HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել հարցին՝ նախկին պաշտոնյաները հանձնե՞լ են դիվանագիտական անձնագրերը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից չեն հստակեցնում՝ նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հանձնե՞լ են իրենց դիվանագիտական անձնագրերը ԱԳՆ, թե ոչ: Դեռևս հուլիսի 9-ին «Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր ԱԳՆ՝ խնդրելով հայտնել, թե արդյոք նախկին կառավարության անդամները, նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը և Հովիկ Աբրահամյանը, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը, Անվտանգության խորհրդի նախկին անդամներ Վիգեն Սարգսյանը, Արմեն Գևորգյանը, Վլադիմիր Գասպարյանը, Էդվարդ Նալբանդյանը, ԱԱԾ նախկին պետ Գևորգ Կուտոյանը, ԱԺ նախկին պատգամավորները հանձնե՞լ են իրենց դիվանագիտական անձնագրերը հյուպատոսական վարչություն:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ձեռնարկել է քայլեր պաշտոնավարման ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձանց և վերջիններիս ընտանիքների անդամների դիվանագիտական անձնագրերն ԱԳՆ հյուպատոսական վարչություն հանձնելու նպատակով: Արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը նախարարությունը հայտարարում է անվավեր»,- ասված է հարցման պատասխանում:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունի հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և նրանց ընտանիքների անդամները, հանրապետության պաշտոնաթող նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Սահմանադրական դատարանի դատավորները, Կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները, Անվտանգության խորհրդի անդամները, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիների ղեկավարները, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահները, Վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, Կենտրոնական բանկի նախագահը, մարզպետները, Երևանի քաղաքապետը:

Ինչպես նաեւ` Արտաքին գործերի նախարարությունում և դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձինք՝ ծառայողական գործուղումների նպատակով:

Օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչները, դիվանագետները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները՝ ամուսինը և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակները՝ նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

Չնայած հարցման մեջ խնդրել էինք տեղեկացնել, թե նշված ցուցակից ովքեր են հանձնել իրենց դիվանագիտական անձնագրերը, սակայն ԱԳՆ պատասխանում այդպես էլ չի նշվել որևէ նախկին բարձրաստիճան անձի անուն, որը հանձնել է իր անձնագիրը:

«Հետք»-ին հայտնի էր դաձել, որ նախկին նախարարներ Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և վերջիններիս ընտանիքների անդամներն ունեն դիվանագիտական անձնագրեր (սա չի վերաբերում Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, որը որպես ԱԺ պատգամավոր իրավունք ունի կրել դիվանագիտական անձնագիր) և ճամփորդում են դրանցով: Արտաքին գործերի նախարարին խնդրել էինք կամ հաստատել, կամ հերքել այս տեղեկությունը, սակայն պատասխանում այս հարցին անդրադարձ չկա:

Դիվանագիտական անձնագրեր տալու և վերցնելու կարգի համաձայն՝ պաշտոնավարման ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը տասնօրյա ժամկետում անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով հանձնում են հյուպատոսական վարչություն` ի պահ:

Հետաքրքրվել էինք, թե ինչ է արվում այն դեպքում, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը պաշտոնավարման ավարտից հետո կամ վերջինիս ընտանիքի անդամը չի հանձնում դիվանագիտական անձնագիրը: ԱԳՆ պատասխանում հղում է արվում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետին, ըստ որի` ԱԳՆ չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը նախարարությունը հայտարարում է անվավեր:

Խնդրել էինք նաև տեղեկություն տալ այն մասին, թե այս տարվա հունիս ամսվա տվյալներով` քանի՞ դիվանագիտական անձնագիր է հաշվառված: Այս հացին պատասխանելու համար նախարարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել:

Լուսանկարը`  Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (1)

Համո
Դա դիվանագետի առաջին դասն է՝ գեղեցիկ պատասխանել, բայց հասկանալի որեէ բան չասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter