HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչու ահնիձորցիները չեն ուզում քաղաքակիրթ ապրել

Շաբաթ օրը Լոռու մարզի Ահնիձոր գյուղում երկու երիտասարդ ցուցադրաբար խոչընդոտում էին աշխատանքս. «Էնքան գրեցիք, անտառը փակեցին»,- ասաց նրանցից ցածրահասակը:

Վախից մի քանի ահնիձորցիներ խուսափեցին հետս խոսել: Ահնիձորի հիմնական դպրոցի 30 տարվա դասվար Կատյա Քառյանը զրուցելու համար ինձ իր տուն հրավիրեց:

Դեռ նոր էինք տեղավորվել բազմոցին, Կատյան հեռախոսազանգ ստացավ. «Հյուր ունեմ, հետո կզանգես»,- ասաց ուսուցչուհին և անջատեց հեռախոսը: «Ասացին քեզահանքի միամիտ-միամիտ չխոսես հյուրիդ մոտ»,- անջատելուց հետո պատմեց Կատյան: 

Կատյա Քառյանի ասելով՝  թավշյա հեղափոխությունը դեռ Ահնիձոր չի մտել, միայն հեռուստացույցով են տեսնում: Իրեն զանգահարողին նկատի ունենալով՝ Կատյան նշեց, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում` Ահնիձորի հոգսերը հանրայնացվի: Իրենց համար մոռացված լինելը լավ է. ինչ ուզում են, անում են:

Ուսուցչուհու խոսքով, Ահնիձորի զարգացմանն ուղղված գումարները անարդյունավետ են ծախսվում: Պատմեց, որ մեկ տարի առաջ գյուղում կանգառ է կառուցվել, մինչդեռ Ահնիձորում տարիներ շարունակ միջհամայնքային ավտոբուս չի աշխատում:

Կատյան չի հասկանում կանգառը կառուցելու իմաստը:

«Էդքան փողին մի հասարակական տրանսպորտ կառնեին Ահնիձորի համար, մենք մեծ ուրախությամբ  որտեղ ասես՝ կկանգնեինք, էդ տրանսպորտից կօգտվեինք»,- ասաց նա:  

Ահնիձորցիները, ոտքով 3-4 կմ հատելով, հասնում են Լորուտի «ճալեն» (գետամերձ տարածք)՝  Շամուտից եկող ավտոբուսով Վանաձոր գնալու համար: Կատյան կարծում է, որ ահնիձորցիների կանգառն իրականում Լորուտի խաչմերուկի վրա պետք է սարքեին: Այդտեղ էլ ավտոբուսին կամ հասնում են, կամ` ուշանում: Կանգնում են ժամերով:  

«Անցուդարձ անող ավտոմեքենաների վարորդները գիտեն, որ Լորուտի «ճալեն» Ահնիձորի խեղճ ժողովրդի կանգնելու տեղն է, մեզ հետները տանում են Վանաձոր»,- պատմեց Կատյան:

Թումանյանի համայնքի ղեկավար Լևոն Զավարյանն էլ հայտնեց, որ Շամուտից Վանաձոր գնացող  ավտոբուսից օգտվողների համար 10 օր առաջ է Ահնիձորի վարչական ներկայացուցիչ Արտակ Մաթևոսյանին հանձնարարել Ահնիձոր-Լորուտի «ճալա» երթուղով մի ավտոբուս պահել՝ տոմսը 100 դրամ վճարով: Համայնքապետի հանձնարարությունն օդում է մնացել: 

Լևոն Զավարյանի ասելով՝  մեկ տարի առաջ ինչպես Ահնիձորում, այնպես էլ Թումանյան խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում միջհամայնքային տրանսպորտային երթևեկության համար` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման  բարեփոխումների» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից 18, 6 մլն դրամ ներդրումով կառուցվել են կանգառներ:

Ծրագրի` հասարակական տրանսպորտի ենթակառուցվածքների ստեղծման հայտատու «Պրիզմա-Վան» ՍՊԸ-ի նախահաշվով այդ գումարից 7,2 մլն դրամով կանգառներ կառուցվել են  5 բնակավայրերում, այդ թվում նաև` Ահնիձորում: Առանձին Քարինջ բնակավայրի կանգառի վրա ծախսվել է 5,4 մլն դրամ:

Ծրագրի պատասխանատուներն ասում են, որ Քարինջի կանգառի տարածքը մյուսների համեմատ մեծ  է, դրա համար է շատ գումար ծախսվել: Ահնիձորի կանգառի նախահաշվային արժեքը կազմել  է  4,5 մլն, որից 2,8 մլն դրամը նախահաշվով ծախսվել է կանգառի հարակից տարածքի վրա:

Կատյա Քառյանը պնդում է, որ նախ պետք է Ահնիձոր–Վանաձոր երթուղով ավտոբուս աշխատեր, հետո կանգառ կառուցվեր:

Լ. Զավարյանի խոսքով, ներհամայնքային երթևեկության ծրագրով համայնքին երկու «ԳԱԶել»-ներ են հատկացնելու` Քարինջ- Մարց- Լորուտ-Շամուտ- Աթան –Ահնիձոր երթուղով բնակչության տեղաշարժն ապահովելու համար: Թե երբ կլինի «ԳԱԶել»-ների հատկացումը, Լ. Զավարյանը տեղյակ չէր: 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի USAID-ի ծրագրերի համակարգող Դավիթ Ասլանյանը «Հետք»-ին հայտնեց, որ 2016թ.-ին մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ  ծրագրի շրջանակներում Թումանյանի խոշորացված համայնքի զարգացման համար 330 հազար ԱՄՆ դոլար գումար է հատկացվել: Ծրագիրը պետք է ավարտվի 2020թ.-ին: Այդ գումարի շրջանակներում մինչև օրս Թումանյանի խոշորացված համայնքին 3 միավոր տեխնիկա, այդ թվում՝ մեկ աղբատար մեքենա, մեկ բազմաֆունկցիոնալ  էքսկավատոր, մեկ բեռնատար մեքենա և 80 աղբամաններ են տրվել:

Դավիթ Ասլանյանի խոսքով, Թումանյանի 6 համայնքներում կառուցված կանգառներից յուրաքանչյուրի համար ծրագրով նախատեսվել է ծախսել 3 մլն դրամ` բացառությամբ Քարինջի կանգառի:

Դավիթ Ասլանյանին հիշեցրի, որ հայտատուի նախահաշվով Ահնիձորի կանգառի վրա ծախսվել է ոչ թե 3, այլ  4,5 մլն դրամ, սակայն կանգառի փոքր չափսերը չեն համապատասխանում ծախսված գումարին:

Թե ինչու է ծրագրով հանձնարարված կանգառների կառուցման գումարների խախտումներ կատարվել,  Դ. Ասլանյանը հարցից նեղսրտեց: Հատկացված գումարների մեծ մասը ծախսվել է ոչ թե կանգառների, այլ դրանց հարակից տարածքի վրա, որն օգտագործելի տարածք չէ: Վերադառնալով ծրագրի իրականացման համար նախատեսված «ԳԱԶել»-ների հատկացմանը՝ ծրագրի համակարգողը բացատրեց, որ չեն շտապում համայնքին տրամադրել Թումանյան –Աթան անբարեկարգ ճանապարհի պատճառով. «Նախատեսված «ԳԱԶել»-ները շատ արագ ներհամայնքային անանցանելի ճանապարհներին շարքից դուրս կգան»,- բացատրեց Դ. Ասլանյանը:

Վերջինիս խոսքով, այսուհանդերձ, «ԳԱԶել»-ները համայնքին տրամադրելու համար իրենք մրցույթ են հայտարարել, որին որևէ մասնակցության հայտ չի ներկայացվել: 

Ահնիձորի փողոցներում մենք չօգտագործված աղբարկղերի հանդիպեցինք: Կատյան ասաց՝ աղբարկղերը մեկ տարի առաջ են բերել: «Աղբարկղերը մեզ պետք չեն, մենք սովոր չենք, մենք էն ժողովուրդը չենք, որ աղբը աղբարկղերը լցնենք, մենք մեր աղբը լցնելու տեղերն ունենք: Նախ՝ գյուղում աղբ չկա: Գյուղում ամեն ինչ վառում ենք: Ուտելիքի մնացորդը խոզն ու շունն են ուտում: Ահնիձորում ընդհանրապես էդ աղբարկղերի կարիքը չեն զգում: Բայց աղբահանության համար անձը 100 դրամ վարձը մեկը ես՝ բարեխղճորեն վճարում եմ»,- հայտնեց Կատյան: 

Դավիթ Ասլանյանը տեղյակ էր Ահնիձորում և Թումանյան համայնքի մյուս բնակավայրերում ծրագրով տեղադրված աղբարկղերը չօգտագործվելուն. «Գյուղացիներին կարելի է հարցնել՝ ինչու ցիվիլ ապրելու փոխարեն, խոզի նման են ապրում: Ահնիձորը կորած է թրիքի մեջ, ինչու էդ թրիքը չորացնելու և  ձմռանը վառելու փոխարեն, անտառն են ոչնչացնում»,- ասաց նա:

Կատյան դժգոհեց Թումանյան-Ահնիձոր ճանապարհից. «Ամբողջ ճանապարհները քանդված են, ոչինչ չեն անում, գյուղի ճանապարհները տեսնում եք՝ ինչ վիճակում են»:

Նրա խոսքով՝ օրումեջ Ահնիձորն էլեկտրականություն չի ունենում, ոչինչ չի արվում: Ահնիձորցիների հոսանքի լարերը Լորուտով, Շամուտով, Աթանով է գալիս: «Անցյալ դարի 50 թվականների էլեկտրական գիծ է, անտառում վթարային վիճակ շատ է լինում, ծառն ընկնում է էլեկտրալարի վրա, լույսն անջատվում է:  Էլեկտրասյուներն ու հոսանքի լարերը փոխող չկա: Ես սրտի ցավով եմ Ձեզ պատմում այս բոլորը, մտածում եմ, որ կարող է Ձեր գրելուց հետո գյուղում մի բան շտկվի»,- նեղսրտում է Կատյան: 

Մեկնաբանություններ (1)

Narek Z.
Both sides seem to have valid points.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter