HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տեքստիլ արտադրությամբ զբաղվող երկու ընկերություն արտոնություն ստացավ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկով կառավարությունն այսօր արտոնություն տվեց տեքստիլ արտադրությամբ զբաղվող «Լենտեքս» և «Հելլո» ընկերություններին:

Մասնավորապես՝ «Լենտեքս» ընկերությունը օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստան կներմուծի ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկը երեք տարի անց վճարելով։

«Լենտեքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին, Գյուրիում: Այն գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից մեկն է Հայաստանում:

Ընկերությունը Հայաստան է ներմուծելու 1 մլրդ 985 մլն դրամի բարձրորակ հումք՝ բարձր որակի տրիկոտաժե հագուստներ կարելու համար։

Ընկերությունը գործադիրին հայտնել է, որ նախատեսում է նոր տեսականու արտադրության միջոցով ավելացնել արտադրանքի ծավալները` ստեղծելով նոր աշխատատեղեր։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին «Լենտեքս» ՍՊԸ-ն կառավարությունից եւս մեկ արտոնություն էր ստացել։ Ընկերությանը թույլատրվել էր Չինաստանից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Ուզբեկստանից, Գերմանիայից Հայաստան ներմուծել 687 մլն դրամ արժողությամբ ապրանքներ՝ մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվելով:

Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ «Հելլո» ընկերությունը արտոնություն ստացավ։ Այդ արտոնության շրջանակներում ընկերությունը օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը Հայաստան կներմուծի ապրանքներ` ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը 322 մլն դրամ է։

Ընկերությունը նախատեսում է այդ ներդրման շրջանակներում ձեռք բերել բարձրորակ հումք՝ կրկին տրիկոտաժե հագուստեղեն կարելու համար։ «Հելլո»-ն կառավարությանը խոստացել է ստեղծել 30 նոր աշխատատեղ` այն հասցնելով 123-ի` 106 հազ․ դրամ միջին աշխատավարձով։

«Հելլո» ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի մարտին, զբաղվում է տեքստիլի արտադրությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter