Շաբաթ, 22 սեպտեմբերի

ՀՔԾ պետ․ «Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է»



Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության պարագայում նա կարող է ապօրինի ազդեցություն գործել վարույթն իրականացնող անձանց վրա։ Այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Խաչատրյանը։

«Խափանման միջոցն ընտրվում է` ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում: Հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ պատշաճ վարքագիծն ընդամենը փախուստի դիմելու հարցն է, բայց մոռացվում է, իմ կարծիքով, առավել կարևոր հանգամանք՝ վարույթին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելը։ Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով` ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք են նախաձեռնել՝ դիմելու գլխավոր դատախազին, որպեսզի փոխվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, և նա ազատ արձակվի։

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այս գործը քաղաքական հետապնդում են որակում՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքն իրավական տեսանկյունից անգրագետ է, Սասուն Խաչատրյանը պատասխանեց․ «Ես չեմ իջնում իրենց մակարդակին և անձնական վիրավորանքներ չեմ ցանկանում ասել։ Մեր մեղադրանքի որոշումն այնքան հստակ, պարզ է ու հիմնավորված, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի են, նաև` ինչ-որ տեղ ծիծաղելի նման մանիպուլյացիաները»։

Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ։
«Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, ինչն արգելված է ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ։ ԶՈՒ-ի ներգրավումը կարող է լինել միայն այն դեպքում, երբ հայտարարված լիներ ռազմական դրություն: Ինչպես գիտեք, ռազմական դրություն հայտարարված չի եղել»,- ասաց նա։

Խաչատրյանը խնդիր չի տեսնում նաև այն հարցում, որ երկրորդ նախագահը հրավիրվել է ՀՔԾ` վկայի կարգավիճակում, սակայն անմիջապես հետո նրան մեղադրանք է առաջադրվել։ «Քրեական դատավարությունը դինամիկ պրոցես է, ապացույցների ձեռքբերումը տեղի է ունենում անընդհատ, և անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների հիման վրա: Ենթադրենք` անձին այս պահին մեղադրանք առաջադրելու համար չկան անհրաժեշտ փաստեր, սակայն որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո կարող է առաջադրվել մեղադրանք»,-ասաց Խաչատրյանը։

Հարցին՝ հարցաքննվելո՞ւ են, արդյոք, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, ՀՔԾ պետն արձագանքեց, որ նման հարցերը որոշում է գործով քննիչը, սակայն հավելեց, որ եթե քրեական գործով բացահայտման ենթակա փաստերի մասին որևէ պաշտոնատար կամ նախկին պաշտոնատար անձ կարող է նշանակալի տեղեկություն հայտնել, ապա վերջինս հարցաքննվելու է։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ