HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարի գործով դատական նիստին փորձագետներ էին ներկայացել. պատասխանող կողմը կասկածում է նրանց օբյեկտիվությանը

Վարչական դատարանն արդեն երեք տարի է՝ քննում է Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ մի խումբ գնդեվազցիների հայցն ընդդեմ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Բնապահպանության նախարարության ու ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի: Բնակիչները պահանջում են անվավեր ճանաչել Ամուլսարի հանքավայրի շահագործման համար տրված թույլտվություններն ու դրական եզրակացությունները:

Այսօր Վարչական դատարան էին ներկայացել փորձագետներ, որոնց հայցվոր կողմը միջնորդել է ներգրավել գործում որպես փորձագետներ և տալ իրենց փորձագիտական կարծիքը բնակիչների կողմից առաջադրված մի շարք հարցերի:  

Քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը, ով 2004-2013թթ. աշխատել է ԲՆ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, իր մասին պատմեց, որ մասնակցել է բազմաթիվ ծրագրերի, այդ թվում՝ միջազգային, ունի 60-ից ավելի գիտական աշխատանքներ: ՇՄԱԳ-ը վերլուծություն է արել 9 հանքարդյունաբերության ձեռնարկությունների, այդ թվում` նաև Ամուլսարի վերաբերյալ:

Արդեն երկու տարի է՝ մասնավոր հետազոտություն է իրականացնում Ամուլսարի վերաբերյալ, որի տվյալների հավաքագրումը կավարտի դեկտեմբերին, ևս 6 ամիս անց կկարողանա որոշակի արդյունքներ հաղորդել: Որոշ հետազոտություններ, որոնք հնարավոր չէ իրականացնել Հայաստանում սարքավորումների բացակայության պատճառով, պատվիրել է Անգլիայում:

Սեյրան Մինասյանը հայտարարեց, որ Ամուլսարի ՇՄԱԳ-ը ամենալավ կազմվածն է, բայց այնտեղ կան ակնհայտ թերություններ, անպատասխանատու եզրակացություններ, որոնք գիտական հիմք չունեն և պահանջում են հավեյալ հետազոտություններ, որպեսզի ազդակիր համայնքի բնակիչները հետագայում վտանգի առաջ չկանգնեն:

Իսկ վտանգները մի քանիսն են: Ըստ փորձագետի՝ հանքարդյունաբերության հետևանքով առաջացած փոշին նվազեցնելու է բերքատվությունը շրջակա տարածքում, փոփոխվելու և վատթարանալու է ջրի որակը: Մինչդեռ ՇՄԱԳ-ում նույնիսկ Ջերմուկի ջրերի վրա ազդեցության հետազոտություն չի արվել:

Ըստ փորձագետի՝ Ամուլսարի աղբյուրներից երկու նմուշի հետազոտություն է արվել, մինչդեռ երկու նմուշով և մեկանգամյա արված հետազոտությամբ հնարավոր չէ պնդել, որ հանքարդյունաբերությունը ազդեցություն չի ունենա ջրերի վրա: «Ջրերն ունեն սեզոնային տատանումներ, որոնք չեն համընկնում սեզոնների հետ, Ամուլսարի գոտում այդպես է, և նման պատասխանատու հայտարարություն անելու համար պետք է 4 ջրաբանական սեզոններին անել»,- ասաց Ս. Մինասյանը:

Ինքը բոլոր սեզոններին նմուշառումներ է վերցնում, որպեսզի հստակեցնի հնարավոր ազդեցությունը ջրի որակի վրա: Չնայած փորձագետը քիմիական գիտությունների թեկնածու է, սակայն հաստատեց, որ այս հետազոտության համար իր հետ նաև երկրաբան է աշխատում:

Փորձագետի առանձնացրած հաջորդ խնդիրը փոշու ցրման շառավիղն է: Մոտ 600 հա-ի վրա տեղի են ունենալու մակաբացման պրոցեսներ, ապարներ են ջարդվելու, առաջացող փոշու զգալի` ավելի վտանգավոր մասը, ըստ Ս. Միասյանի, շատ ավելի մեծ շառավղով է տարածվելու: Դրա հետազոտություններն Ամուլսարում ինքը չի արել, բայց այլ հանքավայրերի, օրինակ, Սոթքի ոսկու հանքավայրում արած հետազոտության վրա հիմնվելով է անում այդ պնդումը: Սոթքի դեպքում հանքավայրից առաջացող մանր փոշին տարրածվում և հասնում է մինչև Վարդենիս քաղաք:

Այստեղից էլ բերքատվության անկում է կանխատեսում, քանի որ տեղացիներն այնտեղ վայրի բուսականությունն օգտագործելով են ապրում: Մեղուն մեղր է հավաքում շրջակա տարածքների ծաղիկներից:

«Փոշու տարածումը նաև միջնորդավորված ազդեցություն ունի Արփա գետի ջրերի վրա, որը կբերի գետի էկոհամակարգի փոփոխության: Կունենանք դեֆորմացված գետային էկոհամակարգեր, որն այս պահին դժվար է գնահատել»,- կարծում է Սեյրան Մինասյանը:  

Այսպիսով, ըստ քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանի, Ամուլսարի հանքավայրի ՇՄԱԳ-ում հանքավայրի և Ջերմուկի ջրի կապն ապացուցված չէ, տարածքի ջրային հատվածների վրա հնարավոր ազդեցությունը գնահատված չէ, գնահատված չէ փոշու ազդեցությունը մարդկանց և մշակաբույսերի վրա:

Հաջորդիվ հրավիրվեց նաև ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն,  երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը: Նա հայտարարեց, որ խիստ բացասական է իր կարծիքը Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ, որովհետև տեսել է անկառավարելի ռիսկեր, որոնք փորձ են արել թաքցնել, և որոնք այսօրվա տեխնիկական միջոցներով հնարավոր չէ շտկել:

«Ըստ իս, ելնելով այդ հանքավայրի տեղադիրքից` այդ հանքավայրը չպետք է շահագործվի, քանի որ շահագործումը վտանգելու է մեր ռազմավարական ջրերի պաշարը` Սևանը»,- ասաց Արմեն Սաղաթելյանը: Նա նշեց, որ ջուրը դարձել է տարածաշրջանի համար թիվ 1 տնտեսական ռեսուրս, որը վտանգելն անթույլատրելի է:  

Այստեղ արմատական խնդիրը, ըստ գիտնականի, ջրերի որակի փոփոխությունն է, իսկ դա անմիջական կապ ունի Սևանի հետ:

Դատարանին առավել մանրամասնելով՝ Ա. Սաղաթելյանը բացատրեց, որ հանքի շահագործումն առաջացնելու է թթվային դրենաժ, ջրերի գոյացություն, որոնց մեջ լինելու են տարբեր ծանր մետաղների գոյացություններ, և դրանք խորը հորիզոններ են ներթափանցելու: Այդ ջրերը ոչ կենտրոնացված գնալու են տարբեր ուղիներով` աղբյուրների, ճեղքային ջրերի տեսքով դուրս գալով մակերևույթ, արդյունքում մենք չենք ունենա պիտանի խմելու ջուր, աղբյուրները կզրկվեն որակյալ ջրից, անասունները խմելու ջուր չեն ունենա:

«Ամենալուրջ խնդիրը թթվային դրենաժն է, որն անկառավարելի ռիսկ է»,- հայտարարեց փորձագետը:  

Նա նաև հիշեցրեց, որ այս նախագծով սնդիկի արտանետումներ են լինելու, մինչդեռ Հայաստանը վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան», որով նոր պարտավորություն է ստանձնել, իսկ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանը կխախտի իր պարտավորությունները:

Ա. Սաղաթելյանն ասաց, որ պետպատվերի շրջանակներում պատրաստ է լուրջ հետազոտություն իրականացնել, իսկ առանց ռեսուրսների՝ սահմանափակ կարելի է միայն կարճատև մոնիտորինգային հետազոտություն անել շահագործումից հետո: 

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը նույնպես հրավիրված էր դատարան: Նա պատմեց, որ իրենց ուժերով այցելել են Ամուլսարի հանքավայրի տարածք, չնայած չեն թույլատրել մտնել բուն տեղամասը, սակայն հարակից տարածներից հայտնաբերվել են Կարմիր գրքում գրանցված ոչ թե մեկ բուսատեսակ, ինչպես նշված է եղել ՇՄԱԳ-ում, այլ մի քանի բուսատեսակներ և կենդանատեսակներ:

Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ կառավարության որոշմամբ միայն մեկ բուսատեսակ է հայտնաբերվել և տեղափոխվել այլ տարածք:

Դատավոր Կարեն Զարիկյանի, հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի և էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Սայադ Բադալյանի միջև քննարկվում էր այն հարցը, թե արդյոք արժե անձին առաջադրել այն հարցերը, որոնց վերաբերյալ փորձագետներն արդեն ունեն վերլուծություն կամ հրապարակած հետազոտություն, և արդյոք նույնը կրկնօրինակելը հավելյալ ժամանակի և ձգձգման պատճառ չի դառնա:

Սայադ Բադալյանն էլ ընդդիմանում էր հրավիրվածներին որպես փորձագետ ընդգրկելու և նրանցից փորձագիտական եզրակացություններ ստանալու հայցվոր կողմի նախաձեռնությանը: Նա պնդում էր, որ այս փորձագետներն արդեն բազմաթիվ հարցազրույցներ, հոդվածներ են հրապարակել, որտեղ արտահայտել են իրենց դիրքորոշումը և չեն կարող օբյեկտիվ փորձագետ լինել: Հայկ Ալումյանն էլ պնդում էր, որ Ամուլսարի հարցին անտեղյակ և դրա վերաբերյալ որևէ կարծիք չունեցող գիտնական գտնել Հայաստանում հնարավոր չէ, եթե հնարավոր լինի, ապա նա իր անտեղյակությամբ արդեն չի կարողանա փորձագետ դառնալ: Ս. Բադալյանը պնդում էր, որ պարտադիր չէ, որ կողմերի ներկայացված դիրքորոշումն ունենա փորձագիտական անվանումը, այլ կարող է լինել մասնագիտական կարծիք:

Օբյեկտիվությանն անդրադառնալով՝ Արմեն Սաղաթելյանն այստեղ նկատեց, որ եթե մեկ տարի առաջ «Լիդիանը» ժխտում էր դրենաժային ջրերի խնդիրը, ապա այս տարի արդեն տեխնոլոգիական լուծումների մասին է խոսում: Այսինքն` իրենց պնդումներն արդարացի և ճշմարիտ են եղել:

Արմեն Սաղաթելյանին առաջադրվեց 4 հարց, որոնց պատասխանելու համար գիտնականը երկու շաբաթ ժամանակ խնդրեց: Կարեն Մանվելյանը ներկայացնելու է իր կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունը Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի վերաբերյալ: Սեյրան Մինասյանի ներգրավվածությունը կորոշվի հաջորդ նիստին:

Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ իրենք ևս պատրաստվում են մասնագետներ ներգրավել, այդ թվում՝ օտարերկրյա: Հայկ Ալումյանը խնդրեց, որ այդ անձանց մասին նախօրոք իրենց տեղեկացնեն, որպեսզի կարողանան որոշակի աշխատանքներ կատարել այդ անձանց ինքնության, մասնագիտական կարողությունների և այլնի մասին կարծիք կազմելու համար: Դատական նիստն այսօր հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 7-ին:  

Մեկնաբանություններ (2)

Մանաս
Բազմիցս գրվել է մամուլում որ բն.նախն ու էներգետիկայի նախ.ը (մինչ հեղափոխությունը) զբաղվել են լիցենզիա վաճառելով, կեղծարարությամբ ու հանքահենությամբ: Հիմա բուլկին, այվազն ու մյուսները չկան, բայց դրանց մանր ու մեծ պոչերը ամեն կերպ փորձում են կոծկել կատարած այլանդակությունները: Միթե հասկանալի չէ թե ի՜նչ է տեղի ունենում: Դրանց նախիրները նախ ցրել ու պատժելէր հարկավոր միչեւ վերջին դռնապահը:
Վիգէն
Ամուլսարի պարագան պարզապէս մի յաւելեալ ապացոյց է առ այն, թէ ինչո՞ւ Հայաստանին պարտադրուեց «ունիտար» պետական համակարգ. դրսի աշխարհը ուզում է միայն մէկ հասցէի հետ գործ ունենալ, մէկ հոգի կաշառել եւ իր ալան-թալանն անել։ Կենտրոնն ստորագրել է պայմանագիրը, փողերը իւրացրել, իսկ հաշուեցոյցը պիտի վճարեն տեղական համայնքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter