաբերում ինձ։

Առաջին փորձերիս համար գազի բալոններ էի օգտագործում․ դրանց մեջ տեղադրում էի վառոդները, խաղալիք տանկիս վրա էլ բալոնը ու կարճ հեռավորության վրա կրակ էի տալիս։ Պայթյուններ շատ եղան տան մեջ։ Այնպես նույնիսկ, որ մեծ այրվածքներ ստացա, ամռան երեք ամիսն ուղղակի անկողնում անցկացրի։

Դաս եղավ․․․Մյուս ամառ նորից սկսեցի։

Բեյրութից՝ Հայկազյան քոլեջից մարդիկ էին եկել, իրենց հետ խոսեցի, իրենք խորհուրդներ տվեցին, նոր փորձարկումներն սկսեցինք ընկերներով։ Երբ արդեն մեծ հրթիռի նախագիծը կար, հայտնեցի դպրոցի տնօրինությանը․ մի քիչ խնդացին, մի քիչ զարմացան, բայց ամեն դեպքում հրթիռի գծագիրը տարա, 200 սիրիական տվեցին, որ սկսեմ փորձարկումս։

Փորձարկման օրը հստակ հիշում ես։

Կիրակի էր, մարդիկ հավաքվել էին քաղաքից դուրս՝ հայրս էր, դպրոցի ուսուցիչները, քաղաքի ներկայացուցիչներ, այլ մարդիկ․․․ Հրթիռն արձակեցինք։ Մեծ աղմուկ եղավ, սկսեցին գրել տեղական թերթերը, նաեւ օտարները, նույնիսկ Հայաստանի թերթերն անդրադարձան։ Այդ օրը ներկա էր նաեւ քաղաքապետը, օդային ուժերի ներկայացուցիչը։

Ամռանն ինձ տարան Դամասկոս, որտեղ գիտական կենտրոն կար։ Պատկերացրու՝ ես 19 տարեկան էի, եւ գեներալներից չորսն ինձ արդեն անձամբ գիտեին, հետս խոսում էին մեծ մարդու պես։ Երկու հրթիռ պատրաստեցի․ հավատացին 19-ամյա տղային։

Մեծ դաշտը վերածեցին հատուկ փորձարկման վայրի․ կանգնած էի ապակու հետեւում եւ ինձ հետ՝ բանակի ամենամեծը․․․ Բաց թողնվեցին երկու հրթիռները․ առաջինը հաջող էր, երկրորդը՝ պայթեց։ Այդպես էլ ընտրեցի առաջին մասնագիտությունս՝ ավիամեխանիկ-ինժեներ։

Արվեստի մեջ մասնագիտական մեծ փորձը ներդնելու պահանջ ունեի՞ր, երբ ստեղծեցիր մինիմալիստական գործերդ։

Մինիմալ արվեստը, երբ ասպարեզ դուրս եկավ, հանգստություն ունեցա․ ինձ համար այն մաքուր ինժեներիա էր։ Իմ ստեղծած ֆորմաները, որոնք գիտական էին, որոնք ինձ համար գրավիչ են եղել դեռ մանկությունից, արվեստային դաշտ տեղափոխելու կարիք կար։

Մինիմալիստական արվեստի առանձնահատկությունը ո՞րն է։

Երբ նեղացնում, դետալացնում ես, հասցնում ես մինիմումին, հասկանում ես, որ կարեւորում ես հենց այդ անկյունը, այդ ֆորման, ինչպես օրինակ այս սեղանի մի անկյոււնն է։ Այսինքն ուշադրությունս բերում, կենտրոնացում եմ մի կետի, մի դետալի, որից հետո հանգիստ շունչ ես քաշում։

Դետալի վրա այդ տեսակ կենտրոնացումը նորից չի՞ բերում ճշգրիտ գիտության, մաթեմատիկական հաշվարկի։ Այդ նմուշներն էմոցիոնալ որեւէ բնութագրիչ չունե՞ն։

Հավասարակշռության հարցն է առաջ գալիս։ Մինիմալ արվեստի մեջ էմոցիա չկա․ գծի եւ տարածքի հանգիստ վիճակը ստեղծելու, նյութի քաշի ու անկյան համապատասխանությունն է, որը կարող է դիտողի ուշադրության համար հետաքրքրական լինել։

Կասես, որ դիզայն է, թող այդպես լինի, բայց այդ մինիմալն էր, որ ինձ ուրիշ հարթություններում շատ ու շատ կարեւոր եզրահանգումների տարավ։ Իսկ դու ի՞նչ ես կարծում էմոցիա պիտի լինի արվեստի մեջ, զգացու՞մը պարտադիր է։

Ես նույն հարցը քեզ եմ տալիս։

Սարյանն անգամ իր աչքի ու ձեռքի համադրությունն է ապահովել, գույնի որակական հատկանիշը։ Ես զգացում չեմ տեսնում․ տեսնում եմ ճշգրիտ համադրությունները, գունային փոխանցումը։ Այլ հարց է, թե ինչքանով ես կարողանում տեսածդ դնել թղթի վրա ու ինչ ձեւով։

Իսկ աբստրա՞կտը։ Քեզ աբստրակտ քանդակագործ են ներկայացնում։

Հա, ասում են, որովհետեւ մինիմալի մեջ գծի խաղերը շատ եմ անում։ Ինձ համար կարեւոր է դինամիկ ֆորմա ստեղծելը ու նկատել, թե երբ կարելի է անակնկալի բերել նայողին։ Երբ գծի ճշգրիտ տեղն ես շեշտում, թրթիռը կյանք է ստանում։ Ինձ համար լուծելի է դարձել գծի եւ ֆորմայի սիրային հարաբերությունը։

Հարաբերության մեջ էմոցիա ու զգացում չկա՞։

Կա իհարկե։ Ի՞նչն է, որ այսօր քեզ ստիպել ինձ Բալկոն կանչել։

Եվ՞․․․

Տիեզերական ամբողջ էությունը, ամեն մոլորակ արդեն իր հսկա ծավալի մեջ ապրող է, ինքն էլ է շնչում։ Ամենափոքրիկ ատոմն անգամ, որը ապրող տարածք է, նույն Երկիր մոլորակն է իր հսկա ծավալով։ Ուրեմն հարաբերություններն անխուսափելի են, որովհետեւ ամբողջ տիեզերքն է էներգիա, բախում ու հարաբերություն․ ասել է թե կա հոսանք եւ մագնիսական դաշտ։ Ուրեմն էներգիան է, որ քեզ «ստիպեց» կանչել ինձ այստեղ։

Մարդը այս հարաբերությունների մեջ չի՞ կարող միջամտել։

«Ին-Յանն» է՝ հստակ գծված։ Կարող ես կենտրոնական մասերը փորձել շեղել, էներգիա խախտել, բայց ընդհանուր կառուցվածքի վրա փոփոխություն չես կարող մտցնել։

Քաղաքականությունը քեզ վրա չի՞ կարող ազդել։

Ինձ համար քաղաքականությունն ուղիղ ձեւով գոյություն չունի․ ես կարեւորում եմ ամեն մարդու էություն՝ որպես էներգիա։ Հենց այդ ժամանակ է, որ արտաքին գեղեցկությունը, տեսանելին լրիվ անիմաստ է դառնում։ Քվանտային ֆիզիկայի գոյությանը զուգահեռ գիտնականները հասկացան, որ ամեն ինչ մեկ է, միասնական։

Ինֆորմացիայի արագությունն այդ միասնական մեկին չի՞ խանգարում։

Մարդու զգայարաններն այլեւս բավարար չեն։ Մենք տարածական չենք տեսնում եւ ուրեմն չենք կարող գիտության եւ ինֆորմացիայի արագությունն ընկալել։ Դրանից է, որ մարդը սկսել է անհանգստանալ եւ զգալ, որ հետ է մնում։

Քո գործերն էմոցիոնալ ազդեցություն կարո՞ղ են ունենալ։

Երբեք չեմ մտածել, որ էմոցիոնալ ազդեցություն պիտի ունենան։ Ընդհանրապես վերջին տարիների շարքերը զուգահեռ են իմ հոգեւոր ապրումներին։ Այսպես ասեմ՝ մի շատ կարեւոր բան սովորեցի, Անուշ, զրո կետի մեջ մտնելն է․․․ Զրո կետը ի՞նչ է․ բոլոր տեսակի աղմուկներից դուրս գալու հնարավորությունը, ուղեղի պտույտը, որը քեզ անընդհատ նորություն է բերում, եւ դու փորձում ես հեռու պահել այդ ամենից, կարողանում ես զրոյանալ՝ թեկուզ մի քանի վայրկյանով։

Վերջին տարիների աշխատանքներիս մեջ կարեւորում եմ մարմնի հպումը՝ ֆակտուրայի, թղթի, քարի հետ, որ զգամ իր չափը, ծավալը, էներգիան։ Հասկացել եմ, որ անգամ նյութի հետ ունեցած չհասկացվածությունդ պիտի փորձես զրոյացնել։

Ինքն է քեզ վարժվում, դու՝ իրեն, ու ինչ էլ անես, ստացվելու է։ Վերջում ինքդ էլ կարող ես անակնկալի գալ, որովհետեւ քո զրոյացնելու վիճակի ժամանակ նյութական աշխարհդ դուրս է գալիս, ձեռքերդ ավտոմատ են շարժվում, գիտությունը, որ ունես, արագ հաղորդում է իր ազդակներն արդեն սրտի ու մագնիսական իմպուլսների միջոցով․․․

Ուրեմն անհնար է՝ այդ զուգահեռվածի մեջ սխալ բան դուրս գա։ Անհնարին է նաեւ, որ դիտողը նայի ու չզգա, բայց նորից բացատրել չի կարող։ Դրանից է, որ մարդն անընդհատ վերնագիր է ուզում, որ ուղղորդվի։

Եվ դու երբեք չես վերնագրում գործերդ․․․

Երբեք․․․ Ի՞նչ իրավունք ունեմ կաշկանդելու մարդու միտքը։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։