HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան»

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հուլիսի 25-ին չհայտարարված այց են իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։

Ինչպես տեղեկացնում է ՄԻ Պաշտպանի աշխատակազմը, այցի ընթացքում ստուգվել են ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած առաջարկությունների իրացման վիճակը, բնակության ու սանիտարահիգիենիկ պայմանները և այլ հարցեր։

Արձանագրվել է, որ զեկույցում բարձրացված որոշ խնդիրներ լուծում են ստացել. Կացարանում բնակության ներքին կարգապահական կանոնները թարգմանվել են 4 լեզվով՝ արաբերեն, պարսկերեն, անգլերեն և ռուսերեն, խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը բարեկարգվել է։ Վերանորոգվել և կահավորվել է նաև երեխաների խաղասենյակը:

Այնուամենայնիվ, արձանագրվել է, որ լուծված չէ կրոնական կամ ազգային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ սննդի հարցը: Առանձնազրույցների ընթացքում ստացվել են տեղեկություններ կացարանի սանիտարահիգիենիկ և կենցաղային պայմանների անբավարարության, բնակիչների միջև միջանձնային խնդիրների պատճառով կոնֆլիկտների առկայության վերաբերյալ և այլն: Պաշտպանի աշխատակազմը վերջին հարցում համագործակցում է նաև Ոստիկանության հետ, ինչպես նաև բոլոր դեպքերում՝ Միգրացիոն ծառայության ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ։

Այցի ընթացքում կացարանում բնակվող անձանց պարզաբանվել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, Պաշտպանի լիազորությունները, դիմելու և բողոքի քննարկման ընթացակարգը:

Այցի արդյունքների ամփոփմամբ կձեռնարկվեն արձանագրված խնդիրների լուծմանը նպաստելուն ուղղված քայլեր։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter