HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հոկտեմբերի 21-ին Էջմիածնում, Արմավիրում և Լուսաշողում արտահերթ ընտրություններ կլինեն

Կառավարության այսօրվա նիստում հանրապետության երեք համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումներ ընդունվեցին:
Մասնավորապես՝ հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այդ ընտրության համար Կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը կհատկացվի 2,7 մլն դրամ՝ գրասենյակային նյութերի և կապի ծառայությունների համար։
Նշենք, որ Արմավիրի համայնքապետ Ռուբեն Խլղաթյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի մարտի 15-ի ընտրություններում և այս տարվա հունիսի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հոկտեմբերի 21-ին նոր քաղաքապետ կընտրեն նաև Վաղարշապատում (Էջմիածին)։ Այստեղ անցկացվելու է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, քանի որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ից համայնքը ղեկավարող Կարեն Գրիգորյանը հունիսի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Գրիգորյանը հրաժարական տվեց պատգամավոր հոր՝ Մանվել Գրիգորյանի առանձնատներում ԱԱԾ կատարած բացահայտումներից հետո։

Էջմիածնի արտահերթ ընտրությունների համար Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4,6 մլն դրամ։

Արարատի մարզի Լուսաշող համայնքում ևս հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է լինելու։ Լուսաշող համայնքի ղեկավար Հարություն Հարությունյանը հունիսի 25-ին հրաժարական էր ներկայացրել։ Նա համայնքապետ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ի ընտրություններում։ Թե որքան գումար կհատկացվի այս համայնքում ընտրությունների կազմակերպման համար, հայտնի չէ. Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի՝ գործադիրին ներկայացրած փաստաղթղթերում այդ ծախսերի մասին տեղեկություն չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter