HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նոր օպերատոր «Արմենիա Էյրվեյզը» հավակնոտ ծրագրեր ունի

Չնայած այսօր Հայաստանում օդանավ շահագործողի վկայական ունի 6 ավիաընկերություն, ինչը նրանց իրավունք է տալիս իրականացնել առեւտրային փոխադրումներ, ընդամենը 1 օպերատոր է («Ավիակոմպանիա Արմենիա») աշխատում երկրում:

«Տարոն-Ավիան», «Atlantis European Airways»-ն ու «Մարս Ավիան» իրենց օդանավերը վարձակալությամբ հանձնել են օտարերկրյա շահագործողներին, իսկ «Արմենիա Էյրվեյզն» ու «Արմենիան հելիքոփթերսը», չնայած օդանավեր ունեն, դեռ չեն սկսել կամ հունի մեջ չեն մտել: Այս վերջին ավիաընկերությունը, որ մասնագիտացած է ուղղաթիռային փոխադրումներում, կատարում է ոչ կանոնավոր, պատվերով չվերթներ, այսինքն՝ ամեն ինչ կախված է պատվերի առկայությունից, իսկ «Արմենիա Էյրվեյզը» դեռ չի մեկնարկել:    

Մովսեսյանի գերդաստանից՝ Դավուդյանին

Հայկական ընկերություններից հենց «Արմենիա Էյրվեյզն» է, որ առաջիկայում կարող է դառնալ երկրորդ փոխադրողը Հայաստանում: Ամեն դեպքում, տրամաբանությունն այդ մասին է խոսում: Իրականում, սակայն, սա նոր ընկերություն չէ: Հիմնադրվել է 2013-ին «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ի ու երեւանցի Արմեն Սարգսյանի կողմից (50-50 համամասնությամբ), ով եղել է նաեւ ավիաընկերության տնօրենը: Հետագայում նրան տնօրենի պաշտոնում փոխարինել է Կարեն Ռաֆիկի Մովսիսյանը, ով ՔԱԳՎ նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբոր որդին է: Կ. Մովսիսյանը նաեւ նշված ՍՊԸ-ի սեփականատերն էր, այսինքն՝ իրավաբանորեն «Արմենիա Էյրվեյզի» 50 տոկոսի տերը:   

Ժամանակին «Արմենիան» շահագործում էր 4-տեղանոց «Diamond DA40-TDI» ինքնաթիռ (EK-225 գրանցումով): Այն օգտագործվում էր «Զվարթնոց» օդանավակայանի հարեւանությամբ գործող Ավիաուսումնական կենտրոնի ուսանողների ուսումնական թռիչքների համար: Արտյոմ Մովսեսյանի՝ պաշտոնից հեռանալուց հետո (2016 թ.) օդանավը պարապուրդի մատնվեց: Ինքնաթիռի սեփականատերը «ՄԱՏ»-ն է: Այսօր այն կանգնած է «Էրեբունի» օդանավակայանում:

Մինչ «Արմենիային» վերադառնալը նշենք, որ «ՄԱՏ»-ի ներկայիս տերերն են «Ավիաքլաբ» ՍՊԸ-ն (99 %) եւ Կարեն Մովսիսյանը (1 %): Իր հերթին «Ավիաքլաբի» սեփականատերը Արտյոմ Մովսեսյանի մայրն է՝ Երանուհի Մովսեսյանը: Սա նշանակում է, որ «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն իրականում պատկանում է ՔԱԳՎ նախկին պետին:

Ո՞վ է Առլեն Դավուդյանը

Հիմա «Արմենիա Էյրվեյզն», ըստ մեր տեղեկությունների, այլեւս կապ չունի Մովսեսյանների հետ: 2018-ի փետրվարին դրա տնօրեն է դարձել պարսկահայ Առլեն Դավուդյան-Զարնաին: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Դավուդյանը նաեւ ավիաընկերության սեփականատերն է: Ըստ այդմ՝ նա 50.000 դոլարով գնել է ընկերությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ «Արմենիայի» ունեցած օդանավ շահագործողի վկայականը, քանի որ մինչ այս «Արմենիան» մեծ հաշվով եղել է ընդամենը «թղթային» ընկերություն:

Առլեն Դավուդյան-Զարնաին ավելի հայտնի էր որպես իրանական մի շարք ավիաընկերությունների ներկայացուցիչ Հայաստանում: Ժամանակին, մասնավորապես, նա իրանական «Caspian Airlines» ընկերության ներկայացուցիչն էր: 2009-ի հուլիսի 15-ին այս օպերատորի՝ Թեհրանից Երեւան թռչող «Տու-154» ինքնաթիռը աղետի ենթարկվեց Ղազվին քաղաքի մոտ՝ դառնալով 168 հոգու մահվան պատճառ:

Դավուդյանի «Տաթեւ ՏՏՏ» տուրիստական գործակալությունը իրանական «Mahan Air» եւ «Iran Aseman Airlines» ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում: Ներկայում սրանք Թեհրանից թռչում են Երեւան: «Տաթեւ ՏՏՏ»-ն Դավուդյանների ընտանեկան բիզնեսն է, դրա հիմնադիրներն են Առլեն Դավուդյանը եւ նրա կինը՝ Ժիզել Բանդարին: Երկուսն էլ ներկայում ՀՀ քաղաքացիներ են: Նրանց որդիները՝ Սեւակն ու Արամը, նույնպես այս բիզնեսի մեջ են:

Առլեն Դավուդյանը ժամանակին իր իրանցի գործընկերների հետ ներգրավված է եղել Հայաստանում հիմնված մի շարք այլ ընկերություններում եւս. «Սեյվտրանս», «Սքայլիմիտ» (հետագայում լուծարվել են), «Ռոյալ Էքսպրես Տուր», «Թրասթ Թրավել» (երկուսն էլ գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են), «Նորք Ռեզիդենս» (ներկայում գործում է):

Հավակնոտ նախագիծ

«Արմենիա Էյրվեյզին» մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնել է, որ Դավուդյանը հավակնոտ ծրագրեր ունի: Մասնավորապես, նա ցանկանում է Երեւանից չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, Ռուսաստան ու Չինաստան: Ծրագիր կա Երեւանն իբրեւ տարանցիկ կետ օգտագործել Մոսկվայի ու Չինաստանի միջեւ: Հեռանկարում նաեւ դեպի ԱՄՆ չվերթների բացումն է:

Թե ինչպիսի ճակատագիր կունենա այս ամենը, ցույց կտա ժամանակը, մանավանդ որ մրցակցությունը հատկապես ռուսական օպերատորների հետ, ինչպես ցույց է տվել փորձը, երբեմն շատ կոշտ է լինում, էլ չենք խոսում անհավասար հնարավորությունների մասին:   

Առաջին օդանավերն արժեցել են մոտ 5,5 մլն դոլար

«Արմենիան» արդեն 2 սեփական ինքնաթիռ ունի՝ «Airbus A310»: Հնարավոր է ընկերությունը ձեռք բերի եւս մի քանի «Embraer», ինչպես նաեւ «Airbus A330»: Այս վերջինն, օրինակ, կարող է ծառայել դեպի ԱՄՆ չվերթներին:

Հունիսի 20-ին եւ 25-ին Բուխարեստից Երեւան ժամանեցին «Airbus A310-325» տիպի օդանավերը, որոնք Հայաստանում ստացան EK-31001 եւ EK-31002 համարները: Ինքնաթիռներն այժմ կայանված են «Զվարթնոցում»: Օդանավերը նախկինում շահագործել է Ռումինիայի ազգային փոխադրող «TAROM»-ը:

Մեր ձեռքի տակ ունենք փաստաթղթեր, ըստ որոնց, երկու ինքնաթիռները գնելու ցանկություն են ունեցել «AerSale» կորպորացիան, որը մասնագիտացած է օդանավերի եւ ավիացիոն սարքավորումների վաճառքի, վարձակալության, տեխնիկական ծառայությունների մեջ, ինչպես նաեւ թուրքական «VEGA Aviation» ընկերությունը: Ըստ փաստաթղթերի՝ «AerSale»-ը 2 օդանավերի եւ մի քանի սարքերի (շարժիչներ, օժանդակ ուժային համակարգ) համար պատրաստ է եղել վճարել 4,6 մլն դոլար: Թուրքական կողմն առաջարկել է 3,25 մլն դոլար: Ավելի ուշ, սակայն, ռումինները փոխըմբռնման հուշագիր են կնքել «Արմենիա Էյրվեյզի» ղեկավար Առլեն Դավուդյանի հետ: Ըստ հուշագրի՝ 2 օդանավերն ու տեխնիկական մասերը գնահատվել են 5,48 մլն դոլար (առանց հարկերի եւ այլ ծախսերի):

Նշենք, որ երկու օդանավերն էլ 1992 թ. արտադրության են կամ 26 տարեկան, ինչը պատշաճ տարիք է ինքնաթիռների համար: Թե ինչու է «Արմենիա Էյրվեյզը» հին օդանավեր գնել, մեր աղբյուրը հայտնել է, որ խնդիրը ֆինանսն է: Ըստ այդմ՝ ընկերությունը վարկ է վերցրել Հայաստանում գործող բանկերից մեկից:

«A310-300» օդանավերը, ինչպիսին են «Արմենիայի» ինքնաթիռները, առաջին թռիչքը կատարել են 1985-ին: Առավելագույն թռիչքային հեռավորությունը 9540 կմ է, ծանրաբեռնվածությունը՝ 164 տոննա, կարող են տեղավորել 220-275 ուղեւոր:

Առաջին լուսանկարում՝ օդանավերից երկրորդը նոր է ժամանել Երեւան (լուսանկարները՝ «Ֆեյսբուքից»)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter