HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարն ու վարչապետի խորհրդականն այցելել են «Արմբերրի» ընկերության այգիներ

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը հուլիսի 30-ին այցելել են  Կոտայքի մարզի Զորավան համայնք` Եղվարդի հարեւանությամբ, որտեղ «Արմբերրի» ընկերությունը զբաղվում է օրգանական մոշի, ազնվամորու եւ մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ երկաթ պարունակող սագախոտի (quinoa) մշակմամբ:

Ազնվամորու` իր բերքատվությամբ աչքի ընկնող ամենատարածված եվրոպական «Պոլկա  ռեմոնտանտ» եւ մոշի` Triple Crown սորտերի տնկիներն անապատը կանաչ օազիսի են վերածել։  Հատապտուղները, թեեւ դժվարությամբ, բայց լավ լեզու են գտել տեղի  հողի եւ բնակլիմայական պայմանների հետ: Այս տնկիներն ավելի դիմացկուն են թե’ հիվանդություների, թե’ ցրտի  նկատմամբ, իսկ բերքի պահպանման ժամկետը երկար է: Կախված խնամքից եւ տնկիի տարիքից` յուրաքանչյուր տնկիից կարելի է հավաքել 1.5 - 4.5 կգ ազնվամորի:

-Ի սկզբանե այս հողի հետ աշխատելը չափազանց մեծ մարտահրավեր էր: Մենք պայքարել ենք բնության  հետ եւ փորձել փոխել նրա կառուցվածքը: Զորավան գյուղի հողերը պարունակում էին շատ մեծ քանակությամբ կավ   եւ ունեին 7-7.5 pH թթվայնություն: Նման ցուցանիշներով հողում գրեթե անհնար էր ազնվամորի աճեցնելը, բայց, օգտագործելով տարբեր օրգանական միջոցներ, օրգանական կոմպոստ, կատարելով բույսերի սելեկցիա եւ բազում այլ աշխատանքներ, մենք, ի վերջո, կարողացանք ստանալ կանաչ այս գոտին, անչափ համեղ անզվամորի եւ բերրի այգիներ, -նշում է «Արմբերրի» ՓԲԸ-ն խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը։- Գյուղատնտեսության մեջ հաջողության հասնելու համար պահանջվում է հսկայական աշխատանք, նվիրվածություն եւ, իհարկե, նորարական մոտեցումներ, փորձի ու գիտելիքի ամբարում եւ փոխանցում: Համագործակցության շրջանակում «ՆԱԻՐԻ ԲԵՐՐԻՈՒԹՅՈՒՆ» ընկերությունը մեզ է տրամադրել լիզինգով ձեռք բերված KIRPY ունիվերսալ տրակտորը: Այն հնարավորություն է տալիս փխրեցնելու հողը եւ աղալու քարերը՝ դրանք դարձնելով  պիտանի տնկման աշխատանքների համար: Այդ տրակտորը փոխարինում է  3-4 տրակտորի։

Ընկերության նպատակն է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ  բարձր արտադրողականությամբ ազնվամորու եւ մոշի օրգանական ինտենսիվ այգու ստեղծումը։ «Արմբերրի»-ն դեռեւս զարգացման փուլում է, բայց մի քանի տարի անց դրա հիմնադիրները լիահույս են, որ այն կդառնա օրգանիկ հատապտուղների արտադրությամբ զբաղվող ընկերության հիանալի օրինակ, որը կխրախուսի ֆերմերներին եւ ներդրողներին` մեր երկրում սկսել հաջող գյուղատնտեսական բիզնես:  Գյուղատնտեսության այս ուղղությունը շատ աշխատատար է, եւ հիմնադիրների նպատակը ոչ միայն բիզնեսն է, այլ նաեւ աշխատատեղերի ստեղծումը։

 Ըստ «Արմբերրի»-ի հիմնադիրների`  գյուղատնտեսության ոլորտում լավ արդյունքի հասնելու համար պետք է կիրառել ինովացիոն մոտեցումներ։ Այստեղ տեղադրված հակակարկտային ցանցերը բերքը ոչ միայն պաշտպանում են կարկուտից, այլեւ արեւապաշտպան դեր ունեն։

«Արմբերր»-ի այգիներում  փորձարկում են նաեւ թունելային տարբերակը՝ հասկանալու համար դրա արդյունավետությունը` արդյո՞ք հնարավոր կլինի նման պայմաններում աճեցնել ազնվամորի, եւ այս կերպով երկարաձգել հատապտղի բերքատվության ժամանակահատվածը։ 

 «Արմբերրի»-ում մեծ ուշադրություն է դարձվում ջրի պատասխանատու օգտագործմանը, մշտապես փնտրվում են նոր, արդյունավետ լուծումներ: Կառուցվել է 1,600 խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որը հատապտուղ մշակողներին ապահովում է մաքուր ջրով: Ջրամբարում բնակվում են  ձկներ եւ բադեր, որոնք բնական կերպով մաքրում են ջուրը եւ հարստացնում այն օրգանական բաղադրիչներով:

Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ շատ կարեւոր է ուսումնասիրել նորարարական արդյունաբերական այգեգործության փորձը, որպեսզի հնարավոր լինի խրախուսել այլ ֆերմերների՝ գյուղատնտեսության մեջ առավելագույնի հասցնելու նորարությունը, գիտության եւ տեխնիկայի նվաճումների կիրառումը։ Օրինակելի են նաեւ «Արմբերրի» շուկայահանման եւ վաճառքի մոտեցումները։ Կարծում ենք, որ նման փորձը վարակիչ կլինի մյուսների համար նույնպես։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter