HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

Այլևս՝ երբեք

Հանրությունը ցնծում է, կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Վերջապես հույսեր են արթնանում, որ կբացահայտվեն  2008թ․ մարտի 1-ի ողբերգական գիշերվա 10 զոհերի մահվան իրական հանգամանքները և մեղավորները կպատժվեն։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Չնայած ես ավարտել եմ  «Գալիք» համալսարանի իրավագիտության բաժինը, նաև ՀՀ Փաստաբանների պալատի անդամ եմ, բայց ինձ փորձառու իրավաբան չեմ համարում, և թերևս կարծիքս ոչ այնքան մասնագիտական, որքան սիրողական է։ Ասեմ նաև, որ ինձ թվում էր, որ մարտի 1-ի ողբերգությունն այդպես էլ չի բացահայտվի, ինչպես չեն բացահայտվել, դրան նախորդող շուրջ 16 տարիների բազմաթիվ սպանություններ, ոչ միայն քաղաքական, այլև, օրինակ, ոստիկանական բաժիններում խոշտանգումների հետևանքով տասնյակ, խաղաղ պայմաններում զինված ուժերում հարյուրավոր զոհվածների (հատկապես 95-99թթ ) մահվան հանգամանքները։

Այդպես էի կարծում, քանի որ դեռևս 90-ականներից իշխանության հիմնական հենարանը այսպես կոչված ուժային կառույցներն էին (ոստիկանություն, բանակ և այլն) և նրանց նեղացնել չէր կարելի։ Իսկ անկախ իշխանությունն իրական կրողներից (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան), իշխանության բնույթը չէր փոխվել։ Իհարկե, սպասելի էր իշխանափոխություն, ներքին ինտրիգների, պալատական հեղաշրջումների ձևով, բայց, ինչպես կարծում են շատերը, այնպես էլ ես չէի սպասում հեղափոխության։

Ինչևէ, ինձ թվում է, որ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները պետք է պարզվեին իրավական հետևյալ ընթացակարգով, ըստ պահպանված քրեաբանական նյութերի, ինչպես նաև նոր ձեռք բերված ապացույցների հիման վրա․ անհատական քննվեին ամեն զոհի մահվան հանգամանքները, դատաձգաբանական, դատաբժշկական, տեղազննության, վկաների հարցաքննությունների միջոցով։ Ձեռք բերված ապացույցների հիմքերով մեղադրանքներ առաջադրվեին սպանությունները կատարողներին, նրանց հրամաններ տվողներին, հրաման տվողներին իրենց հերթին հրահանգ տվողների նկատմամբ և  հավանաբար բացահայտումների շղթան հասներ Ռոբերտ Քոչարյանին։ Իհարկե օբյեկտիվ քննությունը պետք է նաև բացահայտեր հրահրողներին։ Չմոռանանք, որ զոհերից երկուսը ոստիկանության աշխատակիցներ էին, և պարզունակություն է կարծել, որ նրանց նույնպես սպանել են իշխանությունների հրահանգով (չմոռանանք նաև երկու կողմից տասնյակ վիրավորների մասին)։ Իհարկե, սա կլիներ 10 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասնակի բացահայտում, բայց գոնե ինչպես զոհերի հարազատներն, այնպես էլ հասարակությունը որոշակի բավարարվածություն կզգային, որ արդարադատությունը վերջապես հաղթեց։ Սրան պետք է հետևեր իրավական, թե՞ քաղաքական, գուցե համատեղ, երկրորդը հիմնվելով առաջինի վճռի վրա, բուն 2007-2008թթ․ իրադարձությունների իրավական ու  քաղաքական գնահատականը։ Չգիտեմ, գուցե այդպիսի պրակտիկա ևս գոյություն ունի, պայմանական ասած վերևից սկսել։ Թե՞ տվյալ պարագայում, կարևորը հիմնական «մեղավորին» կալանավորելն է, իսկ սպանություններն անմիջական կատարողներին հայտնաբերելու համար բարձր մասնագիտական հմտություններ են պետք, թե՞ 10 տարի է անցել, շատ ապացույցներ վերացել են և այլն։ Արդյոք միայն Ռոբերտ Քոչարյանին և նրա արքունիքին պատժելով հասարակությունը կբավարարվի: Իսկ զոհերի հարազատնե՞րը․․․Չգիտեմ:

Այժմ, այսօր շատ կարևոր, հանրության շրջանում քննարկվող՝ անցումային արդարադատության մասին։ Վերջերս Երևանում էին այդ ոլորտի միջազգային, բարձրակարգ մասնագետները, որոնց հետ քննարկումներին ես էլ մասնակցեցի։ Անցումային արդարադատության տարբեր մոտեցումներ գոյություն ունեն` կախված տվյալ երկրի առանձնահատկություններից։ Օրինակ անցումային արդարադատությունը կարող է բացահայտել տվյալ երկրում կատարված զանգվածային սպանությունների (մինչև ցեղասպանություն) հարցերը, կարող է իրավական, հռչակագրային փաստաթուղթ ընդունվել, դատապարտելով նախկին ռեժիմն ու կարմիր գիծ քաշել անցյալի ու ներկայի միջև, ինչպես նաև այդ երկուսի միջանկյալ տարբերակները։ Իսկ ամենակարևորը՝ անցումային արդարադատությունը ոչ մի դեպքում չի կարող ընտրովի լինել։ Այդ համատեքստում դիտարկենք, թե ինչպիսին կարող է լինել անցումային արդարադատությունը Հայաստանում։ Կարծում եմ Հայաստանի պարագայում առաջին հերթին պետք է դիտարկել, եթե ոչ զանգվածային, ապա հարյուրավոր չբացահայտված սպանությունների հանգամանքներն ու պատժել ոչ միայն կատարողներին, այլև հրաման կամ հրահանգ տվողներին, ինչպես նաև այդ սպանությունները կոծկողներին, այսինքն հիմնական պատասխանատուներին։ Գուցե չանդրադառնանք 1990թ․ Վիտյա Այվազյանի, Գեղազնիկ Միքայելյանի, Արիս Անդրեասյանի չբացահայտված սպանություններին, այլ սկսենք 1992թ․ սկսած իշխանությունների կողմից կազմակերպված Աշտարակի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի, նրա վարորդ Վարուժան Աբրահամյանի, երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի, նրա վարորդ Հակոբ Հունանյանի, գեներալ Ժորա Իսահակյանի, ԱԱԾ նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանի, Կարեն Ռաֆայելյանի, Արթուր Հովհաննիսյանի սպանություններից։ Ձևականորեն անմիջական սպանություններ կատարողները դատապարտված են, սպանությունները պատվիրող Վանո Սիրադեղյանը՝ փախուստի մեջ։ Բայց, արդյոք Վանոն ինքնուրույն էր կայացրել սպանությունների որոշումները։ Համոզված եմ ՝ ոչ։ Պատահական չէր նրա խոսքը՝ «ես քավության նոխազ չեմ դառնա»։ Իսկ գործի բացահայտումը կապված էր 1998թ․ հունվար-փետրվար ամիսներին ներիշխանական գզվռտոցների հետ։ 1996թ․ աշնանից ՆԳՆ, ԱԱԾ միացված նախարար Սերժ Սարգսյանը, որը տրիումվիրատի (Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) անդամ էր, այդ բացահայտումով մահացու հարված հասցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամոտ զինակցին՝ Վանո Սիրադեղյանին, որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը արդեն օրերի հարց էր։ Արդյոք 1995-1996թթ․ ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանն անտեղյա՞կ էր Արմեն Տեր-Սահակյանի խմբից։ Ինչևէ, դեռևս, մինչև 1999թ․ Վանո Սիրադեղյանի անձեռնմխելության երաշխավորը նրա վաղեմի ընկեր Վազգեն Սարգսյանն էր։ Նրա մահից հետո, արդեն Վանո Սիրադեղյանին փախցրին, որպեսզի նրա կողմից ավելորդ, աղմկոտ բացահայտումներ չլինեին։ Չէ, որ պալատական հեղաշրջում անողները անվտանգության երաշխիքներ էին տվել նախորդ արքունիքին, որ ոչ միայն հանգիստ հեռանան, այլև, որ նորերն էլ շարունակեն նույն ոճով կառավարել։ Եվ հենց այս երաշխիքներն էին պատճառը, որ նախկին «հանցավոր ռեժիմը» պատասխանատվության չենթակվեց, ոչ թե ՀՀՇ-ՀԱԿ-ի անդամների մտավարժանքները, թե «եթե մենք էլ կոռուպցիայի, հանցագործությունների մեջ լինեինք, ապա Քոչարյանը դրանք կբացահայտեր»։ Սպանությունների մասով պետք է բացահայտվեն նաև հրադադարից հետո մինչև այժմ բանակում խաղաղ պայմաններում զոհվածների մահվան հանգամանքներն ու մեղավորներն, կոծկողները պատասխանատվություն կրեն։ Խոսքս հատկապես վերաբերում է 1995-1999թթ Ազգային Հերոս Վազգեն Սարգսյանի Պաշտպանության նախարար եղած ժամանակ հարյուրավոր չբացահայտված սպանություններին և դրանք կոծկող Ռազմական դատախազությանը` մերօրյա իրավապաշտպան Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ։ Բացահայտել է պետք նաև ՊՆ ֆինանսների վարչության պետ Մավրիկ Ավետիսյանի ինքնասպանություն ձևակերպված մահվան հանգամանքները: Բացահայտման ենթակա են նաև ոստիկանական բաժիններում խոշտանգված և սպանված տասնյակ անձինք` Ռուդիկ Վարդանյանից (1994թ․) սկսած Լևով Գուլյանով (2007թ․) վերջացրած։ Չմոռանանք նաև 90-ական թվականներին բանտերում կատարված խոշտանգումների և փաստացի սպանությունների մասին այն ժամանակվա բանտերի վարչության պետ, հետագայում թունդ ընդդիմադիր, 2008թ․ ոստիկան ծեծող Մուշեղ Սաղաթելյանի գլխավորությամբ (24-րդ տարին բանտում. 56-ամյա Արսեն Արծրունին դատապարտյալների ուղղման նոր մեթոդ է ստեղծել , https://www.youtube.com/watch?v=81e8Ioewprk, https://www.youtube.com/watch?v=_2i-LXp8mRYhttp:, Դեպի ցմահ ազատություն)։ 

Վերաբացման անհրաժեշտություն կա`  2013թ․ Գորիսում Ավետիք Բուդաղյանի սպանության գործը։

Չբացահայտված սպանությունների շարքը կարելի է շարունակել։

Եվ վերջապես, այս բոլորին զուգահեռ բացահայտել 2008թ․ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները։ Եվ իհարկե, կրկնեմ, պատժել ոչ միայն անմիջական սպանություն կատարողներին, այլև նրանց հրաման տվողներին, հրաման տվողներին հրաման կամ հրահանգ տվողներին և գործը կոծկող ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին։ Եվ բազմաթիվ այլ անձանց հետ միասին, ՀՀ երեք նախագահներն էլ կհայտվեն ճաղերի ետևում։ Իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին հերթին, քանի որ նա է դրել ամենաթողության և անպատժելիության հիմքերը։

Այժմ, անցումային արդարադատության համատեքստում, փորձենք անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի առաջադրված ՀՀ  քր․ օրենքի 300.1-ին հոդվածի 1-ին  մասին՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Չեմ ուզում բանավեճի մեջ մտնել բազմափորձ իրավաբանների հետ սույն հոդվածի կիրառման իրավականության, ինչպես նաև 2005թ․ մինչև 2018թ․ գործող սահմանադրության  56.1 հոդվածի դրույթների շուրջ

Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:

Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

 

Այս հոդվածն ինքնին անհեթեթ է և նշանակում է, որ ՀՀ նախագահը կարող է իր ենթականերին ցանկացած հակաօրինական հրաման տալ և ինչպես պաշտոնավարության, այնպես էլ դրանից հետո պատասխանատվություն չկրել։ Եվ միայն եթե ՀՀ նախագահը, ոչ որպես նախագահ, այլ որպես անձ, օրինակ, փողոցում բռնաբարում է որևէ մեկին, ապա պաշտոնանկությունից հետո միայն կարող է պատասխանատվության ենթարկվել։ Սակայն ինչպես վարվել կամ հարգել, թեկուզ 2015թ. կեղծված սահմանադրության սույն հոդվածը, կամ գործել հանուն «արդարության», չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության տարիներին փակվեցին A1+  և «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները, կեղծվեցին 1998, 2003թթ․ ընտրությունները, 2005թ․ սահմանադրական հանրաքվեն և վերջապես 2008թ․ ընտրություններն ու 10 հոգու սպանությունները, իհարկե նաև Պողոս Պողոսյանի սպանությունը։ Բայց, արդյոք, այդ նույն նպատակահարմարության համար չէր, որ անտեսվեց 1998թ․ սահմանադրական նորմը, և նույն Ռոբերտ Քոչարյանը, չունենալով 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, առաջադրվեց որպես նախագահի թեկնածու։ Կամ նույն Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին փակվեցին ու ջարդուփշուր արվեցին «Երկիր», «Ուրբաթ» թերթերի խմբագրությունները, հրկիզվեց «Գոլոս Արմենիի» խմբագրությունը, առաջին անգամ փակվեց «A1+»-ը, կեղծվեցին 1995, 1996թթ․ ընտրությունները, սպանվեցին վերոնշյալ գործիչները։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին էլ բռնության են ենթարկվել բազմաթիվ լրագրողներ, կեղծվել են 2013, 2017թթ․ ընտրությունները, 2015թ․ հանրաքվեն, կոծկվել են յուրայինների կողմից կատարված սպանությունները։ Ասել կուզեմ` ինչու՞ միայն Քոչարյանին, երեքին էլ հասնում է, բայց ո՞նց՝  հանուն «արդարության», թե՞ միայն արդարադատության միջոցով։

Երբ Քոչարյանի փաստաբանները ասուլիսի ժամանակ քննարկում էին 56.1 հոդվածը, հանրությունը նրանց անվանեց սատանայի փաստաբաններ, իսկ ՀՀՇ-ՀԱԿ-ի փաստաբան Վահե Գրիգորյանը Քոչարյանին և նրան պաշտպանող իր կոլեգաներին մեղադրեց անմեղսունակ պաշտպանության մեջ, նաև պնդեց, որ 56.1 հոդվածի ետևում չի կարելի թաքնվել կյանքի իրավունքի ոտնահարման դեպքում։ Ուշադիր կարդացեք սույն հոդվածը, այնտեղ չկա գրված՝ բացի կյանքի իրավունքի խախտումից։  Ի դեպ, փորձառու փաստաբանը ձայն չհանեց այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ-ն ծանուցագիր է ուղարկել` ներկայանալու որպես վկա, այնուհետև, հարցաքննության ընթացքում, փոխել կարգավիճակը, որպես մեղադրյալ։ Հին հնարք է, տարիներ կիրառված Հայաստանի իրավապահ համակարգի կողմից։ Անձին ներգրավել որպես վկա, հարցաքննել (ի տարբերություն կասկածյալի կամ մեղադրյալի, վկան իրավունք չունի հրաժարվել ցուցմունք տալուց, եթե այն չի վերաբերում իրեն, կամ իր հարազատներին) և հետո կարգավիճակը փոխել, որպես մեղադրյալ։ Քննչական այս հնարքը բազմիցս քննադատվել է, ինչպես Հայաստանի փաստաբանների, իրավապաշտպանների, այնպես էլ միջազգային կառույցների (ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե )կողմից: Համոզված եմ, որ Վահե Գրիգորյանն իր ԵԽ ՄԻԵԴ բողոքներում ընդդեմ Հայաստանի, հաջողությամբ օգտագործել է այս հնարքը` որպես ԵԽ ՄԻ կոնվենցիայի 6-րդ (արդար դատավարություն) խախտում։

Ի դեպ ընթերցողներին կուզենայի ասել, որ ողջ աշխարհում բոլոր լավագույն փաստաբանները «սատանայի» փաստաբաններ են։ Փաստաբանի մասնագիտությունն է պաշտպանել նաև ցանկացած, նույնիսկ ամենածանր, սարսափելի հանցագործության մեջ մեղադրվող անձին և ապացույցներ, փաստեր ներկայացնելով` ապացուցել նրա անմեղությունը, կամ մեղմել պատժաչափը։ Եվ Հայաստանի բոլոր լավագույն, փորձառու փաստաբաններն էլ «սատանայի» փաստաբաններ են, մասնագիտությունն է այդպիսին։ Իսկ այն գործող փաստաբանները, որ կասեն իրենք հանցագործին չեն պաշտպանի, կամ իրականում փաստաբան չեն, կամ թույլ են, և նրանց ոչ ոք չի դիմում։ Եվ ինչ, հրաժարվե՞նք արդար դատավարության սկզբունքից, այդ թվում նաև դատարաններից և հանրության կողմից հանցագործության մեջ կասկածվող յուրաքանչյուր անձի Լինչի դատաստանի ենթարկենք։ Ես հասկանում եմ հեղափոխական պաթոսն ու արդարության վերականգնման բուռն ցանկությունը։

Այն հեղափոխության տրամաբանությունն է, ինչպես 1789թ․  Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո առանց, այսպես ասած, արդար դատաքննության մահապատժի դատապարտվեց Լյուդովիկոս 16-րդը, նույն կերպ1917թ․ Հոկտեմբերյան Սոցիալիստական հեղափոխությունից հետո Նիկոլայ 2-րդը։ Իհարկե երկուսն էլ արժանի էին պատժի, իրենց բազմաթիվ հանցագործությունների համար։ Բայց ինչպե՞ս։Եվ նույն մարդիկ խոսում են իրավական պետություն կառուցելու մասին։ Իսկ ի՞նչ եք կարծում,  նույն ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին բուժող բժիշկը նույնպե՞ս սատանայի բժիշկ է։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2008թ․ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելուց հետո։ Այն ինքն իրեն վերականգնվեց, թե՞ մինչև հիմա մենք ապրում ենք տապալված սահմանադրական կարգի պայմաններում։ Ինչպես ծանոթներիցս մեկն ասաց, դա նշանակում է, որ 2008-ից սկսած` բոլոր պաշտոնյաները, այդ թվում այսօրվա, մասնակից են տապալված սահմանադրական կարգի պաշտպանությանը։

Իսկ երբ է Հայաստանում սկիզբ առել սահմանադրական կարգի տապալման անվերջանալի գործընթացը։

Կարծում եմ` սահմանադրության տապալումը կամ առաջին ոտնահարումը տեղի ունեցավ 1991թ․ փետրվարի 8-ին, երբ ընդունվեց օրենք` նախագահի ընտրության մասին։ Այն ժամանակ դեռ գործում էր ՀԽՍՀ սահմանադրությունը, որը չէր նախատեսում նախագահի պաշտոն։ Օրենքի ընդունումը փաստորեն սահմանադրական փոփոխություն էր, և պետք է ընդունվեր որակյալ մեծամասնությամբ։ Սակայն այն ժամանակ ՀՀՇ-ն դեռ չուներ կատարյալ վերահսկողություն ՀՀ ԳԽ-ում, և օրենքը «սղացրեցին» պարզ մեծամասնությամբ։ Այդպես էր պահանջում «արդարությունը», այդպես էր նպատակահարմար։ Իսկ արդեն 1995թ․ խորհրդարանական ընտրություններով և սահմանադրական հանրաքվեով հիմք դրվեց սահմանադրության տապալման պերմանենտ գործընթացին։

Այսօրվա Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքը կազմում է զինված ուժերի ներգրավումը 2008-ին։ Բայց չէ՞ որ նախադեպը եղել է 1996թ․ ( չհաշված զինված ԵԿՄ-ի մասնակցությունը բոլոր քաղաքական գործընթացներին): Հիշում եմ նույն 1996թ․ հոկտեմբերին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հեռուստատեսային ուղերձը իր ընկերոջը, արդեն Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանին Էրեբունի-Երևան տոնի կապակցությամբ, մոտավորապես. «Սիրելի Վանո, այդ օրը, ինչպես սեպտեմբերին, զորքը նորից քաղաք կմտնի, բայց այս անգամ ՝ ծառատունկի համար»։ Եվ մտավ։

Այսպիսով սահմանադրության տապալման համար նույնպես պատասխանատվության պետք է ենթարկվեն 1995թ․ սկսած բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների իշխանական թևի անդամները, Սահմանադրական Դատարանի բոլոր անդամները, համայնքապետերը, դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, և իհարկե երեք նախագահները, և նորից, առաջին հերթին սահմանադրության և կեղծիքների հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հակառակ դեպքում` ունենում ենք սուրճ խմող առաջին նախագահ, արտերկրում գտնվող երրորդ նախագահ (արդյոք կվերադառնա, կամ արդյոք ինքնուրույն հեռացավ) և բանտում գտնվող երկրորդ նախագահ:

Նշեմ, որ երեք նախագահներից որևէ մեկի նկատմամբ, որպես պետական գործչի, հարգանք չեմ տածում։ Երեքի հետ էլ 88 –ից 91թթ․ եղել եմ գործընկեր և ունեցել եմ մարդկային ջերմ հարաբերություններ։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ շփումս վերջին անգամ եղել է 2008թ․, Սերժ Սարգսյանի հետ` 2013թ․, Ռոբերտ Քոչարյանի հետ` 1991թ․։ Իրենց պաշտոնավարման տարիներին երեքին էլ անխնա քննադատել եմ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանից վերջնականորեն հիասթափվեցի, երբ հրապարակվեցին նրա լուսանկարները իր կողմից «հերոսականորեն» սպանված աֆրիկյան գազանների հետ։ Տանել չեմ կարող որսորդությունը։ Ինչպիսի «հերոսություն»` դիպուկահար հրացանով, թաքստոցից կրակես բնության անպաշտպան հրաշքների վրա, սպանես և հաճույք ստանաս։

Բայց հանրության բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ, կարծում եմ` այլ պատճառներ ունի։ Կարծում եմ` պատճառը նրա «տղայական» ինքնավստահությունն է և թքած ունենալը հասարակական կարծիքի վրա։ Առաջին և երրորդ  նախագահները հասկացել էին հասարակական կարծիքի կարևորությունը և ստեղծել իրենց սատարող, քարոզող լրատվամիջոցներ։ Սերժ Սարգսյանը, զգուշանալով Ռոբերտ Քոչարյանից, կարծում եմ` նույնիսկ նրա ստվերից, նրան մեկուսացրեց և իրեն սպասարկող լրատվամիջոցներով հնարավորինս վարկաբեկեց նրան։ Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա ուղղակի ատում է Ռոբերտ Քոչարյանին, քանի որ իրեն գահընկեց անողները հիմնականում Քոչարյանը և Վազգեն Սարգսյանն էին։ Վազգեն Սարգսյանը սպանվեց։ Որպես հմուտ քաղաքական գործիչ` Լևոն Տեր-Պետրոսյանը  սկսեց օգտագործել նրա անունը հօգուտ իրեն, և միակ թիրախը մնաց Ռոբերտ Քոչարյանը։

Եւ տարիներ շարունակ լևոնականներն ու նրանց սպասարկող մամուլը ստեղծեցին Ռոբերտ Քոչարյանի գիշատիչ` «բոբո» կերպարը։ Հանրային կարծիքն այն աստիճան է խեղվել, որ նույնիսկ ոչ լևոնականներն իներցիայի ուժով, անօրինականությունների ու հանցագործությունների մեկնարկ են դիտարկում 1998թ․( «էս քսան տարիների ընթացքում․․․»,» նրանք պետք է պատասխան տան այս քսան տարիների համար․․․» և այլն): Հետաքրքրական է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ողջունեցին նաև «Հիմնադիր Խորհրդարանն» ու «Սասնա Ծռերը»` այն  հիմնավորելով հատկապես որպես նրա վարած պարտվողական քաղաքականությունը Արցախի հարցում։ Գուցե կարելի է համաձայնվել։ Բայց, զարմանալիորեն, նույն ուժերը Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ միացան 2008թ․ «համաժողովրդական» շարժմանը, երբ շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 1991թ․ պատրաստ էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ահա, թե ինչ բան է քարոզչությունն ու հանրային կարծիքին տուրք տալը։ Իհարկե, Ժիրայր Սեֆիլյանին կարելի է հասկանալ, չէ՞ որ, նույն սարքովի մեղադրանքով նրան Քոչարյանը դատապարտեց («բա լա՞վ էր, որ իրենք անում էին»):

Բայց անդրադառնանք անցումային արդարադատությանը։ Կարծում եմ` զոհերի հարցով որևէ զիջում չպետք է լինի։ Իհարկե, կարող է վաղեմության ժամկետի հարց առաջանալ։ Բայց կարծում եմ, որ հմուտ փաստաբան Վահե Գրիգորյանը կհիմնավորի, որ կյանքի իրավունքի խախտման դեպքում չի կարելի թաքնվել վաղեմության ժամկետի թիկունքում, այն կդիտարկվի որպես անմեղսունակություն։ Ինչ վերաբերում է սահմանադրական կարգի տապալման հարցին, կարծում եմ` պետությունը և հասարակությունը  ի զորու չեն «մարսել» վերը նշված ողջ ցուցակը։ Այս հարցում կարելի է ընդունել իրավական, քաղաքական հռչակագիր-փաստաթուղթ։ Փաստաթղթում թվարկվում են անկախ Հայաստանի քաղաքական ողջ ձախողումների թվականներն ու պատասխանատուները` ներառյալ երեք նախագահները։ Այդ անձանց հետայսու արգելվում է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Գծվում է այն կարմիր գիծը, որ այն, ինչ տեղի է ունեցել․ ԱՅԼևՍ՝ ԵՐԲԵՔ։ Եվ վերջապես կձերբազատվենք երեք նախագահների Բերմուդյան եռանկյունուց։

 

 

Մեկնաբանություններ (13)

Karen
Շատ ճիշտ էք պ-ն Իշխանյան Համամիտ եմ 100 տոկոսով ձեր հետ
Լուսիկ
Կուտակած հարստությունն էլ՝ իրենց փեշքեշ, պարտքերն էլ՝ եկող սերունդների վզին:
Թագուհի Հակոբյան
Խնդրում եմ հեղինակին առանձին հոդվածով անդրադառնալ անկախության առաջին տարիներին մի շարք նախարարների գործունեությանը, որոնց հետ կապվում են կոռուպցիայի, չարաշահումների դեպքերը Գրիգոր Պողպատյան, Սեպուհ Թաշճյան, Գառնիկ Նանագուլյան: Ինչպե?ս հաջողվեց նրանց մնալ անպատիժ եւ փախչել արտերկիր:
Սոնիկ
կարծեմ առաջին խորհրդավոր սպանություններից, որն անվանվեց «ինքնասպանություն», դա ԼՂՀ գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանինն էր․ ի՞նչ կասեք։ իսկ ամենավերջիններից դա Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանինն էր․․․․
Հայկ Խեմչյան
Ավետիք ջան, շնորհակալ եմ: Ուրախ եմ, որ քեզ հետ ճանապարհ գնալու, զրուցելու առիթ ունեցել եմ: Ինչպես միշտ՝ անաչառ, անչար, դիպուկ ու մտածելու տեղ ու հնարավորություն տվող: Հիմա Հայաստանում չեմ (հետապնդման մեչ ՉԵՄ :-) ու առավել ևս կարիք ունեմ սառը վերլուծական հոդվածների՝ առանց հայհոյանքի, հոխորտանքի ու փրփրաբերան ֆեյսբուքահաչի: Շնորհակալություն Հարգանքով՝ Հայկ
Հայկ Խեմչյան
Հուսով եմ՝ վրիպակիս հարցում ներողամիտ կլինեք (մեՋ)
Վեհարի
Սպանությունները և ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն, իսկ մեր երեք Նախագահների գործողությունները՝ դրսից կառավարվող, ծածուկ շարունակվող ցեղասպանություն է եղել, այդ պատճառով թե նրանց, և թե նրանց ենթակա ցեղասպանող ոհմակի բոլոր անդամներին անհրաժեշտ է չեզոքացնել, ....:
Harutyun Aslanyan
հանրությունը դատապարտել է բոլոր երեք նախագահներին ու իրենց հանցակիցներին. հիմա դուք ասում եք թող ներկա իրավական համակարգը դատարանի ուժով չդատի նրանցից մեկին եթե բոլորին միասին չի՞ դատում. չեք կարծում, որ դա կթողնի երկիրը նույն ճահճում ձեր տրամաբանությանը հետևելու դեպքում պետք կլինի սկսել ոչ թե լևոն տեր-պետրոսյանից, այլ տիգրան բ-ից (որը շատ ավելի արյունարբու էր) և վերջապես, ինչպե՞ս եք պատրաստվում արգելել նրանց քաղաքականությամբ զբաղվել, ո՞ր օրենքով կամ իրավական հիմունքներով (մանկական երազանքները կիրառելի չեն այստեղ)
Արմեն
Հարգելի պ_ն Իշխանյան Ձեր թվարկած անունների մեջ մոռացել էիք նշել առանցքային պաշտոն զբաղեցրաց Հենրիկ խաչատրյանին որին իր աշխատասենյակում գնդակահարեցին
Վիգէն
Մերօրեայ բազում ամենագէտ ֆէյսպուքաբնակներուն համար պարտադիր ընթերցանութեան նիւթ։ Ապրիս։
Խաչատուր Ադամյան
Ավետ ջան գեղեցիկ պատմափաստագրական շրջայց էր և հոտվածը հետագայում օգտակար կլինի քաղուսուցողական ձեռնարկներում և օրենքներ և օրենսդրական ակտեր ձևավորող կառույցների համար՝ , որ հաշվի առնելով մեր առանձնահատկությունները ստեղծեն հակակշիռների համակարգ կանխարգելելու համար նման երևույթները, իսկ քաղաքական գործունեությունը արգելելու համար պետք է ստեղծվի վարքականոնի ատյան , որը կիրականացնի ժողովրդի կողմից պատվիրակված գործառույթ և կունենա արտակարգ լիազորություններ, կարծում եմ միայն այդ պայմաններում նաև սահմանադրական դատարանի վորոշմամբ կստացվի բարձրադիր պաշտոնյաներին քաղաքականությամբ զբաղվելը արգելել.
Կատյա
Մեր հաղթանակած ժողովրդի սրտից ես խոսում,շատ, շատ հարգելի Ավետիք: Էդ երեքին ըստ արժանվույն պատժել է պետք, և միայն մարտի 1-ը չէ խնդիրը, այլ սկսած Արթուր Մկրտչյանից մինչև դրա սաֆարիից վառված երեսը . . .որ միայն :նողկանք է առաջացնում
Վախթանգ Սիրադեղյան
ՀԱՐԳԵՑԻ (թեև նախկինում էլ եմ հարգել):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter