HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

Հայկական շուկայում առկա որոշ սմարթֆոնների մասին

Սույն հոդվածում ուսումնասիրվել են մի քանի առցանց խանութների առաջարկած սմարթֆոնները, ու կազմվել է համեմատություն` շուկայում առկա մի քանի մոդելների միջև։ Հոդվածը գովազդային նպատակ չունի. պարզապես արձանագրվում են փաստերը, տրվում ընդհանուր խորհուրդներ։

Առաջին՝ սմարթֆոն ընտրելիս հաշվի ենք առնում մի քանի հիմնական հարցեր, ինչպես, օրինակ, գինը, արտաքին տեսքը, տեխնիկական պարամետրերը և այլն: Առաջնահերթ հաշվի է առնվում հենց արժեքը, իսկ դա, ինչպես հայտնի է, գոյանում է որոշ շուկայական գործոններից, այդ թվում նաև բրենդի հայտնիության և տարածվածության աստիճանից:

Հաճախ ավելի քիչ հայտնի արտադրողի սմարթֆոնն ավելի էժան է լինում, քան ավելի շատ հայտնի արտադրողինը, սակայն օնլայն խանութներում առաջարկվում է, և խանութ այցելողները գնելու համար ընտրում են հայտնի արտադրողի առաջարկած որևէ մոդել՝ առանց հաշվի առնելու, որ նույն պարամետրերով մյուս սմարթֆոնն ավելի ցածր գնով է առաջարկվում:

Հետևաբար՝  պարտադիր չէ, որ թանկ սմարթֆոնը լինի ամենաորակյալը: Առաջին համեմատությունը փորձել ենք կատարել Google Pixel 2, Samsung Galaxy Note 8 և Apple iPhone 8 հեռախոսների միջև՝ հաշվի առնելով, որ հայկական շուկանում ամենաթանկ մոբայլ սարքերը դրանք են (450 000-460 000 ՀՀ դրամ յուրաքանչյուրը): 

Google ընկերության Google Pixel 2 սմարթֆոնը, օրինակ, 5-դյույմանոց AMOLED էկրան ունի՝ 1920x1080 կետայնությամբ: Կենտրոնական պրոցեսորը Snapdragon 835 մոդելն է, որը համալրված է 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Այս մոդելը համեմատության մեջ ներառված մյուսների պես ամենաթանկերից մեկն է հայկական շուկայում: Համեմատելու համար օգտվել ենք https://www.gsmarena.com կայքից, իսկ մոդելներն ընտրվել են Յուքոմ, Վիվասել ՄՏՍ և Վեոն Արմենիա կայքերի առցանց խանութներից:

Ինչպես երևում է առաջին նկարից, բոլոր մոդելներն էլ արտադրվել են նախորդ տարվա երկրորդ կեսին, նույն անլար ցանցերով են աշխատում (2G, 3G, 4G): 

Նույն ցանցերում աշխատող Xiaomi Redmi 5+ սմարթֆոնն առաջարկվում է ընդամենը մոտ 130 000 ՀՀ դրամով: 

Համեմատելու համար կարող ենք նայել հետևյալ նկարին.

Ինչպես երևում է, այդ՝ ավելի էժան մոդելը գրեթե ոչնչով չի տարբերվում ավելի թանկ սմարթֆոններից, թերևս միայն նրանով, որ արտադրվել է մի քանի ամիս անց՝ 2018 թվականի փետրվարին:

Այսպիսով, հնարավոր է ունենալ էժան այլընտրանք վերևում նշված երեք մոդելներին՝ առանց հիմնական պարամետրերի էական փոփոխության:

Huawei Honor 6A մոդելն է՛լ ավելի էժան է՝ մոտ 82 000 ՀՀ դրամ և գրեթե նույն պարամետրերն ունի անլար ցանցի դեպքում.

Երկրորդ՝ մենք հեռախոսն ընտրում ենք հաճախ նաև մյուսներից տարբերվելու համար՝ երբեմն առանց լրջորեն համեմատելու տարբեր մոդելներ: Այս իմաստով պարզապես հաշվի ենք առնում աչքի զարնող երկու-երեք բնութագրիչներ՝ հեռախոսի ներքին հիշողությունը, էկրանի չափսը (ոչ միշտ) և տեսախցիկների որակը:

Ամենաշատ լույս ընկալող տեսախցիկը համարվում է ամենաորակյալը: Այս իմաստով՝ կարևորություն ենք տալիս պիքսելների քանակին, թվային կամ օպտիկական խոշորացման պարամետրերին և այլն:

Այս պարամետրերի համար էլ համեմատել ենք Alcatel A3 (մոտ 60 000 ՀՀ դրամ), Nokia 5 (մոտ 120 000 ՀՀ դրամ), Apple iPhone 8 (մոտ 450 000 ՀՀ դրամ) հեռախոսները: Առաջինը և երկրորդն ունեն հիմնական 13 ՄՊ տեսախցիկ, իսկ iPhone 8-ն ունի 12 ՄՊ տեսախցիկ: Փաստորեն, iPhone-ը մոտ 8 անգամ թանկ է առաջին մոդելից՝ Alcatel A3-ից: Այն ունի A11 մոդելի վեցմիջուկանի, Nokia-ն՝ Qualcomm MSM8937 մոդելի ութմիջուկանի, իսկ Alkatel հեռախոսը՝ Mediatek MT6737 մոդելի քառամիջուկ պրոցեսոր:

Տարբերվելու ցանկությունը կարող է մղել գնորդին ձեռք բերել ամենաթանկ, ամենավերջին և ամենահզոր սմարթֆոնը եղածների միջից, սակայն, ինչպես արդեն մի քանի բաղադրիչների համեմատությամբ պարզվեց, թանկ և էժան մոդելների դեպքում գրեթե տարբերություն չկա, և ավելորդ գումար ծախսելու կարիք նույնպես չպետք է լինի:

Հետևություն կատարելու համար կարող ենք հուշել, որ ցանկացած սմարթֆոն գնելիս պետք է հաշվի առնել նախ տեխնիկական պարամետրերը, հետո նոր գինը: Ցանկալի կլինի, որ միևնույն մոդելը համեմատվի տարբեր խանութներում՝ հնարավոր ակցիաներից ու զեղչերից օգտվելու համար:

Մեկնաբանություններ (1)

Arsen
Մեկ ա, գնալու են iPhone առնեն :)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter