HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրեքսիթ. պատճառներից մինչև հետևանքներ

Սոսե Մայիլյան

Դուբլինի քաղաքային համալսարանի (Dublin City University) իրավագիտության և կառավարման ֆակուլտետի ԵՄ իրավունքի գծով ասպիրանտ

Բրեքսիթի ինստիտուտի (DCU Brexit Institute) ասոցացված անդամ 

2016թ․ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում (այսուհետ՝ նաև ՄԲ) տեղի ունեցավ հանրաքվե, որով 52% մեծամասնությամբ Մեծ Բրիտանիայի բնակչությունը որոշեց դուրս գալ Եվրոպական Միությունից (այսուհետ՝ նաև ԵՄ)։ Արդյունքում ԵՄ պատմության մեջ առաջին անգամ սկիզբ դրվեց Միությունը լքելու գործընթացին, որը տարածվեց «Բրեքսիթ» անվամբ։

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումը պայմանավորված էր բազմաթիվ հանգամանքներով, որոնցից առավել կարևոր են հետևյալները․

  1. ԵՄ-ի ներսում անձանց (մասնավորապես՝ ԵՄ քաղաքացիների) ազատ տեղաշարժի իրավական կարգավորումը և ԵՄ անդամ պետություններից ՄԲ միգրացիոն հոսքերի սահմանափակման և վերահսկման ձգտումները,
  2. սոցիալական նպաստներից ԵՄ բոլոր պետություններում օգտվելու ԵՄ քաղաքացիների լայն իրավունքները,
  3. Մեծ Բրիտանիայի և Եվրոպական Միության միջև այդևայլ հարցերի շուրջ նախկինից որակապես տարբերվող նոր հարաբերությունների չհաստատումը։

Բրեքսիթին նախորդող շրջանում ՄԲ իրավական և քաղաքական ասպարեզներում հաճախ քննարկվում և թեժ բանավեճերի տեղիք էր տալիս, այսպես կոչված, սոցիալական կամ սոցնպաստների տուրիզմի (social or benefit tourism)՝ ԵՄ մեկ անդամ պետությունից մեկ այլ անդամ պետություն տեղափոխվելու արատավոր պրակտիկան՝ զուտ այդ ընդունող անդամ պետության սոցիալական օգնության համակարգից օգտվելու նպատակով[1]։ Սոցնպաստների տուրիզմի տեսակետի հակառակորդները, սակայն, պնդում են, որ դրա առկայությունն ապացուցող փաստեր չկան, իսկ սոցնպաստների տուրիզմի վտանգի ազդեցությունը գնահատվում է շատ նվազ՝ ըստ տարբեր հետազոտությունների:

Այս վիճահարույց հարցը համեմատաբար հին երևույթ է, որը քննարկվել է դեռևս 1981թ. Հունաստանի՝ ԵՄ-ին անդամակցության ժամանակներից, ինչպես նաև ցանկացած նոր պետության անդամակցության ժամանակ[2]։ Այսպես, օրինակ, 1980-ական թվականներին և 1990-ական թվականների սկզբներին ԵՄ հյուսիսային անդամ պետությունները (մասնավորապես՝ սկանդինավյան երկրները և Նիդեռլանդները) կանխատեսում էին, որ ԵՄ սոցիալական ապահովության օրենքների ընդլայնված մեկնաբանումը կհանգեցնի Եվրոպական ընկերակցության հարավեվրոպական նոր անդամ պետությունների քաղաքացիների մեծ հոսքին իրենց երկրներ, ովքեր «կօգտվեին այս երկրների առատաձեռն սոցիալական ապահովության մոդելից»[3]։ Նման հակասություն ծագեց նաև ԵՄ-ի 2004թ․ «մեծ պայթյունի» ընդլայնման շրջանում, երբ տասը նոր պետություններ միացան ԵՄ-ին, իսկ  2007թ․ Ռումինիայի և Բուլղարիայի անդամակցումը միայն ավելացրեց հակասությունը։

Հաշվի առնելով Բրիտանիայի բնակչության դժգոհությունը՝ ՄԲ-ի նախկին վարչապետ Դեվիդ Քեմերոնը ձեռնամուխ եղավ և 2016թ․ փետրվարին հասավ Մեծ Բրիտանիայի համար ԵՄ-ում նոր դիրք ապահովողի կարգավորման հաստատմանը[4], որով ԵՄ-ՄԲ հարաբերությունները կկարգավորվեին՝ դրանք ավելի համապատասխանեցնելով Բրիտանիայի պահանջներին։ Թեպետ Քեմերոնը պնդում էր, թե այդ կարգավորմամբ  Բրիտանիան կարող էր մնալ ԵՄ-ում, սակայն իրավական և քաղաքական շրջանակներում պայմանագիրն այդ կերպ չընկալվեց, և հաճախ էր շեշտվում, որ այդ պայմանագրի միակ առավելությունը, այսպես կոչված, շտապ արգելակման դրույթի ընդունումն էր, որով անդամ պետությունները հնարավորություն էին ստանում այլ անդամ պետություններից աշխատողների աննախադեպ ծավալի ներհոսքի դեպքում որոշակի սահմանափակումներ մտցնել:

Քեմերոնի ձեռք բերած համաձայնությունը չբավարարեց բրիտանական քաղաքական շրջանակներին։ Դժգոհությունը ԵՄ-ի ներսում անձանց ազատ տեղաշարժի, ԵՄ այլ անդամ պետությունների քաղաքացիների կողմից Մեծ Բրիտանիա մուտք գործելու հնարավորության և ՄԲ-ի՝ ԵՄ-ի կողմից իրականացվող քաղաքականությանը «հարկադրաբար» ենթարկվելու հարցերի շուրջ հանգեցրեց  նույն թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի բնակչության կողմից ԵՄ-ից դուրս գալու որոշման ընդունմանը՝ 52% կողմ և 48% դեմ ձայների հարաբերակցությամբ։ Հարկ է նշել, որ ԵՄ այլ անդամ պետություններից Մեծ Բրիտանիա մուտք գործող ԵՄ քաղաքացիների թիվն էականորեն նվազել է ԵՄ-ը լքելու վերաբերյալ հանրաքվեից հետո։ Ըստ Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների՝ ԵՄ մուտք գործող քաղաքացիների թիվը ՄԲ-ում վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 82․000-ով․ 2016-2017թթ․ ՄԲ-ում ԵՄ քաղաքացիների թիվը 189․000 էր, իսկ 2017-2018թթ.՝ 107․000։ Հաշվետվության մեջ նշվում է, որ ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեն, հավանաբար, նման փոփոխությունների հիմնական դրդապատճառներից է։ Փաստաթղթում նշվում է նաև, որ 2004թ․ կեսերից սկսած՝ բնակչության աճը ՄԲ-ում 2017-2018թթ. գրանցել է ամենացածր արդյունքը՝ ընդամենը 0,6%։ Ընդ որում, բնակչության աճի ընդամենը 41%-ն է պայմանավորված եղել բնական փոփոխություններով (ծնելիության և մահացության միջև տարբերությամբ), իսկ 59%-ը՝ միջազգային միգրացիայով և ՄԲ-ում բնակվող ու զինված ուժերում ծառայող անձանց թվաքանակի՝ 2․700-ով աճելու հանգամանքով։

Բրեքսիթյան բանակցությունները 2017թ․ վերջին հանգեցրեցին նրան, որ ԵՄ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնության եկան որոշ հարցերի շուրջ և ներկայացրեցին միասնական հաշվետվություն[5], որով ամփոփվում էր Մեծ Բրիտանիայի՝ Միությունը լքելու շուրջ ընթացող բանակցությունների առաջին փուլը։ Չնայած բոլորովին վերջերս կողմերը հանրությանը ներկայացրեցին բանակցությունների վերաբերյալ հերթական հաշվետվությունը[6], որում տարբեր հարցեր առավել մանրամասն են կարգավորվում՝ ի տարբերություն նախորդ հաշվետվության, առայժմ հստակ համաձայնություն չկա բավականին կարևոր խնդիրներից մեկի՝ ԵՄ-ի և ՄԲ-ի միջև առաջիկայում ձևավորվող միակ սահմանի, այն է՝ Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի, սահմանային ստուգումների կամ դրանց բացակայության հարցի շուրջ։ Խնդիրն առավել բարդանում և մտահոգիչ է դառնում Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակներում և կառավարության ու խորհրդարանի ներսում առկա տարաձայնությունները հաշվի առնելիս։

Եթե Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ հետագա հարաբերությունների հարցում որոշակիությունը բացակայում է, ապա ամեն ինչ ավելի հստակ է ԵՄ ներքին քաղաքականության դեպքում։ ԵՄ ներկայացուցիչները բազմիցս շեշտել են ԵՄ-ի՝ որպես առավել միավորված կառույցի զարգացման հեռանկարները[7]՝ առանձնացնելով, որ չնայած դժվարություններին, ճգնաժամերին և անդամ պետության անդամակցության դադարեցմանը՝ Եվրոպական Միությունը դուրս կգա այդ իրավիճակից առավել միասնական կարգավիճակով։ Այս տեսակետին են ոչ միայն ԵՄ կառավարման մարմինների ղեկավարները, այլև ԵՄ-ի կազմում մնացող անդամ պետությունները։ Սա ապացուցվում է ավելի վաղ հիշատակված ԵՄ-ՄԲ կարգավորման պայմանագրում էլ ավելի սերտ Միության ստեղծման մասին ԵՄ պայմանագրերում առկա դրույթի հիշատակմամբ, որով այն հակադրվում է ՄԲ-ի՝ ավելի սերտ ԵՄ-ի զարգացման գաղափարին դեմ լինելուն։

Ըստ վերոնշյալի՝ կարելի է եզրակացնել, որ ԵՄ-ի ներսում անձանց ազատ տեղաշարժի և սոցնպաստների մատչելիության իրավական կարգավորման հետ ՄԲ-ի անհամաձայնությունը՝ ՄԲ-ի և ԵՄ-ի միջև այդ հարցերի շուրջ նոր հարաբերությունների հաստատման բացակայությանը զուգահեռ, եղել է Բրեքսիթի գործընթացի սկզբի հիմնական դրդապատճառներից։ Միաժամանակ, այս իրադրությունը հանգեցրել է ԵՄ-ի քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցերի բարձրացմանը հենց Միության ներսում, ինչի արդյունքում ակնկալվում է, որ ԵՄ-ի հետագա քաղաքականությունը՝ մեծապես պայմանավորված Բրեքսիթի գործոնով և նման իրավաքաղաքական նախադեպի ստեղծման հնարավոր վտանգով, առայժմ առավելապես կենտրոնանալու է վերպետական տարածաշրջանային կազմակերպության ներքին խնդիրները լուծելու և կազմակերպության ներսում առավել սերտ համագործակցության ապահովման վրա՝ հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիայից բացի կան նաև ԵՄ այլ անդամ պետություններ, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց դժգոհությունն են արտահայտում ԵՄ-ի քաղաքականությունից: Հետևաբար, Եվրոպական Միությունն իր ջանքերը կուղղի մնացող անդամ պետությունների միջև սերտ համագործակցությունը խթանելուն՝ այդպիսով կանխելով նաև Մեծ Բրիտանիայի օրինակի վարակիչ դառնալը և ապահովելով առավել ուժեղ ու սերտ Եվրոպական Միության հետագա զարգացումը։

Հոդվածն ավելի ծավալուն՝ Բրեքսիթ. իրավաքաղաքական շարժառիթները և ԵՄ հետագա քաղաքականությունը վերտառությամբ հետազոտության սեղմագիրն է, որը ներկայացվել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)՝ հուլիսի 30-ի քննարկման ժամանակ: 

Սոսե Մայիլյանը Դուբլինի քաղաքային համալսարանի (Dublin City University) իրավագիտության և կառավարման ֆակուլտետի՝ ԵՄ իրավունքի գծով ասպիրանտ է, Բրեքսիթի ինստիտուտի (DCU Brexit Institute) ասոցացված անդամ, Կոպենհագենի համալսարանի (Københavns Universitet) իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավր։ 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] E.-M. Poptcheva; Freedom of Movement and Residence of EU Citizens: Access to Social Benefits, European Parliamentary Research Service, European Union, 2014, p. 1.

[2] K. Groenendijk, Access for Migrants to social assistance: Closing the Frontiers or Reducing Citizenship?, in Social Benefits and Migration: A Contested Relationship and Policy Challenge in the EU, editors E. Guild et al, Brussels, CEPS 2013․

[3] R. Cornelissen, EU Regulations on the Coordination of Social Security Systems and Special Non-Contributory Benefits: A Source of Never-Ending Controversy, in Social Benefits and Migration: A Contested Relationship and Policy Challenge in the EU, editors E. Guild et al., Brussels, CEPS, 2013, p. 82.

[4] A New Settlement for the United Kingdom within the European Union, Extract of the conclusions of the European Council of 18-19 February 2016, 2016/C 69 I/01.

[5] Joint report from the negotiators of the European Union and the United Kingdom Government on progress during phase 1 of negotiations under Article 50 TEU on the United Kingdom's orderly withdrawal from the European Union, 8 December 2017, TF50 (2017) 19.

[6] Joint statement from the negotiators of the European Union and the United Kingdom Government on progress of negotiations under Article 50 TEU on the United Kingdom's orderly withdrawal from the European Union.19 June 2018, TF50 (2018) 52.

[7] Տե՛ս, օրինակ, Brexit: Donald Tusk says EU-27 must remain united, in BBC, 29 April 2018, https://www.bbc.com/news/world-europe-39742949, դիտվել է 23.07.2018թ.; H. Goulard, Donald Tusk: ‘What doesn’t kill you makes you stronger’, in Politico, 24 June 2016, https://www.politico.eu/article/donald-tusk-what-doesnt-kill-you-makes-you-stronger-eu-leave-brexit/,  դիտվել է 23.07.2018թ.; M. de la Baume, Jean-Claude Juncker: focus on building a ‘better Europe’, https://www.politico.eu/article/jean-claude-juncker-focus-on-building-a-better-europe-after-brexit-clean-divorce/, դիտվել է 23.07.2018թ.; European Commission President Jean-Claude Juncker's State of the Union Address, Brussels, 13 September 2017, http://europa.eu/rapid/press-release_SPEECH-17-3165_en.htm, դիտվել է 23.07.2018թ.:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter