HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մասիսի քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցի ընթացքում հայտնեց փաստաբան Զորայր Հարությունյանը։

Կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք ենք ներկայացրել նաեւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի համար։ Դատարանը Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի եւ մասնակի բավարարել միջնորդությունը՝ սահմանելով 2 մլն դրամ գրավ։

Փաստաբան Զորայր Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ վերաքննիչ դատարանի որոշումը Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ անսպասելի է եղել։ Ըստ փաստաբանի՝ որեւէ հիմնավոր փաստարկ չի եղել Մասիսի քաղաքապետին կալանքի տակ պահելու համար։

«Նման պայմաններում անձին կալանքի տակ թողնելը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, այլ սկսում է նմանվել քաղաքական հետապնդման...Մասիսի քաղաքապետի անազատության մեջ գտնվելը արդեն վաղուց դուրս է քրեական գործի շահերի շրջանակներից և իրենից ներկայացնում է ապօրինի, եթե չասեմ, նաև քաղաքական հալածանք»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում էր կայացրել կալանավորել Մասիսի քաղաքապետին եւ նրա եղբորը։ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն։

Հունիսի 25-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին ներգրավված է եղել Դավիթ Համբարձումյանը։

Մասիսի քաղաքապետին նաև մեղադրանք էր առաջադրվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter